Պատմական ֆակուլտետ ընդունված ու զինվորական դառնալ երազող Հասմիկ Ղարագոզյանը Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մարտից:
Տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու փորձը ձեռք էր բերել դեռևս ծննդավայրից՝ Սիսիանի Հացավան գյուղից, որտեղ աշխատել է որպես աշխատակազմի քարտուղար։ Ամուսնալանուց հետո տեղափոխվել է Հալիձոր ու շարունակել աշխատել համայնքապետարանում, այժմ՝ խոշորացած Տաթև համայնքի ութ վարչական ղեկավարներից մեկն է։
«Գիտեմ, աղջի՛կս, քեզ դուր չի գալիս այն փաստը, որ ես չեմ կարողանում ամբողջ օրը ձեզ հետ անցկացնել։ Հասկանում եմ, որ ինչպես դու, այնպես էլ քույրդ ու եղբայրդ կուզենայիք տուն մտնելուն պես տեսնել ինձ, իսկ ես ինչքա՜ն կուզեի։ Հիմա բարդ կլինի ասածներս ընկալել․ դեռ ընդամենը 8 տարեկան ես, բայց մյուս կողմից այնքան մեծ ես, որ ինձ թույլ եմ տալիս խոսել քեզ հետ, ինչպես հավասարը հավասարի հետ կխոսեր։
Ես ձեր մանկությունը չեմ տեսել․ 2-3 ամսականից թողել եմ տատիկի մոտ ու էլի անցել աշխատանքի։ Տնից դուրս էի գալիս, երբ քնած էիք, վերադառնում էի՝ արդեն քնած էիք։ Հաճախ թևաթափ էի լինում, բայց գիտեի ու գիտեմ, որ հենց իմ աշխատանքի, իմ ու հայրիկիդ ջանքերի շնորհիվ դուք ավելի ուժեղ եք Ձեզ զգալու։
Իմ բռնած դժվարին ճանապարհին ես միշտ ունեցել եմ հայրիկիդ աջակցությունը։ Հուսով եմ՝ դուք էլ կյանքում ճիշտ ընտրություն կանեք ու Ձեր կողքին կլինի մարդ, որի համար կարևոր է ոչ թե համայնքի կարծիքն ու կաղապարները, այլ իր ընտանիքի երջանկությունը՝ հավասարությամբ, միմյանց հարգանքով ու փոխվստահությամբ։
Այս հարցում իմ ու ձեր բախտը բերել է, մեր կողքին լավ հայր ու լավ ամուսին է՝ ամեն հարցում աջակցող ու սատարող։ Չնայած, հայրդ առանձնապես կողմ չէր, որ այս պաշտոնն ու պատասխանատվությունը ստանձնեմ, բայց երբ անհրաժեշտ է ինքն էլ հետս է աշխատում, ջրագիծ է վնասվել կամ խողովակ է պայթել՝ ինքն է գնում իմ փոխարեն, և այդպես շատ այլ հարցերում ինքն է իր վրա վերցնում բեռը։
Աղջի՛կս, պիտի կյանքին ուժեղ մարդու հայացքով նայել։ Հազար անգամ հանրությունից լսել եմ՝ «սա քո տեղը չի, կնիքը հանձնի, թո՛ղ, գնա՛․․․ կամ, օրինակ, ասում էին՝ «հարյուրանոց մեխը բերելու ենք, համայնքապետարանի դուռը մեխենք»։ Երևի կհիշես էլ, որ հալիձորցիներն ասում էին «տեսեք՝ ինչ օրն ենք ընկել, սիսիանցին է եկել մեզ ղեկավարի», ես էլ փորձում էի հումորով պատասխանել՝ ես չեմ եկել, ինձ նշանակել են։
Եթե ես բավարար կամք չունենայի ու վստահ չլինեի, որ ճիշտ գործ եմ անում, պետք է ոչ միայն աշխատանքս թողնեի, այլև գյուղից հեռանայի։ Բայց փորձել եմ սառը դատել, սթափ նայել իրավիճակին, հասկանալ, որ այդ մեկ-երկու գոռացողները չեն ինձ նշանակել այս պաշտոնին, ինձ վրա պատասխանատվության բեռ է դրված ու ես պարտավոր եմ կիսատ չթողնել, շարունակել եմ կատարել իմ պարտականությունները։ Ես վստահ եմ, որ կյանքում ամեն ինչի հասել եմ իմ աշխատասիրությամբ ու ազնվությամբ, ուստի թուլանալու իրավունք ու, առավել ևս, պատճառ չունեմ։
Իսկ իմ աշխատասիրության ու էներգիայի աղբյուրը դուք եք՝ իմ երեխաները, իմ ընտանիքը։
Երևի նկատել ես, որ հիմա արդեն քննադատությունների այդ ալիքն անցել է, ավելին՝ եթե մի քանի օրով բացակայում եմ գյուղից, վերադառնալուց հետո բնակիչներից լսում եմ՝ «մեզ թողել ես անտեր-անտիրական ու գնացել»։
Ինչքան էլ հասարակությունը փորձի կնոջը ներկայացնել որպես թույլ կերպար, երբեք չհավատաս այդ միֆին։ Իմացիր՝ շատ դեպքերում կանայք ավելի համարձակ են, խստապահանջ և ուղղախոս։
Տարիներ շարունակ մեր գյուղը ղեկավարել է տղամարդ և հաճախ է եղել հարկերի հավաքագրման խնդիր, համենայնդեպս այն ընթացքում, ինչ ես ՏԻՄ ոլորտում էի։ Իսկ իմ ղեկավարման տարիներին գյուղում հարկերը հավաքագրվել են 100%-ով, իրականացվել են մի շարք ծրագրեր․ օրինակ, բարեկարգվել է գյուղապետարանի տարածքը՝ տարիներով հողի տակ մնացած ցանկապատը հողից հանել, բարձրացրել ու ներկել ենք, բարեկարգել ենք նաև կառուսելներն ու հարակից ողջ տարածքը։
Կին վարչական ղեկավար լինելն ունի իր առավելություններն ու դժվարությունները։ Ես բնավորությամբ ավելի համբերատար եմ, հավասարակշռված, շփվող, ինչն ինձ օգնում է բնակիչների հետ հաղորդակցվելիս։ Ամեն մարդու հետ պետք է իր լեզվով խոսել, մեկի հետ հումորով, մյուսի հետ ավելի խիստ տոնով․․․ փորձում եմ բոլորի հետ լեզու գտնել։
Ու կարճ ժամանակահատվածում մարդկանց համար ընդունելի դարձավ, որ կինն էլ կարող է ղեկավարել ու հնարավոր է՝ ավելի լավ, քան տղամարդը։ Ճիշտ է, այդ ծանր ապրումների հետևանքները նաեւ Ձեզ վրա են անդրադարձել, բայց կարևորը հաջող վերջնարդյունք է։
Սիրելիս, հիշիր մի պարզ ճշմարտություն․ մեր ապրած օրերը մեզ ապացուցում են, որ պետք չէ կոտրվել, պետք չէ ուղղակի երազել, պետք է նպատակ դնել երազանքին հասնելու համար։ Գիտե՞ս, ես հիմա ոչ թե երազում եմ լավագույն համայնքն ունենալու մասին, այլ նպատակ եմ դրել կառուցել մեր երազած համայնքը, որտեղ ապրում ենք մենք ու դեռ երկար ապրելու են մեր սերունդները»։