Loading

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ «Հասարակության անարդար կարծատիպերը մեզ կամ կոտրում են, կամ էլ զարմանալիորեն ուժեղացնում՝ ապացուցելու որ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ»

«Բու-բի թոյս» ձեռագործ խաղալիքների ընկերության հիմնադիր 26-ամյա Արմինե Մելիքյանը, չնայած հաշմանդամություն ունենալու հետեւանքով բազմաթիվ խնդիրների է բախվել, բայց հաջողել է իր սիրելի գործում՝ ինքն իր համար ստեղծելով իր երազանքի աշխատանքն ու բիզնեսը։

«Ես նույնիսկ չեմ հիշում, թե ինչ անուն ունեիր, բայց իմ կյանքի ամենամեծ փոփոխությունը հենց դու բերեցիր։ Փոքր տարիքում դու միշտ ինձ հետ էիր՝ միասին քնում ու արթնանում էինք, իսկ խաղի ժամին՝ հյուսում էի մազերդ ու պատմում իմ երազանքների մասին։ Իսկ հետո մեծացա, դու՝ չէ։ Դու իմ մանկության այն հիշողությունն ես, որն ինձ չհանձնվելու ու առաջ նայելու ուժ տվեց։

Չեմ հիշում, թե երբ սկսեցի քնել ու արթնանալ առանց քեզ, ճաշել առանց քեզ, ապրել առանց քեզ հետ խաղալու։ Բայց ուզում եմ պատմել քեզ, թե ինչպես եղավ, որ ես սկսեցի սիրել ու ընդունել ինձ այնպես, ինչպես որ կամ։ Լսում ես ինձ, չէ՞…

Քեզ հետ խաղալիս ես չէի հասկանում, որ տարբեր եմ, դու ինձ չէիր ասում, որ ես չեմ կարող անել այս կամ այն բաները։ Ես շնորհակալ եմ, իմ առաջին ուսուցչին, որը երբեք տարբերություն չէր դնում մեր մեջ, նրա համար բոլորս հավասար էինք՝ կարողություններով ու հնարավորություններով։ Դպրոցական առաջին տարիներին ես զգում էի, որ ամեն ինչ կարող եմ անել բոլորի հետ հավասար, իսկ հետո…հետո մեծացանք։ Ուսուցիչների ավելանալուն զուգահեռ ավելացավ նաև «Արմինե՛, դու դա չես կարող անել» արտահայտությունը։

Սկզբում մտածում էի, որ երբ ուսուցիչս ասում էր, որ չմասնակցեմ ֆիզկուլտուրայի դասերին, ուրեմն դա լավ է, ինձ համար է ասում, հիմա եմ գիտակցում, որ դա ոչ թե ինձ համար էր լավ, այլ՝ դա ինձ իրենցից առանձնացնելու ձև էր միայն։ Հիշում եմ, մի միջոցառման ժամանակ, ուսուցիչներից մեկն ինձ շարքից հանեց միայն այն պատճառով, որ շարքը գեղեցիկ չէր իմ ներկայությամբ։ Նա ինձ ուղիղ չասեց, բայց ես դա զգացի։ Ինձ համար ցավեցնող էր ոչ թե դասընկերներիս խտրական վերաբերմունքը, այլ ուսուցիչներինը, որոնք օրինակ են համարվում մեզ համար, օրինակ՝ հանդուրժող լինելու, սիրելու, հարգելու և չվնասելու։

Գիտես, շատ պահեր են եղել, երբ մեղադրել եմ ինքս ինձ այսպիսինը լինելու համար։ Ինձ թվում էր, որ ես եմ մեղավոր, որ չեմ կարողանում վերելակի կոճակը սեղմել, մեղավոր եմ, որ բանկում սպասարկվելու համար այնքան բարձրահասակ չեմ, որ աշխատողն ինձ բարձր սեղանից այն կողմ նկատի։ Ես ինձ մեղադրում էի, որ իմ միջավայրը մատչելի չէ, որ եթե ես լինեի բաձրահասակ, կկարողանայի օգտվել ամեն ինչից։

Հիմա կարող ես ինձնով հպարտանալ, ես ինձ ընդունել եմ ու սկսել սիրել։ Երբ բանկ եմ գնում, խնդրում եմ ինձ տրամադրել մատչելի միջավայր սպասարկվելու համար, սուպերմարկետում գնումներ կատարելիս, խնդրում եմ աշխատողին ինձ տալ բարձր դարակներում գտնվող ապրանքները։

Ես դադարել եմ ինձ մեղադրել նրանում, ինչում մեղավոր չեմ, փոխարենը միջավայրից պահանջելով հարգել այն իրավունքը, որն ունեմ ի ծնե։

Ես այլևս չեմ կաշկանդվում ու նեղսրտում, երբ տեսնում եմ, որ ինչ-որ բան մատչելի չէ, ես խոսում եմ դրա մասին, բարձրաձայնում ու ելքեր եմ փնտրում։

Աշխատանքի ընդունվելիս «Դու չես կարող»-ից բացի շատ եմ լսել նաև «Մենք ձեզ կզանգահարենք»-ը։ Ինձ՝ մասնագիտությամբ աշխատելու համար միթե խանգարում է իմ հասակը։ Այո, ի սկզբանե հաշվապահությունն ինձ համար սիրելի մասնագիտություն չի եղել, բայց միթե՞ հաշվարկներ անելու համար ինձ անհրաժեշտ է լինել բարձրահասակ։

Ինձ համար ցավալի է, որ հաշմանդամություն չունեցող մարդիկ են որոշում ինչն է մեզ համար լավ կամ մատչելի։ Մեզ չեն հարցնում, միգուցե՞ մենք ավելի հարմար ու ֆինանսապես մատչելի տարբերակ առաջարկենք։

Շենքեր կառուցողները կրկնակի ծախս են անում՝ ստեղծելով անմատչելի «հարմարություններ», ինչպես, օրինակ, մեր մուտքի թեքահարթակն է։

Հասարակության անարդար կարծատիպերը մեզ կամ կոտրում են, կամ էլ զարմանալիորեն ուժ տալիս՝ ապացուցելու որ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ։ Կարող եմ սովորել, կարող եմ աշխատել, կարող եմ երազել ու կարող եմ ապրել։

Հենց քո օրինակով, տիկնի՛կ, ես հասկացա, որ կյանքի մեր պատկերացումները մենք հենց խաղալիքներից ենք ստանում։ Խաղն է մեզ տալիս կյանքի գիտելիքները, ու ես որոշեցի, որ իմ ստեղծած խաղալիքներն էլ պետք է շատ երեխաների կյանքի անբաժան մասնիկը դառնան։ Երկու տարի առաջ՝ քովիդի ու պատերազմի արանքում ես ստեղծեցի խաղալիքների իմ փոքրիկ բիզնեսը։ Չես պատկերացնի, թե ինչքան լավ է, երբ դու ես քո գործատուն, երբ ինքդ քեզ համար ստեղծում ես մատչելի պայմաններ աշխատելու և արարելու համար։

Դպրոցական տարիներին ստեղծած իմ խաղալիքները, որոնք ամանորյա կամ ծննդյան նվեր էին դառնում, այսօր դարձել են ինձ համար թե՛ աշխատանք, և թե՛ կյանքում ինքս ինձ գտնելու միջոց։

Բիզնես ունենալը հեշտ չէ։ Ես միայնակ եմ իմ գործում, ես իմ հաշվապահն եմ, խաղալիքներ պատրաստողը, օնլայն տիրույթում վաճառողը, դրանք նկարողն ու բիզնես էջը վարողը։ Ինձ միայն օգնում է առաքիչը՝ պատվերները տեղ հասցնելու համար։

Ես նաև մտադիր եմ շուտով ստեղծել տարբեր հաշմանդություն ունեցող տիկնիկների, որոնց շնորհիվ երեխաները փոքր տարիքից կսկսեն ճանաչել մարդկանց ու իրենց աչքին անսովոր չի թվա իրական կյանքում տեսնել հաշմանդամություն ունեցող մարդկանց։

Խաղալիքներ պատրաստելով ես քայլ-քայլ առաջ եմ գնացել իմ երազանքի ճանապարհով։ Ինձնից տասը տարի պահանջվեց, որպեսզի հասնեմ այն կետին, որտեղ հիմա եմ։ Իմ ճանապարհը դեռ չի ավարտվել. ես դեռ շատ խաղալիքներ պետք է պատրաստեմ, որոնք կդառնան շատ երեխաների համար այնպիսի ընկեր, ինչպիսին որ դու ես եղել ինձ համար...»

Տեքստը և լուսանկարները՝ Սուսինա Խաչատրյանի

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / «Հոդված 3» ակումբ / Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ