Loading

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ «Պատկերացնո՞ւմ ես, անցնում ես Շուշիի կողքով ու չես մտնում․․․»

59-ամյա Ջուլիետտա Առուստամյանը երկու անգամ անցել է փախստականի դժվար ճանապարհով՝ թողնելով ամեն բան երբեմնի հայրենի բնակավայրում։ Ու չնայած մեծ դժվարություններին, չի հուսալքվում, շարունակում է աշխատել ու աջակցել այլոց։

«Մամ, կներես, որ չեմ գալիս։ Շիրիմդ մնաց Շուշիում․․․ քո շիրիմը, պապայի, քույրիկի․․․

Մամ, ամեն բան մնաց Շուշիում․ կապերը, ծանոթությունները, սաղ մնաց էնտեղ․․․ ոչ մի բան չվերցրի. է՛լ ձեր նկարները, է՛լ երեխեքի օրագրերը, հիշում ե՞ս ինչ պարտաճանաչ էի գրում ամեն քայլերի մասին, ամեն սովորած նոր բառերը։ Պապայի՝ աքսորից վերադարձի գնացքի տոմսերը, որ էդքան խնամքով էսքան տարի պահել էիր, քո նվիրած ֆլեյտան, որ շատ թանկ ու դժվարությամբ էիր գնել, քամանչան, դաշնամուրս, իմ կիթառները, ընտանեկան վիդեոներ․․․ Տատիկի կախազարդը վերջին շրջանում հաճախ էի կրում, հիշում ե՞ս ինչքան էի սիրում, պատկերացնում ե՞ս, վերջին պահին դուրս գալուց դա էի ուզում գոնե վերցնել, էն էլ չգտա, ախր միշտ աչքիս առաջ էր։

Պատերազմի էդ տարում էնքան պահածո էի սարքել, մի հատ ազատ բանկա չէի թողել, մենակ հա չէր ստացվում էն իմ համով խառը թթուն դնելը, ամսի 27-ին ասեցի ինչ ուզում ա լինի պիտի անեմ։ Առավոտ շատ շուտ վեր կացա, սաղ լվացի, դասավորեցի բանկաների մեջ, մեկ էլ հո չդղրդաց․․․ հասկացանք, որ կռիվը սկսել է, մտածեցինք երևի մի քանի օր կտևի, բայց սկսվեց ու չի ավարտվում։

Հարևանը ավտոտնակում փոս էր փորել, սկզբից մտանք էդտեղ, բայց պայթյուններն այնքան մոտ էին ու այնքան սարսափելի, որ 3 տարեկան թոռս անվերջ գոռում էր վախից, հարսիկս լացում էր, հաջորդ օրն իրենց ուղարկեցինք Հայաստան։ Հետո մեր հեղինակային երգերի ակումբի սրահում հավաքվեցինք։ Բայց, երբ մշակույթի պալատի վրա գցեցին ռումբը, հասկացանք, որ էստեղ մեզնից բան չի մնա եթե ընկնի։

Գնացինք նկուղներ, սարսափելի վիճակ էր, ապաստարան որպես այդպիսին չկար, չնայած այդ պահին միակ ապահով տեղն էր, բայց մի օր էնպես դղրդաց, մտածեցինք՝ վերջ, քանդվեց ամբողջ շենքն ու մենք էլ դուրս չենք գալու, հետո իմացանք, որ կողքն էր խփել՝ հենց Ղազանչեցոցին․․․ էլ ապրելս չէր գալիս․․․

Հիմա, որ հետ եմ նայում, հիշում եմ, թե էդ խառը օրերին պայթյունների արանքում ոնց էի վազում տուն, թթվիս ջուրը եռացնում, լցնում բանկաներն ու էլի իջնում նկուղ։ Հոկտեմբերի 20-ին էլ ի վերջո փակեցի ու դուրս եկանք․․․

Մամ, հիշում ես, որ 88-ի ջարդերի ժամանակ Մինգեչաուրից մի ժամում հավաքվեցինք ու դուրս եկանք, մոռացանք վերցնել անգամ տատիկի արծաթե գոտին, որ էդքան սիրում էինք, այ նույն կերպ հիմա էր, տասը րոպեում էլի երկու տուն թողեցինք ու դուրս եկանք։ Աղջիկս հիվանդանոցում էր աշխատում, հիվանդանոցը ռմբակոծությունից շատ էր վնասվել ու չէին կարողանում աշխատել, երեխեն շատ ծանր էր տանում ամեն բան, ուզեցինք ուղարկել Հայաստան, բայց չգնաց։

Մա՛մ, վերջին անգամ Ավետարանոց գյուղի մոտ էինք գնացել համերգի` մեր հեղինակային երգերի ակումբով։ Էնքան լավ անցավ, մարդիկ էնքան բավականություն ստացան, էնքան սիրուն տեղ էր։ Հիմա էդ հատվածներն էլ մերը չեն։

Իսկ հիմա փորձում եմ ոչինչ չհիշել ու հետ չնայել, որպեսզի կարողանամ ապրել։ Երկու անգամ տուն կորցրեցինք, բայց հիմա նյութականի համար սիրտս չի ցավում, դա էլի հնարավոր է ստեղծել, իսկ մարդկային կյանքերը չես վերադարձնի, մի ամբողջ սերունդ ու հայրենիք ենք կորցրել․․․

Շուշիի տանս երիտասարդությունիցս գոնե նկարներ էին մնացել, հիմա դա էլ չունեմ։ Աղջկաս տասը օր էր մնում, որ երկու տարեկանը լրանար, երբ ամուսինս, իմ սիրուն, բարեկազմ ամուսինս զոհվեց, լավ էր գոնե պնդեցի, որ իրեն ամփոփեն Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում, թե չէ ինքն էլ հիմա Շուշիում կլիներ․․․

Մամ վերջին անգամ սեպտեմբերի սկզբին եկանք ձեր մոտ, ամբողջ խոտը մաքրեցինք, հատուկ նյութ լցրեցինք, որ մաքուր մնա, հույս ունեմ շատ խոտ չի լինի․․․

Պատերազմից հետո մի քանի անգամ գնացել ենք Ստեփանակերտ, պատկերացնո՞ւմ ես, անցնում ես Շուշիի կողքով ու չես մտնում․․․

Հիմա Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում ենք ապրում, որոշել ենք էստեղ չրանոց հիմնել, պիտի շարունակենք ապրել։ Հիմա Հայաստանում նաեւ վերագրանցեցի «Հարմոնիա» հասարակական կազմակերպությունը, որ զբաղվում էր տուժածների ու կանանց խնդիրներով, էստեղ ենք վերագրանցել, փորձում ենք տարբեր ծրագրեր իրականացնել ու այլոց օգնելով՝ ինքս ինձ ապրեցնում եմ։

Մամ, շատ եմ կարոտում, կգամ մի օր գերեզմանիդ, երևի… »

Հեղինակ՝ Գոհար Աբրահամյան

Լուսանկարները՝ Փիրուզա Խալափյանի

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / «Հոդված 3» ակումբ / Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ