Loading

Ջրային խնդիրները սահմանամերձ գյուղերում Կյանքը պատերազմից հետո․ Սյոինիքի մարզ, Մաս 2

2021-ի մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինծառայողները հատեցին Հայաստանի պետական սահմանը և առաջխաղացում ունեցան Սյունիքի մարզի Սև լճի և Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա բնակավայրերի տարածքում։

44-օրյա պատերազմի և 2021-ի մայիսին ադրբեջանական զորքերի առաջխաղացման հետևանքով՝ Սյունիքի մարզում մի շարք խնդիրներ են առաջացել խմելու և ոռոգման ջրի հետ կապված։

Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերը 86-ն են, 44-օրյա պատերազմից հետո նոր բնակավայրեր չեն ներառվել սահմանամերձ բնակավայրերի ցանկում։ Նշենք, որ մինչև 2020-ի պատերազմը Սյունիքի մարզի ոչ մի բնակավայր ընդգրկված չի եղել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում, իսկ պատերազմից հետո ընդգրկվել է մարզի 38 բնակավայր։

Չլվացված բուրդը, որն օրեր շարունակ մնացել է՝ ջուր չլինելու պատճառով

Խոզնավար գյուղի բնակիչ Արևիկ Մանգասարյանի խոսքով՝ Սև լճի տարածքում ադրբեջանական զորքերի առաջխաղացման հետևանքով անասնապահությամբ զբաղվելը գյուղում դժվարացել է և բնակիչների մեծ մասը էժան գնով վաճառել է կենդանիներին, անասնապահությունից բացի՝ խնդիրներ կան նաև ոռոգման ջրի հետ կապված։

«Մեր գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է լոբի աճեցնելով ու հիմա ոռոգման ջրի խնդիր կա։ Նախկին ազատագրված տարածքներից մենք արդեն ջուր չենք ստանում, իսկ գյուղի միջով հոսող փոքրիկ գետակը վերածվել է առվակի»,- ասում է Արևիկ Մանգասարյանը։

Սահմանամերձ Խոզնավար գյուղը և Սև լիճը՝ անմիջապես սահմանին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են․ «Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ջրավազանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի հետևանքով բնակիչները չեն կարողանում ապահովել իրենց անվտանգ հասանելիությունը խմելու և ոռոգման ջրի պաշարներին»։

Հիդրոլոգ Բենիամին Զաքարյանը նշում է, որ որոշ գետերի վերնագավառները սկիզբ են առնում Քարվաճառից, որն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է, բայց գետեր կան, որ Հայաստանից են գնում Ադրբեջան։

«Գետեր կան, որ մեր մոտից են գնում իրենց սահման, ես չեմ կարող ասել իրենք օգտվում են այդ գետերից, թե ոչ, որովհետև բնակչություն չկա, զինվորներն են միայն, բայց եթե բնակեցվի, կօգտվեն։ Գետեր, փոքր լճեր կան, որ Մեծ և Փոքր Ալ լճերից ձևավորվում են ու հասնում մինչև Իշխանասար, այստեղ, սակայն, ամենավտանգավորը Սև լճի կողքին գտնվող ամբարտակն է, որի ջուրը ոռոգման նպատակով Սյունիքի մի քանի գյուղեր օգտագործում են»,- ասում է հիդրոլոգը։

Սյունիքի մարզի Տեղ գյուղում ևս խնդիրներ կան խմելու և ոռոգման ջրի հետ կապված։ Տեղ գյուղի բնակչուհի Նորվարդ Գրիգորյանը մեքենայով տանում է բուրդը գետում լվանանում, քանի որ գյուղում ամենօրյա ջրամատակարարում չկա։

«Հենց եղանակները տաքանում են, ջրերը քչանում են։ Ջուրը փողոց-փողոց են տալիս, այսօր մեր ջրի հերթն է, բաչոկներով (տարա) ջուր ենք վերցնում, որ կենդանիները հանդից գան խմեն։ Ամիսը 7-10 հազար վճարում ենք ջրի համար։ Ոռոգման ջուր չկա, դրա համար բոստանը (այգին) ջրելուց խմելու ջուրն ենք օգտագործում»,- ասում է Նորվարդ Գրիգորյանը։

Տեղ գյուղի բնակիչ Նորվարդ Գրիգորյանը՝ իր տանը

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքը Հայաստանի միակ համայնքն է, որի կազմի մեջ մտնող բոլոր 7 բնակավայրերը՝ Տեղ, Խնածախ, Արավուս, Քարաշեն, Կոռնիձոր, Վաղատուր, Խոզնավար, սահմանամերձ են։

Տեղ գյուղի բնակիչ Անահիտ Սիմոնյանը նշում է, որ շուրջ տասը տարի է, ինչ խմելու ջրի խնդիրը կա համայնքում։

«Գյուղը երկու մասի է բաժանված․ մի օրը տալիս են աջ կողմին, մյուս օրը՝ ձախ։ Ոռոգման ջուրն էլ, որ չկա, ստիպված խմելու ջրից թանկ գնով բոստաններն են ջրում։ Այս սեզոնին հնարավոր չի, բոլորն էլ որպես ոռոգման ջուր օգտագործում են խմելու ջուրը։ Սահմանամերձ գյուղ ենք, եթե ապահովեն ճիշտ կլինի, երիտասարդների հոսքը դեպի դուրս չի լինի»,- ասում է Անահիտ Սիմոնյանը։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի խոսքով՝ Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր բնակավայրերում ամռան ամիսներին մշտապես ջրի խնդիր է լինում։ Այս բնակավայրերը սպասարկում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

«Մենք չենք ասում, որ համայնքը հետաքրքրված չէ, գրաֆիկ ենք կազմել, ուզում ենք, որ գոնե փողոց-փողոց մեկ-երկու ժամ ջուր տանք։ Այս տարի ՄԱԿ-ի (Միացյալ ազգերի կազմակերպություն) և Կարմիր խաչի օգնությամբ ջրի հարց ենք լուծել Տեղում։ Հիմա մի մասն իրենց այգիները ջրում են խմելու ջրով, եթե ոռոգման ջուր գա, ջրի հետ կապված խնդիրներ չեն լինի։ Սահմանամերձ ապրող գյուղացուն ջուր չլինի՞, այդպես չի կարող լինել»,- ասում է համայնքի ղեկավարը։

«Վեոլիա ջուր» ընկերությունը «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի հարցմանն ի պատասխան՝ նշում է․ «Տեղ համայնքում ջրամատակարարման գրաֆիկը խախտվում է շրջակա սեփական տնատիրությունների կողմից ապօրինի և առանց ջրաչափական սարքերի մատակարարվող խմելու ջուրը ոչ նպատակային (ոռոգում) իրականացնելու հետևանքով։ Խնդրի կարգավորման համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից կազմվել է խումբ՝ վթարավերականգնողական աշխատանքներ և ստուգայցեր իրականացնելու նպատակով»։

Կոռնիձոր գյուղի բնակիչ Կառլեն Վարդազարյանի խոսքով՝ տեղեր կան, որ ջուրն անտեղի հոսում է, տեղեր էլ կան, որ մարդիկ շաբաթներով ջուր չեն ունենում։

«Համակարգը ամբողջովին քաշել են, գումար են ծախսել, պայմանագիր են կապել բնակիչների հետ, որ ամենաքիչը 20 ժամ պետք է ջրամատարկարարում լինի, բայց ընդամենը երկու ժամ է ջուրը գալիս, այն էլ չես հասկանում՝ մի օր երեկոյան 7-ին տալիս են 9-ին կտրում, մի օր առավոտյան 6-ին տալիս են՝ 8-ին կտրում։ Մարդիկ չեն հասկանում՝ ո՞ր ժամին ջուր վերցնեն այդ օրվա համար»,- ասում է Կոռնիձորի բնակիչ Կառլեն Վարդազարյանը։

«Վեոլիա ջուր» ընկերությունից «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են․ «Քարաշեն, Տեղ, Արավուս, Հարթաշեն և Կոռնիփոր բնակավայրերում ներկայումս իրականացվում են KFW-ի (Kreditanstalt für Wiederaufbau, Վերականգնման վարկերի գերմանական բանկ) ֆինանսավորմամբ կառուցված նոր ջրագծերի միացման և հին ջրագծերի անջատման աշխատանքներ, ինչի պատճառով պարբերաբար լինում են ջրանջատումներ։ Նշված խնդիրը կկարգավորվի Քարաշեն, Հարթաշեն և հարակից բնակավայրերում նոր ջրագծերի կառուցման աշխատանքներն ավարտելուց և շահագործելուց հետո»։

«Վեոլիա ջուր» ընկերությունը պատասխան նամակում չէր հստակեցրել, թե երբ կավարտվեն նոր ջրագծերի կառուցման աշխատանքները, և դեռ որքան ժամանակ են պարբերաբար ջրանջատումներ լինելու՝ այդ աշխատանքներով պայմանավորված։

2021-ի փետրվարի 1-ից հետո սահմանամերձ բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչները օգտագործած ոռոգման ջրի ծավալների փոխհատուցում են ստանում, այսինքն չեն վճարում ոռոգման ջրի համար, իսկ խմելու ջրի սակագնի փոխհատուցում նախատեսված չէ։

Ծավ գյուղի բնակիչները ևս ստիպված խմելու ջուրն են ոռոգման նպատակով օգտագործում։ Բնակիչները բողոքում են նաև խմելու ջրի որակից և մաքրությունից։ Գյուղի բնակիչներից Արմեն Ալեքսանյանն ասում է, որ ջրի ֆիլտրեր են օգտագործում, բայց դրանք այնքան արագ են լցվում, որ կիրառելն անիմաստ է դարձել։

«Խողովակը գցված է գետում, գետից ուղիղ ինքնահոս եղանակով ջուրը տեղ է հասնում, լցվում է ջրավազանները, այնտեղից բաժանվում, եթե գետը կեղտոտ եղավ, այնտեղից ջուրը կեղտոտ է գալու։ Անձրևին՝ անձրևաջուր, պարզ եղանակին՝ պարզ ջուր։ Դույլերով ջուրը վերցնում ենք, թողնում ենք, նստվածք է տալիս, հետո օգտագործում են։ Դրանից կարող են ցանկացած ինֆեկցիա, հիվանդություններ առաջանալ»,- ասում է Ծավի բնակիչը։

Ջուրը ֆիլտրերլու համար տեղացիները մառլեան (ցանցկեն գործվածք) կապում են ծորակի

Շիշկերտ և Ծավ գյուղերի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանի խոսքով՝ վարարումների, անձրևների ժամանակ անձրևաջրերը խառնվում են խմելու ջրին, բայց մինչև հիմա ինֆեկցիաներ չեն եղել։

«Ջուրը չի մաքրվում, ինքը հենց ավազի միջով անցնելով՝ ինքնամաքրվում է։ Ջրահավաք ամբարտակները մենք տարեկան 1-2 անգամ մաքրում ենք, բայց քլորացում չի կատարվում։ Տնամերձ հողամասերի ոռոգման խնդիր կա հիմա, Ներքին Շիշկերտի մի թաղամասում ոռոգման ջուր չկա, խմելու ջրով են ջրում, գյուղի մնացած մասը կարողանում է ոռոգել, ուղղակի խողովակը հին է, չնայած դրան, մինչև հիմա մենք կարողացել ենք գյուղացիների միջոցով նորոգել դրանք»,- ասում է Սեյրան Զաքարյանը։

Սյունիքի մարզպետարանից «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի հարցմանն ի պատասխան՝ նշում են, որ ջրի որակի հսկման գործընթացն իրականացնում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, որն ամսական երկու անգամ վերցնում է խմելու ջրի փորձանմուշներ։ Որևէ բնակավայրում շեղումների դեպքում, համայնքը ձեռնարկում է համապատասխան միջոցներ։

Գրության մեջ մասնավորապես ասված է․ «Նշված համայնքներում ջրի արհեստական ֆիլտրացում չի իրականացվում, ջուրը ֆիլտրվում է բնական ճանապարհով, անցնելով երկրային ապարների միջով։ Ինչ վերաբերում է ջրի արտադրական ընհանուր հսկողությանը, ինչն իր մեջ ներառում է քլորացումը, քլորի մնացորդային պարունակության ստուգումը և այլ պրոցեսներ, ապա այն պահանջում է մասնագիտացված լաբորատորիաների, վերապատրաստված անձնակազմի առկայություն, որը փոքր բնակավայրերի դեպքում հնարավոր չէ իրականացնել։ Ջրի որակի վերահսկման գործընթացը ներառում է ջրի տարբեր փորձաքննությունների իրականացում, որից հետո տրվում է եզրակացություն, որ այն համապատասխանում է «խմելու ջուր» ստանդարտին, անկախ ջրի նկատմամբ կիրառվող տեխնոլոգիական պրոցեսներից»։

Խնածախ գյուղի բնակիչ Լուսինե Գյումշուդյանի խոսքով՝ գյուղապետարանից բնակիչներին սածիլներ (ջերմոցում կամ հատուկ մարգերում աճեցվող բույս, որ հետո հանում և տնկում են դրա համար նախատեսված հողում) են տվել, իրենք տնկել են դրանք, բայց ջուր չունեն, որ ջրեն։

«Առաջին խնդիրը ջուրն է ու ճանապարհների վիճակը, ժողովուրդը թողած գնում են, երիտասարդություն չկա։ Ջուրը ստանում ենք նասոսից (պոմպ՝ ջուրն արտամղելու համար), լցնում են արտեզյանի մեջ, երեք օրը մեկ թաղամաս-թաղամաս բաց են թողում»,- նշում է Լուսինե Գյումշուդյանը։

««Սյունիք» ՋՕԸ-ի (ջրօգտագործողների ընկերություն) կողմից ոռոգման ջրի ջրամատակարարում է իրականացվում Գորիս, Կոռնիձոր և Տեղ համայնքներում, իսկ Խնածախ, Խոզնավար, Վաղատին, Ծավ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն բնակավայրերում ջրամատակարարում չի իրականացվում՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով»,- ասված է Ջրային կոմիտեի՝ «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի պատասխան գրությունում։

Սյունիք ՋՕԸ-ն (ջրօգտագործողների ընկերություն) միայն մարզի ոռոգման ջրի սպասարկումն է իրականացնում։

Սյունիք ՋՕԸ-ի (ջրօգտագործողների ընկերություն) Գորիս տեղամասի պետ Սահակ Սարգսյանը, անդրադառնալով ադրբեջանական զորքերի առաջխաղացումից հետո Սև լճի տարածքից ոռոգման ջուրն օգտագործելու անհնարինությանը, նշում է, որ Սյունիք ՋՕԸ-ն (ջրօգտագործողների ընկերություն) Սև լճից ոչ մի տարածք չի ոռոգել։

«Հնարավոր է, որ կային մարդիկ, որոնք մասնավոր ինչ-որ խողովակ են տարել անասունների համար, բայց դա որպես ոռոգման ջուր չի օգտագործվել, ինքը հիմնականում նախատեսված է եղել խոշոր եղջերավորների, մանր եղջերավոր անասունների համար, բայց շատ վաղուց այդ խողովակաշարը չի օգտագործվում և որպես պատերազմի հետևանք Սյունիք ՋՕԸ-ի (ջրօգտագործողների ընկերություն) վրա չի ազդել»,- ասում է Սահակ Սարգսյանը։

Իր հերթին Սյունիք ՋՕԸ-ի (ջրօգտագործողների ընկերություն) փոխտնօրեն Սերժիկ Ակլունցը վստահեցնում է, որ Սյունիքի մարզում պատերազմի հետևանքով ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ են առաջացել միայն Որոտանի տարածքում։

«Որոտանի խողովակի մի հատվածն անցել է Ադրբեջանին, նրանք չեն թողնում, որ խողովակով ջուր գնա, ստիպված կտոր-կտոր խողովակաշար ենք կառուցել»,- նշում է Սերժիկ Ակլունցը։

Անդրսահմանային ջրային հոսքերը կարգավորվում են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային ջրային հոսքերի և միջագային լճերի պահպանության և օգտագործման մասին» կոնվենցիայով, ինչպես նաև կոնվենցիայի՝ «Ջուր և առողջություն» արձանագրության շրջանակներում:

Հայաստանը վերոնշյալ կոնվենցիայի և արձանագրության կողմ չի հանդիսանում և չի կարող կոնվենցիայի քարտուղարության առջև անդրսահմանային ջրերի վերաբերյալ հարցեր բարձրաձայնել, քանի որ չի ստորագրել կոնվենցիան, իսկ կոնվենցիայի արձանագրությունը ստորագրել է, սակայն չի վավերացրել: Ադրբեջանը ստորագրել և վավերացրել է՝ ինչպես կոնվենցիան, այնպես էլ արձանագրությունը:

Լրագրող՝ Շուշան Ստեփանյան

Տեսանյութերն ու մոնտաժը՝ Թեհմինե Ենոքյանի

Հարցազրույցները՝ Սոֆյա Մանուկյանի

Հոդվածը հրապարակվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ Սույն հրապարակման բովանդակության համար պատասխանատու է միայն «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ։