Loading

Ինձ համար խնդիրը կա, քանի դեռ դրան բախվում է թեկուզ մեկ աղջիկ երեխա. Լենա Միրզոյան

Առօրյա վազքի մեջ 21-ամյա Լենա Միրզոյանը երբեմն չի էլ զգում՝ ինչպես է սկսվում և ավարտվում օրը։ Հասցնում է միաժամանակ սովորել, աշխատել ու հասարակական գործունեությամբ զբաղվել։ Սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, ապագա սոցաշխատող է։ Զուգահեռաբար աշխատում է հայրենի Ղուկասավանի միջնակարգ դպրոցում՝ որպես եզդիերենի ուսուցչուհի, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի «Խիրատ մեդիա» նախագծում։

«Հասարակական ակտիվությունս սկսել եմ 16 տարեկանից, երբ դեռ դպրոցական էի։ Պարզապես չէի կարող անտեսել այն, որ ես ու ինձ նման շատ եզդի երեխաներ ունեինք բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին քիչ էր խոսվում այդ ժամանակ։ Առաջին նյութը, որ գրեցի, այն մասին էր, որ ես ընդամենը 17 տարեկան եմ, իսկ իմ ծանոթ-բարեկամներն արդեն մտահոգված են իմ ամուսնության հարցով։ Այդ փաստն ինձ մոտ բազմաթիվ հարցեր էր առաջացնում․ ինչո՞ւ են, օրինակ, իմ դեպքում քննարկվում նման թեմաներ, իսկ հայ ընկերներիս պարագայում՝ ոչ»,– հիշում է Լենան։

Նյութի հրապարակումից հետո Լենան բազմաթիվ զանգեր ու նամակներ ստացավ համայնքի ակտիվ երիտասարդներից, որոնք ամրապնդեցին նրա համոզմունքը, որ համայնքի խնդիրների մասին պետք է խոսել համակարգված և հետևողականորեն՝ առանց մտավախությունների։

«Աղջիկների վաղ ամուսնությունը կամ կրթությունը շարունակելու անհնարինությունը միակը չեն այն բազմաթիվ խնդիրներից, որոնց բախվում են եզդի երեխաները։ Շատերը կարող են ասել, որ վերջին տարիներին, երբ եզդի երիտասարդներն առավել ակտիվ են դարձել, իսկ պետության կողմից ցուցաբերվող ուշադրությունն ավելի զգալի է համայնքի հիմնախնդիրների նկատմամբ, այս երևույթները, որոնք, իրականում, ազգային ավանդույթի մաս չեն, զիջել են իրենց դիրքերը։ Բայց ինձ համար խնդիրը կա, քանի դեռ դրան բախվում է թեկուզ մեկ աղջիկ երեխա։ Խոսքը, սակայն, մեկի մասին չէ»,– ասում է Լենան։

Բացի այդ, նա համոզված է, որ յուրաքանչյուր կին և աղջիկ այս կամ այն կերպ ենթարկվում են այդ կարծրատիպային մոտեցումների ազդեցությանը․ եթե անգամ որևէ մեկը դրան չի բախվում անձամբ, հաստատ տեսնում է, թե ինչպես են դրանք անդրադառնում իր մոր, քրոջ կամ ընկերուհու վրա։

Լենան ասում է՝ ինքն այն աղջիկներից է, որոնք ստիպված են եղել առերեսվել այս խնդիրներին անձնապես։ Հենց այդ պատճառով էլ վստահ է, որ յուրաքանչյուրի, այդ թվում և իր անձնական փորձառության բարձրաձայնումը կարևոր է:

«17 տարեկանում ես ինձ շատ փոքր էի զգում ու նաև անպաշտպան, հատկապես երբ ինչ-որ մարդիկ գալիս էին մեր տուն՝ աղջիկ ուզելու։ Մարդիկ գալիս էին՝ հասկանալու՝ արդյոք ես համապատասխանո՞ւմ եմ «լավ հարսի», «լավ կնոջ» իրենց պատկերացումներին, և դա ինձ համար ուղղակի ահավոր էր։ Բարեբախտաբար, ծնողներս գիտեին իմ կարծիքն այդ ամենի մասին, բայց, միևնույն է, հոգեբանական շատ ծանր ճնշում էր ինձ համար։ Ամենածանրն ինձ համար, սակայն, դասընկերուհուս նշանվելը դարձավ․ ես հասկանում էի, որ լավ սովորող, նպատակասլաց, ապագայի բազմաթիվ ծրագրեր ունեցող այդ աղջիկը, որ, ըստ էության, դեռ երեխա էր, այլևս զրկվում էր այդ ամենից»,– հիշում է Լենան։

Խոստովանում է՝ սկզբում շատ էր անհանգստանում համայնքի ու անգամ ընտանիքի արձագանքից՝ իր հրապարակումների, հոդվածների վերաբերյալ։ Երբեմն նույնիսկ խնդրում էր, որ դրանք անանուն հրապարակվեն, բայց օրեցօր ավելացող դրական մեկնաբանությունները նրան վստահություն և խիզախություն ներշնչեցին։ Լենան վստահ է՝ հենց հանրային նման աջակցությունն ազդեց նաև իր ծնողների արձագանքի վրա, որը ժամանակի ընթացքում շատ ավելի դրական դարձավ։

Լենայի կարծիքով՝ կարևոր է, որ կանանց ու աղջիկների առաջընթացը խոչընդոտող կարծրատիպերը, իրավունքները սահմանափակող խնդիրները բարձրաձայնեն հենց կանայք, քանի որ դա հստակ ցույց է տալիս, որ նրանք ոչ միայն այդ խնդիրների ազդեցության կրողն են, այլև դրանց դեմ պայքարողը, լուծումներ առաջարկողը․

Լենան ասում է՝ ոչ մի հրավեր բաց չի թողնում՝ խոսելու, պատմելու այն խնդիրների մասին, որոնց բախվում են կանայք և աղջիկները եզդիական համայնքում: Հասարակական գործունեությունն իր համար ոչ միայն առաքելություն է, այլև պատասխանատվություն։

«Չեմ կարող մի օր արթնանալ ու ասել, որ տրամադրություն կամ ժամանակ չունեմ այդ մասին խոսելու։ Ես պետք է խոսեմ ցանկացած պահի, ամեն հարմար առիթով, որովհետև լռել կնշանակի հրաժարվել հնարավորությունից՝ փոխելու այն, ինչ վատ է առաջընթացի համար»,– ասում է Լենան։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ հասարակական և պետական հատվածի պատասխանատուները, որոշումներ կայացնողները հավասար հնարավորություններ ստեղծեն համայնքի բոլոր ներկայացուցիչների համար՝ արտահայտելու իրենց կարծիքը, քանի որ համայնքն ինքնին միատարր չէ․ այն, ինչ մեկի համար խնդիր չէ, նկատելի է մյուսի համար:

Ըստ նրա՝ եզդիների նկատմամբ կարծրատիպային պատկերացումների առաջացման կամ ամրապնդման հարցում մեծ դեր ունեն նաև լրատվամիջոցները, որոնք երբեմն կանխակալ են լուսաբանում համայնքի խնդիրները։ Հենց այդ պատճառով էլ Լենան սկսել է փոդքասթների շարք, որոնց ընթացքում անդրադառնում է մեդիայի կողմից համայնքի խնդիրների լուսաբանման սխալ մոտեցումներին և փորձում խորհուրդներ տալ։

Լենան խոստովանում է՝ կանանց առաջընթացի հարցերում իր համար շատ կարևոր է հենց եզդիական համայնքի միասնությունը։ Այդ պատճառով էլ ամեն կերպ փորձում է պահպանել համայնքի բոլոր բնակիչների հետ համերաշխությունը, որքան էլ ցավոտ լինեն իր բարձրաձայնած խնդիրները։ Նա գիտի՝ որևէ խնդիր չի լուծվի միայն հակադրվելով, կարևոր է այն տեսանելի և հասկանալի դարձնել համայնքի բոլոր ներկայացուցիչների համար:

«Երբ դու բարձրաձայնում ես մի խնդրի մասին, որը համայնքում տարիներ շարունակ փորձել են փակ պահել, շրջանցել կամ ուղղակի խնդիր չեն համարել, բնականաբար, առաջին հարվածը ստանում ես հենց ներսից։ Ժամանակի ընթացքում բազմաթիվ անգամներ դրանից թևաթափ եմ եղել, տխրել, անկումներ ու ժամանակավոր դադարներ ունեցել։ Բայց հիմա զգում եմ, որ իմ կարծիքը համայնքում ինչ-որ նշանակություն ու ազդեցություն ունի, և դա ինձ համար լուրջ ձեռքբերում է։ Հիմա ես առավել քան երբևէ համոզված եմ, որ պետք է խոսել ոչ միայն համայնքի մասին, այլև համայնքի հետ»,– ասում է Լենան։

Այս հարցում Լենան իր բանաձևն ունի․ համոզված է՝ ամեն ինչ հաղթահարելի է, եթե արգելքները դարձնես մոտիվացիա, խոչընդոտները՝ պայքարի առարկա։

Սոնա Մարտիրոսյան

Created By
WomenNet am
Appreciate