Loading

Կանանց պայքարը «Չկա կնոջ կամ տղամարդու գործ․ պետք է հաղթահարել կարծրատիպերն ու առաջ գնալ»

Մարգարիտա Ավետիսյանը հաջողակ խաղողագործ է։ Հողի հետ կռիվն ուկենսատու պայքարը սկսեց 46 տարեկանում, երբ ամուսինը հանկարծամահ եղավ ու մեկ օրում ամեն ինչ փլվեց, նրա ուսերին մնաց նաեւ խաղողի մշակման ծանր գործը։ Կին խաղողագործի ճանապարհը դժվար էր՝ թարս հայացքներ, մրցակցության անհավասարություն, խտրականություն, բայց ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա ոտքի կանգնելու աննկուն կամք։

«Դու միշտ ասում էիր՝ հողն է ձեզ պահելու, խաղողի այգով եք ապրելու։

Էդպես էլ եղավ․․․ Հիմա մտածում եմ, որ իմ ու քո լավագույն որոշումներից մեկն այն էր, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո որոշեցինք հենց հող գնել։ Հիշում ե՞ս, ասում էիր երկիրը քանդվում է, իսկ մարդուն կերակրում է հողը։ Ու քանի որ քաղաքի դիմորդներին տալիս էին միայն այն հողերը, որոնցից գյուղաբնակները հրաժարվել էին, մեզ հասավ խաղողի այգիները։ Դե դժվար մշակվող են, ոչ մեկին չէին հետաքրքրել։ Բայց մենք, թեև ջահել էինք, հողի հետ երբեք գործ չէինք ունեցել, երեխեքը փոքր էին՝ հոգսերը մեծ, այնուամենայնիվ, որոշեցինք պահել այդ հողը, որ մի օր էլ հողը մեզ պահի։

Հող մշակել հեչ չէի սիրում, բայց երբ երբեմն չէիր հասցնում, ստիպված, դժկամորեն օգնում էի քեզ, մինչդեռ քեզնից հետո՝ մնալով մենակ, ամբողջը վերցրի ձեռքս ու հիմա ես եմ ու իմ 3 հա խաղողի շքեղ այգիները։

Հիշո՞ւմ ես, աշխատանքից հետո, երեկոյան, թեև հոգնած, բայց միասին երկար ուսումնասիրում էինք խաղողագործության նրբությունները, Այվազյանի գրքերն էինք կարդում, որ հասկանանք, թե այդքան անծանոթ աշխատանքն ինչպես պետք է սկսենք ու ավարտենք։ Հիմա երբեմն օգտվում եմ այդ գրքերից` այգաբացից, էտից սկսած ամենը սովորել եմ։ Այս տարիներին անգամ ավելացրել եմ հողը, չափագրումները, գծագրերը, ամբողջը ինքս եմ արել։ Այ էդքան հմտացել եմ այս գործում, անչափ սիրում ու հաճույք եմ ստանում արածիցս։

Իհարկե, դժվարությունները շատ-շատ են։ Շատերին թվում է, թե եթե կին ես, ուրեմն կարող են քեզ արհամարհել, խաբել, հերթ չտալ։ Սկզբնական շրջանում, հատկապես մթերումների ժամանակ, պարբերաբար կռիվներ էին լինում տղամարդկանց հետ։ Ոչ մի կերպ չէին հանդուրժում, որ կինն էլ կարող է իրենց հավասար վաստակել։ Սրանք փորձություններ են, բայց պետք է անցնել։

Դժվարության հաջորդ փուլն այս ամենն առանց մեքենայի անելն էր։ Ճիշտ ա, դու միշտ ուզում էիր ինձ վարել սովորեցնել, սակայն, երբ կողքիս էիր, երբեք չէի մտածում, թե դրա կարիքը կա, իսկ քեզնից հետո շատ դժվար էր, ինչքա՞ն կարող էի ուրիշներին խնդրել, որ մեզ տանեն հողամաս։ Որոշեցի, որ ինքս պետք է սովորեմ ու հենց հաջորդ գարնանը, երբ սկսվեցին աշխատանքները, ես արդեն վարում էի մեքենադ՝ մեր ջորին, երեխեքն անվերջ ծիծաղում էին, ծաղրում։ Կարճ ժամանակ անց մեքենան փոխեցի։ Հողակտորի տարածքում նաև առաջին կին վարողն էի ու նաև դա էր անհարմար հայացքների պատճառ։ Գիտես, ամենամեծ կոմպլեքսներից էր, երբ գնում էի գազ լցնելու․ ես միշտ սպասասրահում էի սպասել, իսկ հիմա ինքս պետք է ամբողջը անեի, չգիտեի որտեղ կանգնել, ինչ անել։

Փորձում եմ չնեղվել, անտեսել խտրական վերաբերմունքը, որ ամենուր է, հատկապես այս ոլորտում, ես միշտ շարժվել եմ այն գաղափարով, որ կնոջ կամ տղամարդու գործ չկա, եթե կա գործ, ուրեմն պետք է անել։ Ու այդ մտածելակերպից գործն էլ է թեթևանում։

Այս 12 տարիների ընթացքում արդեն 5-6 տարի է ես գտել եմ խաղողի մթերման իմ մշտական կետերը, որոնց հետ էլ աշխատում եմ։ Շատ ժամանակ անգամ իրենք են մեքենաներ տրամադրում մթերման համար, հաճախ իրենք են գալիս բերքը տանում։ Այս ամենին հասնելը բավական դժվար էր, սակայն՝ հնարավոր։

Ու ամեն բերքահավաքին՝ խաղողագործության ընթացքի իմ ամենասիրելի փուլին, խորը շունչ եմ քաշում, ամփոփում ինը ամիսների քրտնաջան աշխատանքս ու աշխատողների հետ հավասար տասը օր շարունակ վայելում բնության ու մարդու աշխատասիրության պարգև բերքի հավաքելու գործընթացը։

Միշտ հնարավոր է ոտքի կանգնել, անգամ ամենամեծ հարվածից հետո, պարզապես պետք է նպատակ դնել, աշխատասիրություն ունենալ ու գնալ առաջ»։

Հեղինակ՝ Գոհար Աբրահամյան

Լուսանկարիչ՝ Վաղինակ Ղազարյան

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / «Հոդված 3» ակումբ / Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ