Loading

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ «Մեր գյուղերի իրականությունը փոխելն իմ երազանքն է»․ պետք է գործել ու չհանձնվել

Ազատան գյուղում ծնված Եստեր Գրիգորյանն իր օրինակով ապացուցում է, որ ո՛չ կարծրատիպերը, ո՛չ էլ խոչընդոտները չեն կարող ընկճել կանանց ու աղջիկներին, եթե նրանք հավատում են ու վստահում սեփական ուժերին, նաև քաջալերում են մյուսներին՝ չհայտնվել կաղապարի մեջ, այն կաղապարի, որ «համայնքը զորավոր» սահմանել է կանանց համար:

«Գյուղական մեր ընտանիքում ես վերջին աղջիկն էի․․․ երբ ծնվեցի՝ խեղդված էի, կապտած, չէի շնչում, մայրս պատմում է․ «Էդ դահիճն ասաց՝ քցեմ զիբիլի ամանը, հինգերորդ աղջիկդ է, ի՞նչ պտի էնես, ինչի՞դ է պետք»։

Ապրեցի, հետո բոլորն ուրախ էին. քույրերս նոր «խաղալիք» ունեին, հայրս՝ իր երազանքը՝ մոր անունով դուստր, մայրս՝ փրկված երեխա։

Ազատան գյուղս հիմա եմ շատ սիրում. մարդիկ աշխատասեր են, տաղանդավոր։ Դու էլ սիրիր գյուղդ, քաղաքդ, տեղդ, բայց մի վախեցիր փոխվելուց ու փոխելուց: Երբ ազատանցի էի, չէի սիրում գյուղը։ Քույրերս ինձնով շատ էին զբաղվում. մեկը լողացնում էր, մյուսը՝ կերակրում, բայց հիմնականում ինձ երգել ու արտասանել էին սովորեցնում։ Հենց հարսանիք էր լինում, կանգնեցնում էին աթոռին, երգում էի, արտասանում, չէի էլ մտածում՝ ուզում եմ, չեմ ուզում, հիմա էլ, երբեք պարտականությունից չեմ խուսափում, հանրային ելույթից էլ չեմ նեղվում, լավ կոփված եմ։

Ու այդպես բոլորն ինձ երգելով գիտեին։ Բայց երբ մի քիչ մեծացա՝ 9-10 տարեկան էի, մորական պապիկս, որ շատ խիստ մարդ էր, մի օր ծոր տվեց՝ ափսո՜ս, որ տղա չես, թե չէ՝ հո երգչուհի չպե՞տք է դառնաս։

Աղջիկների համար հետագա կրթությունը, մասնագիտության ընտրությունը մեծապես պայմանավորված և ստորադասված էր մոտ ապագայում ամուսնության, մայրության հանգամանքին։ Լավագույն տարբերակները բուժքույրն ու ուսուցչուհին էին։ Ես էլ տարբերվում էի նրանով, որ մտածում էի՝ կյանքում ամուսնությունն աղջկա միակ նպատակը չպետք է լինի, ինչն, իհարկե, սվիններով էր ընդունվում բոլորի կողմից։

Հիմա ես Սարատակ գյուղի հարս եմ, սպայի կին և երկու որդիների մայր։

Չգիտեմ՝ որքանով «ԵՄ», բայց ես ինքս ինձ ֆեմինիստ եմ համարում։ Այնքան եմ լսում՝ «Չե՞ս ամաչում, դու ի՞նչ ֆեմինիստ»։ Կարծես, մի հանցանք է, ընտանիքի և երեխայի դեմ ուղղված հանցագործություն։

Ինձ համար ֆեմինիզմը ներդաշնակության և երջանկության հասնելու ցանկություն և կամք է՝ հանուն այդ նույն ընտանիքի, հասարակության, բոլորի հավասար իրավունքների և հնարավորությունների:

Սա մարդու ընտրության հնարավորությունն է՝ իր կենացը խմե՞ն, մարտի 8-ին ծաղիկ նվիրե՞ն, սրբացնե՞ն, թե ոչ: Պետք չէ. հետո այդ «պատիվների» գինը հաճախ անձնական ազատությունն է լինում։

Միշտ մտածել եմ, որ ինչ-որ բան սխալ է. սխալ է, երբ 21-րդ դարում տղան ու ընտանիքի անդամները գալիս են աղջկա տուն, հավանում, ու աղջկան ամուսնացնում են, սխալ է, որ քույրն ու եղբայրը ճաշում են, սեղանը քույրն է հավաքում, սխալ է, որ տղա ունենալիս քեֆ են անում, աղջիկ ունենալիս՝ անհամ կատակներ։

Երկու կազմակերպությունում եմ աշխատում ու ոչ միայն ապրում եմ գյուղում, նաև հաճախ լինում եմ Շիրակի մարզի տարբեր գյուղերում ու ամեն առիթն օգտագործում կանանց համոզելու, որ ինքնախնամքը կարևոր է, կարևոր է հենց հանուն իրենց ընտանիքի ու երեխաների։ Ինքնազոհությունները կամ թե «գեղի մարդիկ ինչ կխոսան» մտորումները վնասում են իրենց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հետ կապված որոշումներն ինքն ընդունել։

Դու գիտե՞ս, թե գյուղում քանիսն են մի օր գոնե կյանքում միայնակ նստել սրճարանում և մի բաժակ սուրճ խմել։ Կանայք նույնն են ամենուր՝ քաղաքում, գյուղում, թե լուսնի վրա, մարդ են՝ յուրաքանչյուրն իր պահանջմունքներով, պարզապես հայրիշխանության տեսանելի և անտեսանելի կապանքները մի տեղ ավելի խիտ են ու ամուր, մյուսում ՝ ավելի քիչ։

Մեր գյուղերի իրականությունը փոխելն իմ երազանքն է դարձել։ Հաճախ եմ մտածում, որ եթե ուզում ենք նոր սերունդն այլ կերպ մտածի ու գործի, մայրերից պետք է սկսենք, քանի որ անկախ ճիշտ կամ սխալ լինելուց, իրականությունն այն է, որ երեխաներին հիմնականում մայրերն են մեծացնում։ Ինչպիսին որ կանայք են, այնպիսին էլ՝ մեր ապագան. կարծրատիպերը խեղդում են ամենուր ու հաճախ ավելի խիտ գույներով վերարտադրվում։

Դու ես քո առաջ կանաչ լույս վառում, հիշիր, որ միշտ կլինի որևէ մեկը կամ որևէ բան, որ կարգելակի մեր ուղին։ Բայց ամեն անգամ անհնարինը հնարավոր դարձնելու կամք պետք է ունենաս։

Գյուղացի կին լինելը դատավճիռ չէ, դա չի դատապարտում մեզ ապասոցիալականացվելու, տառապելու, երջանիկ չլինելու, չունենալու հանգստի, կրթության, աշխատանքի, մասնագիտական աճի իրավունք և հնարավորություն։ Ես կարողացել եմ, ուրեմն կարող է յուրաքանչյուրը։

Մեր գյուղում կանայք շուտ են ծերանում… հողի հետ կռիվ տալիս, ծանր հոգսն ուսերին շալակած կրում ու ժամանակ չկա երազելու: Երազելը հեչ, գործել է պետք, սովորի՛ պայքարել ու թող քեզ սպիտակ ագռավ ասեն, թող մի քիչ քարկոծեն, բայց դու մի՛ հանձնվիր:

Ես էլ եմ հանձնվել, հետո վեր եմ կացել, կոկորդս խեղդվելու աստիճան ցավել է, բայց չեմ հանձնվել»:

Հեղինակ՝ Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Նելլի Շիշմանյանի

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / «Հոդված 3» ակումբ / Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ