Loading

Երկու աշակերտի դպրոց Ջավախքում արտագաղթը շարունակվում է

Երեխաների ժխոր դպրոցի բակում, չարաճճիություն դասընկերների հետ, աղմուկ-աղաղակ դասի ժամանակ, այս և այլ դպրոցական սովորական առօրյան Ափնիայի և Թախչայի դպրոցների աշակերտները տեսել են միայն ֆիլմերում: Երեք տարի շարունակ այս կրթօջախներում դպրոցական առաջին զանգը հնչում է առանց առաջին դասարանցիների. Ջավախքի գյուղերը դատարկվում են կյանքի լավ պայմանների որոնումներում

Դեռևս երկու տասնյակ տարի առաջ այս գյուղում ապրում էր 106 մարդ, այսօր ընդամենը ՝ 20 բնակիչ
Թախչա գյուղի հանրային դպրոցը. այստեղ դպրոցական կրթություն է ստանում երեք երեխա, դասավանդում է 6 ուսուցիչ

Դասապրոցեսը մեկ կամ երկու աշակերտով Ջավախքի որոշ գյուղերի համար սովորական է դարձել, որն իր հետ բերում է բազում խնդիրներ: Այս տարի Ախալքալաքի շրջանի երեք՝ Ափնիա, Թախչա և Չամդուրա գյուղերի դպրոցներում առաջին զանգը հնչեց առանց առաջին դասարանցիների: Եթե ժամանակին զանգվածային արտագաղթի պատճառով գյուղերի դպրոցները դատարկվեցին, ապա հիմա այդ դատարկությունն ևս նպաստում է արտագաղթին

Արծվիկ Եփրիկյանը Թախչայի հանրային դպրոցի երեք աշակերտներից մեկն է: Նա սովորում է 4-րդ դասարանում: Միակ համադասարանցին հորաքրոջ որդին է։ Արծվիկը անգամ չի պատկերացնում, թե ինչպիսին կլիներ դպրոցի բակը և դասասենյակները շատ աշակերտներով։

Քրիստինե և Նարեկ Եփրիկյաններ, ապագա աշակերտներ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Թախչա գյուղում 6 ընտանիք է ապրում (20 մարդ)։ Գյուղում պայմաններ չլինելու պատճառով տարիների ընթացքում բնակիչներն արտագաղթել են այլ երկրներ՝ իրենց հետևից թողնելով հերթական կողպված դուռը: Գյուղում ապրում է մի բազմազավակ ընտանիք, որտեղ 6 երեխա է մեծանում: Նրանցից մեկն էլ գյուղի դպրոցի երեք աշակերտներից մեկն է: Այս ընտանիքը ևս երկու տարի կապահովի գյուղի դպրոցն առաջին դասարանցիով, հաջորդ՝ 2023-ին և 2025-ին: 2024-ին ևս գյուղը կունենա առաջին դասարանցի, որն արդեն մեկ այլ ընտանիքի հաշվին:

Բոլորը գնացին, մի քանի ընտանիք ենք մնացել, այդ մնալն էլ հարաբերական է, որովհետև տարեցները ձմռանը գնում են իրենց երեխաների մոտ և միայն ամռանն են վերադառնում գյուղ: Մարդիկ տեսան, որ այստեղ բան չկա, թողին գնացին Ռուսաստան, Հայաստան... արտագաղթեցին, - ասում է գյուղի երիտասարդ բնակչուհի Վարդուհի Եփրիկյանը, ում տղան Արծվիկի դասընկերն է։

Ախալքալաքի շրջանում առանց առաջին դասարանի դպրոցներից է նաև Ափնիայի կրթարանը: Այստեղի մռայլ և ոչ խիտ դասավորված տների ֆոնին աչքի է ընկնում սպիտակ ու կապույտ, համեմատաբար նոր և եվրոպական չափանիշներով կառուցված դպրոցը

Ափնիայի դպրոցը կառուցվել է 2018 թ.-ին, այն ժամանակ այստեղ սովորում էր թվով 6 աշակերտ, այսօր՝ ընդամենը 2
Ֆիննական ոճով կառուցված դպրոցը հագեցած է կահույքով ու սպորտային տարբեր ինվենտարով

Ափնիայից չեն արտագաղթում այլ երկրներ, բայց տեղափոխվում են Վրաստանի այլ վայրեր՝ Բաթումի, Թբիլիսի, ինչպես նաև Ախալքալաք

Արդեն երեք տարի է առաջին զանգը հնչում է առանց առաջին դասարանցիների նաև Ափնիայի դպրոցում: Հիմա դպրոցն ունի երկու աշակերտ, 4-րդ և 6-րդ դասարանի աշակերտներ՝ քույր և եղբայր Կոչալիձեները

Ափնիայի երբեմնի 80 տնտեսությունից այսօր ընդամենը 15-ն է մնացել։

4-րդ և 6-րդ դասարանի աշակերտները հաճախ միասին են նստում դասի: Փոքրը՝ Սաբա Կոչալիձեն չի սիրում առանց իր քրոջը դպրոց գնալ, ասում է՝ առանց նրա ձանձրալի է։ Սաբան միշտ պատրաստ է դասերին, քանի որ միայն ինքն է, ասում է մի կողմից լավ է, որ սովորում է յուրաքնաչյուր առարկա, բայց մյուս կողմից մենակ շատ է հոգնում
Կուզենայի, որ էլի աշակերտներ լինեին, ավելի ուրախ և հետաքրքիր կանցնեին դասերը, - ասում է 10 տարեկան Սաբան

Քույրը՝ Թամունա Կոչալիձեն դպրոցի 6-րդ դասարանում է սովորում, ինչպես ծնողներն են ասում, շատ խելացի և տաղանդավոր է, եթե այսպես շարունակվի, իրենք ևս ստիպված կլինեն ամբողջ ընատնիքով լքել գյուղը, գնալ այնտեղ, որտեղից եկել են՝ Խուլո

Ծնողներն ասում են՝ գյուղը լքելու շատ նախապայմաններ կան. գազ չկա, ջուր չկա, ոռոգման համակարգ չկա, իսկ դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորություն չկա

Երբ Ափնիայի դպրոցի աշակերտների քանակը հետզհետե նվազել է, զուգահեռաբար նվազել է նաև մասնագետ ուսուցիչների քանակը: Այս դպրոցում աշխատում է 4 ուսուցիչ։ Մի ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, կամ կարող է երկու դասարանի դասը մի դասաժամով անցկացնել: Այս ամենից ելնելով, որ ոմանք ունենալով դպրոցահասակ երեխա, նրանց տանում են հարևան գյուղի դպրոց, համարելով, որ այնտեղ կրթվելու ավելի լայն հնարավորություններ կան

Թամար Գելաձեն իր թոռներին ուղարկում է հարևան՝ Գոգաշեն գյուղի դպրոց:

«Առաջին և երկրորդ դասարանցիներ են։ Շատ ծնողներ իրենց երեխաներին տարան Բաթում սովորելու։ Շատ են գնում գյուղից ընտանիքով, կան որ ծնողները մնում են, իսկ երեխաներին ուղարկում են սովորելու։ Հնարավոր է մենք էլ գնանք, գումար է հարկավոր որպեսզի կարողանանք գնալ», - ասում է Գելաձե Թամարը։

Նախկինում գյուղի կրթօջախում դասավանդող շատ ուսուցիչներ աշխատանքից դուրս են եկել, պատճառը ցածր աշխատավարձն է։ Նրանցից է Արչիլ Գոչաձեն

70 լարի աշխատավարձով ընտանիք չէի կարող պահել, ավելի լավ է երկու կով ավել պահեմ։ Դպրոցում չկան որակավորում ստացած մասնագետներ, իսկ շատ նորմալ մասնագետներ ընդամենը երկու ժամի համար ժամանակ չեն կորցնում, - պատմում է Արչիլ Գոչաձեն

Վերջին տարիներին Ջավախքի դպրոցներում երեխաների քանակը տատանվում է, կտրուկ ավելացում կամ նվազում չի նկատվում: Եթե 2022-2023 ուսումնական տարում առաջին դասարաններ չեն բացվել Ախալքալաքի երեք դպրոցներում, ապա 2021-2022 թթ. առաջին դասարանցի չի ունեցել 10 դպրոց

Մեկով ավելի, մեկով քիչ գրեթե նույն վիճակն է Ջավախքի հեռավոր ու փոքր գյուղերի կրթօջախներում: Դպրոցական ընկերներն ու խենթություններն անփոխարինելի են, բայց փաստորեն բազմաթիվ դպրոցականներ Ջավախքում դրանցից զրկված են, կյանքի համար տարրական պայմանների բացակայության պատճառով: Օրինակ՝ Արծվիկի համար այդպես էլ խորթ ու տարօրինակ կմնա դասերից փախնելը, իսկ Սաբան քրոջից բացի ուրիշ դասընկեր չի ունենալու...