View Static Version
Loading

Ջրային խնդիրները սահմանամերձ գյուղերում Կյանքը պատերազմից հետո․ Գեղարքունիքի մարզ

2021-ի մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինծառայողները Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա բնակավայրերի տարածքում հատեցին Հայաստանի պետական սահմանը և առաջխաղացում ունեցան։

Ավելի ուշ նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգեց, որ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, քանի որ ադրբեջանական զինծառայողները տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում։

44-օրյա պատերազմից շուրջ երկու տարի անց Գեղարքունիքի մարզում շարունակում են չլուծված մնալ խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիրները։

44-օրյա պատերազմից առաջ Գեղարքունիքի մարզն ունեցել է երկու սահմանամերձ բնակավայր՝ Ճամբարակը և Վահանը։ 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ են դարձել ևս 6 գյուղ՝ Ներքին Շորժան, Վերին Շորժան, Սոթքը, Ազատը, Կութը և Նորաբակը:

Վերին Շորժայի բնակիչ Տոֆիկ Պողոսովան գնում է խմելու ջուր բերելու

Վերին Շորժա գյուղի բնակիչ Տոֆիկ Պողոսովան օրը մի քանի անգամ դույլերը ձեռքին գնում է աղբյուրից ջուր բերելու։ Տոֆիկը տեղի ֆերմայում է աշխատում, ամուսնու հետ անասնապահությամբ են զբաղվում։ Եթե անասնապահությունը չլինի, չգիտի՝ ինչ պետք է անի, քանի որ ֆերմայի տերն իրենց կենդանիների խնամքի համար է վճարում։

«Խմելու ջուրը կեղտոտ է գալիս, մենք այդ ջրից չենք խմում, տան գործերն ենք անում։ Վերևում մաքուր ջուր է գալիս, այնտեղից ենք ջուր բերում։ Այն էլ այնքան հեռու է, 65 տարեկան կնիկ եմ մինչև գնում-գալիս եմ, ոտքերս ցավում են»,- ասում է Տոֆիկը։

Տոֆիկ Պողոսովա, Վերին Շորժա գյուղի բնակիչ

Վերին Շորժայում հիմնականում սարվորներն են (անասուններին սարը տարած, այնտեղ խնամող մարդ) բնակվում։

Տոֆիկի խոսքով՝ սարի գլխին մեծ դժվարությամբ են ապրում, բնակավայրում չկա ո՛չ գազ, ո՛չ խանութ, իրենք ցուցակ են գրում, ֆերմայի տերը ցուցակով իրենց անհրաժեշտ մթերքներն է բերում։

«Տրանսպորտ, խանութ չունենք, օրինակ, որ ձմեռը հիվանդանաս, պետք է շտապօգնություն կանչես, շտապօգնությունն էլ գալիս է վերևի գյուղում կանգնում, այդտեղից հիվանդին տրակտորով, թե ինչով կտանեն՝ չգիտեմ»,- ասում է Վերին Շորժայի բնակիչը։

ՄԻՊ-ի գրասենյակից «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի հարցմանն ի պատասխան հայտնում են․ «Ադրբեջանական զինծառայողների առաջխաղացման արդյունքում սարատեղիում գտնվող ջրամբարը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, ինչի պատճառուվ տարածաշրջանի գյուղական բնակավայրերում՝ Վերին Շորժա, Այրք, Շատջրեք, Ջաղացաձոր և այլն ջրից անվտանգ օգտվելու կենսական կարևոր նշանակության խնդիրներ են առաջացել։ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Ալ Լճերից սնուցվող ջրահավաք ավազաններ, որոնք ապահովում են Վարդենիսի համայնքների որոշ գյուղական բնակավայրերի խմելու ջրի պաշարները, սակայն ներկայում մի շարք վտանգավոր ազդեցությունների հետևանքով առկա է վտանգ մարդկանց կյանքի և առողջության պահպանման, բարենպաստ շրջակա միջավայր ապահովելու համար։ Նորաբակ գյուղական բնակավայրի խմելու ջրի ավազանները գտնվում են սահմանային տարածքում և ստեղծված իրավիճակում նշված տարածքներում աշխատանքներ կատարելը դարձել է վտանգավոր»։

Վերին Շորժայի հարակից՝ Ներքին Շորժա գյուղում գյուղացիները մեքենայով հարակից համայնքից են ջուր բերում։

Ներքին Շորժայի բնակիչ Մանյակ Յավրյանի խոսքով՝ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չունեն, քանի որ գետից է ջուրը գալիս, բայց խմելու ջուր ընդհանրապես չունեն։ Մանյակն ու ամուսինը նույնպես անասնապահությամբ են զբաղվում։ Նրանք միայն ձմռան երկու ամիսներն են գյուղում անցկացնում, մնացած ամիսներին բնակվում են Ներքին Շորժայում։

«Մեքենաները, որ գալիս են կաթ տանելու, ասում ենք մեզ ջուր են բերում։ Ակունք գյուղից, Վարդենիսից բակերով (տարա) ջուր են բերում»,-ասում է Մանյակ Յավրյանը։

«Ադրբեջանի զորքերի առաջխաղացման հետևանքով Սոթք, Նորաբակ, Գեղամաբակ և Ջաղացաձոր բնակավայրերի աղբյուրները, որոնց վրա պետք է կառուցվեին խմելու ջրի ջրառներ՝ հայտնվել են ադրբեջանական դիտարկման գոտում, միևնույն ժամանակ հայտնում ենք, որ նշված բնակավայրերում խմելու ջրի հետ կապված խնդիր չկա։ Ինչ վերաբերում է ոռոգման ջրի հասանալիությանը, ապա նշենք, որ վարելահողերը ոռոգվում են մասնակի»,- նշված էր Գեղարքունիքի մարզպետարանի պատասխան գրության մեջ։

Նորաբակ գյուղի բնակիչ Տաթև Մալումյանն ասում է, որ խմելու ջրի հետ կապված խնդիրներ չկան, բայց խմելու ջուրը մաքուր չէ։

«Գարնանից սկսած խմելու ջուրը մաքուր չի լինում, որովհետև առվաջրեր են խառնվում, տեսանելիորեն երևում է, որ մաքուր չէ։ Պատերազմից առաջ ծրագիր կար, որ նոր ջրագիծ պետք է այստեղ անցկացվի, անգամ սարքավորումներ էին բերել, բայց որ պատերազմը սկսվեց, արդեն հավաքեցին, գործը կիսատ մնաց»,- ասում է Տաթև Մալումյանը։

Նորաբակի ղեկավար Վազգեն Ասատուրյանի խոսքով՝ ջուրը չի բավարարում, իսկ գյուղում հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ են զբաղվում։

«Խմելու ջուրը խնդիր է, հին ջրագիծ է, նորմալ չի աշխատում, նոր ջրագիծը մնաց անավարտ, այսինքն մեր բոլոր կապտաժները (ստորերկրյա ջրերը հավաքելու ու կենտրոնացնելու համար նախատեսված կառույցներ) մնացին թուրքի մոտ։ Նույնն էլ ոռոգմանն է․ առուները մաքուր չեն, մի մասը մեր կողմն է, մի մասը՝ իրենց»,- նշում է գյուղի ղեկավարը։

«Կանաչ Հայաստան» ՀԿ-ն դիմել էր Վարդենիսի համայնքապետարանին՝ հասկանալու համար, թե 2020-ին որքան գումար է ծախսվել նոր ջրագծեր կառուցելու համար և ի՞նչ փուլում են գտնվում դրանք։ Վարդենիսի համայնքապետարանից պատասխանել էին․ «2020-ին Նորաբակ բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվել է խմելու ջրի արտաքին ցանց։ Արտաքին ցանցը կառուցելու համար ծախսվել է 37 միլիոն 400 հազար դրամ, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով մեկ փողոցի խմելու ջրի ջրագծի արտաքին ցանցի աշխատանքները կատարվել են 74%-ով (27 միլիոն 800 հազար դրամ), քանի որ ջրամատակարարման աղբյուրը գտնվում է թշնամու նշանառության տակ»։

Այսինքն, 2020-ին սուբվենցիոն ծրագրով գումար է ծախսվել խմելու ջրի արտաքին ցանց կառուցելու համար, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով մեկ փողոցի խմելու ջրի ջրագծի արտաքին ցանցի աշխատանքները այդպես էլ մնացել են անավարտ։

Ազատ գյուղի բնակիչները ևս բողոքում են ջրի որակից։ Գյուղի բնակիչներից Նաիրա Կիրակոսյանը նշում է, որ ջրից անգամ փորացավի և սրտխառնոցի դեպքեր են եղել։

«Մեր խմելու ջուրը կեղտոտ է, մառլեայով (ցանցկեն գործվածք) քամում ենք, հետո խմում։ Անձրևների ժամանակ ջուրը ցեխոտ է գալիս, սարերի վրայից է գալիս, կեղտոտ է, քանի որ կենդանիներն էլ ջրի մեջ մտնում»,-ասում է Ազատ գյուղի բնակիչ Նաիրա Կիրակոսյանը։

Ազատի գյուղի բնակիչները ցույց են տալիս ջուրը ֆիլտրելուց հետո մնացածը

Հայաստանի բնակչության շուրջ 73%-ի խմելու ջրի սպասարկման ծառայություններն իրականացվում են «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից, բայց կան մի շարք բնակավայրեր, որոնք սպասարկում են տեղական ինքնակառավարման մարմինները։

«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի հարցմանն ի պատասխան Ջրային կոմիտեից հայտնում են՝ վերը նշված համայնքները սպասարկվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

«Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Շողակաթ, Արտանիշ, Ջիլ, Կարճաղբյուր, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Այրք, Շատջրեք, Ճակատեն, և Ազատ բնակավայրերում Ջրային կոմիտեն չունի իրեն ամրակցված խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, իսկ առկա ենթակառուցվածքները հանդիսանում են համայնքային սեփականություն և սպասարկվում ու շահագործվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից»,- ասված է Ջրային կոմիտեի պատասխան գրությունում։

Վերը նշված գյուղերի բնակիչների խոսքով՝ խմելու ջուրը չի քլորացվում, դրանք մաքրվում են բնակիչների և համայնքապետարանի ջանքերով։

Կութ գյուղի ջրային ռեսուրսներն ադրբեջանական վերահսկողության տակ չեն, բայց մոտ են գտնվում դիրքերին, ինչի պատճառով առաջացել են մի շարք խնդիրներ։

Կութ գյուղի բնակիչների կարծիքով՝ վտանգ կա, որ կարող են ջուրը թունավորել։

Կութ գյուղի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը նշում է, որ ներկա պահին սահմանի հետ կապված ջրի խնդիր գյուղը չունի, ջրերը մատչելի չեն հակառակորդի համար, բայց ոռոգման ջուրն արդեն հոսում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից։

«Սահմանի հետ կապված ջրի խնդիր չունենք, հատկապես խմելու ջրի, քանի որ կապտաժ կոչվածները հեռու են դիրքից և մատչելի չեն հակառակորդին։ Հիմնականում ոռոգման ջրերն են ձորերով գալիս, իրենց վերահսկողության տակ անցած տարածքներից են գալիս, բայց անցած տարի խնդիրներ չեն եղել»,- ասում է Գրիգորի Ավագյանը։

«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ն դիմել էր Առողջապահության նախարարությանը՝ հասկանալու համար՝ ջրի որակի հետ կապված ստուգումներ իրականացվում են վերը նշված համայնքներում, թե ոչ, ինչին ի պատասխան ԱՆ-ից հայտնել էին․ «Խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն ապահովվում է ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպության կողմից։ Միաժամանակ հայտնում ենք, որ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող խմելու ջրի մշտադիտարկման արդյունքում, սույն թվականին իրականացված հետազոտությունների արդյունքում նորմերով սահմանված հետազոտվող ցուցանիշների անհամապատասխանություններ չեն արձանագրվել»։

Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, ապա Ջրային կոմիտեից հայտնել էին, որ Սոթք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կարճաղբյուր, Այրք, Ազատ, վարչական շրջանների ոռոգման ջրի մատակարարումն իրականացվում է «Գեղարքունիք» ՋՕԸ-ի «Վարդենիս» տեղամասի կողմից։ Իսկ Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Շատջրեք, Շողակաթ, Արտանիշ, Ջիլ վարչական շրջանները չեն գտնվում «Գեղարքունիք» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում, որոշներն ունեն ոռոգման լոկալ աղբյուրներ։

Սոթքում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու համար ջրագիծ է կառուցվել, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով ջրագծի կառուցման աշխատանքներն անավարտ են մնացել։ Սոտքում խմելու ջրագիծ կառուցելու համար հատկացվել է 55 միլիոն 200 հազար դրամ, աշխատանքների 70%-ն (38 միլիոն 640 հազար դրամ) իրականացվել է, սակայն ջրագիծը չի գործում, քանի որ գտնվում է թշնամու դիտարկման տակ։

Սոթքի բնակիչ Թերեզա Կարոյանի խոսքով՝ իրենց թաղամասում բոլորը ջրի խնդիր ունեն։

«Մեր թաղամասին ջուրն ընդհանրապես խնդիր է, բոլորը բոչկա (տարա) են դրել, նասոս (ջրապոմպ) են դրել, որ հազիվ օգտագործվի։ Սարքել ենք բաղնիքը, բայց նասոս պետք է քաշենք, որ բարձրանա, անընդհատ նասոս պետք է միացնենք, առանց նասոս չի լինում։ Ոռոգումն էլ գետի ջրով ենք անում։ Դրսից ջուր եմ բերում, տաշտով ափսեները լվանում»,- ասում է Թերեզա Կարոյանը։

Սոթքի բնակիչ Թերեզա Կարոյանը ցույց է տալիս, թե ինչպես են ջուր վերցնում

Սոթք գյուղի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը վստահեցնում է, որ բոլոր ջրամբարները փակ են և թունավորման առումով որևէ վտանգ չկա։ Գյուղում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու համար նոր ծրագրեր են իրականացնում։

«Այլընտրանքային նոր աղբյուրներ կան, որտեղից պետք է Սոթք ջուր մատակարարվի, այս տարվա սուբվենցիոն ծրագրերով ենք կառուցելու»,- ասում է Սոթքի վարչական ղեկավարը։

Մասնագիտությամբ հիդրոտեխնիկ Հոմերոս Սաֆարյանը, անդրադառնալով ջրի հետ կապված վտանգներին՝ նշում է․ «Վտանգներ չեն կարող լինել բնական աղբյուրների հետ կապված, ռիսկեր կարող են լինել միայն ջրարբիացման աղբյուրների հետ կապված»,- բացատրում է Հոմերոս Սաֆարյանը։

Վարդենիսի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Հայկ Դավեյանը, անդրադառնալով Վարդենիս համայնքում խմելու և ոռոգման ջրի հասանելիության, ջրի որակի հետ կապված խնդիրներին, նշում է, որ խմելու ջրի ենթակառուցվածքները շատ բնակավայրերում կառուցվել են ԽՍՀՄ տարիներին, դրանց մաշվածության հետևանքով ջրի որակն այնքան էլ լավ չէ, բայց իրականացվում են մի շարք ծրագրեր՝ այդ ենթակառուցվածքները ներկայիս չափանիշներին համապատասխանեցնելու համար։

Այսպիսով, 44-օրյա պատերազմից և 2021-ի մայիսին ադրբեջանական զորքերի առաջխաղացումից հետո Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի ջրահավաք ավազաններն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ կամ գտնվում են չեզոք գոտում, ինչն անհնարին է դարձրել բնակիչների և համայնքապետարանի կողմից դրանց մաքրումը, որոշ դեպքերում օգտագործումը։ Խնդիրները կապված են նաև այն հանգամանքի հետ, որ համայնքներում դեռևս ջրամատակարարումն իրականացվում է խորհրդային տարիներից մնացած խողովակներով։ Այդ խողովակներն արդեն հնացած են և բնակիչները բողոքում են ջրի մաքրությունից։ Ըստ Ջրային կոմիտեի պատասխանի՝ որոշ համայնքներում ջրի սպասարկումն իրականացնում է համայնքապետարանը, որոշ համայնքներ օգտվում են տեղական աղբյուրներից, արդյունքում, բնակիչների խոսքով՝ իրենք սեփական ուժերով են նախաձեռնում ջրի մաքրման աշխատանքները, խմելու ջուրը չի ֆիլտրվում, չի քլորացվում։ Ոռոգման ջրի հետ կապված ևս խնդիրներ կան, մի շարք մարզերում ոռոգման ջուրը ներհամայնքային վեճերի պատճառ է դառնում, քանի որ ջրին մոտ բնակվողները առատորեն օգտագործում են ջուրը և մյուս բնակիչներին այն չի հասնում։

Լրագրող՝ Շուշան Ստեփանյան

Տեսանյութերն ու մոնտաժը՝ Թեհմինե Ենոքյան

Հրապարկմանն աջակցել է Սոֆյա Մանուկյանը

Հոդվածը հրապարակվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ Սույն հրապարակման բովանդակության համար պատասխանատու է միայն «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ։

NextPrevious