21-ամյա Լենա Միրզոյանը Արարատի մարզի Ղուկասավան համայնքից է։ Ինչպես ինքն է ասում՝ ո՛չ անունով, ո՛չ էլ ազգանունով չի տարբերվում որպես եզդի, դրա համար էլ ծանոթության հենց սկզբից ներկայացնում է ազգությունը, որով միշտ հպարտանում է։ Լենան իր համայնքի եզակին է, ով «համարձակվել է» ստանալ բարձրագույն կրթություն և այժմ համալսարանական ուսմանը զուգահեռ վարում է ակտիվ կյանք, մասնակցում է ուսանողական բազմաթիվ նախաձեռնությունների, ինչպես նաև դասավանդում է Ղուկասավանի դպրոցում ու մոտիվացնում նաև այլոց։
«Հիմա դու առօրյա գործերից, մեծ ընտանիքի հոգսերի բեռից կքած, կիսափակված աչքերով լրահոսն ես թերթում ու ես հույս ունեմ, որ կհանդիպես նաև նամակիս։ Գրում եմ քեզ, որ կիսվեմ իմ պատմությամբ՝ հույսով, որ այն վարակիչ կդառնա, ու գոնե դու, որ վաղ ամուսնության, կրթություն չստանալու հետևանքով տեսել ես այդքան դժվարություն, զավականերիդ համար կփորձես կառուցել այլ ապագա։
Արդեն հարյուր տարուց ավելի է Ղուկասավանում հայերի հետ եզդիներ են ապրում, բայց, ի տարբերություն հայերի, եզդիները բարձրագույն կրթության չեն դիմում, շատ հաճախ անգամ դպրոցն են կիսատ թողնում։
Մինչդեռ, ամեն անգամ նոր բան սովորելուց, ամեն անգամ համալսարանից տուն գալուց երանի եմ տալիս ինքս ինձ, որ ունեմ կրթվելու հնարավորություն։ Թեև, իմ ուղին էլ դյուրին չի եղել․ Ղուկասավանի 12-ամյա դպրոցն ավարտելուց հետո, չնայած հույս չունեի, բայց կարողացա ընդունվել համալսարան։
Գիտես, տանը ոչ ոք չգիտեր, որ պատրաստվում եմ բուհ ընդունվել, դպրոցական ընկերներս և ուսուցչուհիս էին ինձ առաջ մղել, ասում էին՝ պետք է սովորել, ես էլ՝ որոշեցի ռիսկի դիմել։ Մերոնք չէին թողնում գնալ մասնավոր պարապողի մոտ ու տեղյակ չէին, որ պարապում եմ բուհի համար։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիս առաջարկեց մեկ ամիս, օրվա մեջ գոնե մեկ-երկու ժամ հեռախոսով պարապեմ, որ քննությանը ներկայանալիս գոնե գիտելիքների որոշակի պաշար ունենամ։
Փոքրուց լավ եմ սովորել, բայց գիտելիքներս թարմացնել էր պետք ու այդպես մեկ ամիս թաքուն պարապում էի, երբ տանը հարցնում էին, ասում էի, որ դպրոցական քննությանն եմ պատրաստվում։ Միայն քննության օրը մամային ասացի, որ գնում եմ միասնական քննության։ Մաման իմ արկածները կիսող մարդ է, ու քանի որ չի ստացվում ինձ հետ պահելը, ստիպված հետս ամեն տեղ գալիս է, որ մի փորձանքի չբախվեմ։ Ու այդպես մայրս հետս եկավ քննության, հույս ուներ, որ հաստատ կտրվելու եմ, մինչդեռ ես հանձնեցի բոլոր քննություններն ու ընդունվեցի Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի բաժինը։
Համալսարանում շատերն են զարմանում, որ ծանոթության հենց սկզբից նշում եմ եզդի լինելուս մասին ու չեմ ամաչում։ Հավանաբար, հենց դրա համար էլ վաստակել եմ շատերի հարգանքն ու սերը։
Անդամակցում եմ ուսանողական խորհրդին, ամենուր ներկայացնում եմ իմ ազգին, բավական ակտիվ եմ և վայելում եմ ուսանողական կյանքի բոլոր օրերը։ Սակայն չեմ մոռանում նաև համայնքիս մասին։
Ղուկասավանի միակ դպրոցում սովորում է շուրջ 250 աշակերտ, որից 50-ը եզդի են։
Դպրոցում եզդիերենը դասավանդվում է խմբակի ձևաչափով, սակայն տևական ժամանակ դասավանդող չկար։ Անցյալ տարվանից ես ստանձնեցի այդ կարևոր աշխատանքն ու հիմա փորձում եմ դասերին մասնակցող երեխաների հետ կիսվել ինչպես գիտելիքներովս, այնպես էլ փորձով, կապերով։ Պարբերաբար տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, հանդիպումներ ենք ունենում ինչպես մեր համայնքի մեծանուն ներկայացուցիչների, այնպես էլ երեխաներին հետաքրքրող կերպարների հետ։ Թարգմանություններ ենք իրականացնում։ Երբ հրավիրվում եմ որևէ միջոցառման, երեխաներիս էլ ինձ հետ եմ տանում, որ դուրս գան գյուղից, ինչ-որ նոր բան սովորելու հնարավորություն ստանան, մոտիվացվեն ու հանկարծ չկոտրվեն։ Իսկ երբ իմանում ենք, որ որևէ մեկին թույլ չեն տալիս մասնակցել դասերին, միասին գնում ու զրուցում ենք ընտանիքի հետ։
Վստահ կարող եմ ասել, որ դպրոցը, համալսարանը ամենալավ բանն էր, որ կարող էր պատահել իմ կյանքում, ես պարզապես բավականություն եմ ստանում յուրաքանչյուր դասից, ու երազում եմ, որ իմ համայնքի շատ աղջիկներ այս հնարավորությունն ունենան, որը պետք է հենց մեր համայնքի զարգացման ու ավանդույթների պահպանման համար։
Թե՛ հորական, թե՛ մորական կողմից մաքուր եզդի ենք։ Ունեմ տատ ու պապ, մեծ քույր, որն ամուսնացել է ու փոքր եղբայր։ Ես շատ պահպանողական եմ, շատ եմ սիրում մեր բոլոր տոները, ավանդույթները, դրանք ինձ համար շատ կարևոր են, եթե հասել են դրանք մեզ, մենք կորցնելու իրավունք չունենք ու ամուր պահելով պետք է հասցնենք ապագա սերունդներին, սակայն կրթություն ստանալն ամենևին չի հակադրվում այս ամենին, հակառակը, կրթությունը միայն կարող է օգնել, հենց մեր կրոնն է հորդորում, որ կրթությունը պետք է լինի առաջնահերթ, ու այնքան շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ ընձեռեցին այդ հնարավորությունը։
Խնդրում եմ, դու էլ մանկուց սովորեցրու երեխաներիդ սիրել ու գնահատել կրթությունը, դա ամենահրաշալի բանն է։ Կրթությունը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում ու եթե դու ունես այդ զենքը, միշտ կարող ես առաջ գնալ։
Մեկ-մեկ մտածում եմ՝ ինչ ուզել եմ, ինչի մասին անգամ վախեցել եմ երազել, արդեն ունեմ, ու կարծես էլ ոչինչ պետք չի, սակայն միշտ մի բան առաջ է գալիս ու հասկանում եմ, որ դեռ շատ անելիքներ կան։
Հիմա էլ մտածում եմ հիմնել կազմակերպություն, որը կզբաղվի եզդի երեխաների ու կանանց հիմնախնդիրներով, իրավունքների պաշտպանությամբ։ Հույս ունեմ՝ կհաջողեմ ու հույս ունեմ, որ դու էլ քո զավակներին կրթության ու աշխատանքի միջոցով ճախրելու հնարավորություն կտաս»։