Loading

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ Պատերազմում որդուն կորցրած մայրն ապրելու նոր հույս է ստացել

42-ամյա Կարինե Հակոբյանը 44-օրյա պատերազմում միակ որդուն կորցնելուց հետո չէր կարող պատկերացնել, որ իր դեմքին երբևէ ժպիտ ու ուրախության արցունքներ կհայտնվեն։ Կարինեի 19-ամյա որդու՝ Սարգիս Դանոյանի զոհվելուց հետո ցավի ու դառը տառապանքների մեջ կրկին մայրանալը և Դանիելի ծնունդը հույս ու լույս է բերել Կարինեի կյանք։ Ավագ որդու մասին անընդմեջ հուշերն ու կսկիծը այսօր միախառնվել են կրտսեր որդու թոթովանքներով ուրախանալու, նրա նկատմամբ հոգատարության ու նոր երազանքներ կառուցելու հետ։

«Սարգի՝ս, մեր առաջնեկ, երբ որ դու ծնվեցիր, կարծես աշխարհը մերը լիներ։ Մեր նպատակն էր, որ մեծանայիր, սովորեիր, մեզ երջանկացնեիր քո ներկայությամբ ու հաջողություններով, կազմեիր քո ընտանիքը, մենք էլ քո երջանկությամբ ապրեինք։ Բայց, ավաղ, մեր բոլոր երազանքները պատերազմը խորտակեց։ Աչքիս առաջ է՝ ինչպե՜ս էիր փոքր տարիքում վազվզում բակում, ի՜նչ չարաճճի էիր, բայց որքան ընկալող ու նրբանկատ, բոլորին հասնող ու հոգատար։

Սիրում էիր օգնել հորդ, միշտ իր կողքին էիր ու որոշել էիր ավտոէլեկտրիկ դառնալ` հորդ գործը շարունակեիր։ Բայց չարաբաստիկ պատերազմն ամեն ինչ խլեց, մենք քեզ՝ մեր առաջնեկին, կորցրեցինք մի վայրկյանում, մեր կյանքը մի ակնթարթում դժոխքի վերածվեց։

Պատերազմի վերջին օրն էր՝ նոյեմբերի 9-ը, առավոտյան խոսեցինք քեզ հետ, սկզբում ինձ հետ խոսեցիր, հետո հորդ հետ, ի՜նչ իմանայինք, որ մի քանի ժամ անց այլևս ձայնիդ կարոտ ենք մնալու։

Պատերազմի ժամանակ եղել էին օրեր, որ չէիր զանգել, այդ օրը չնայած խոսել էինք մեկ անգամ, բայց և՛ իմ, և՛ հորդ սրտում անհանգստություն կար։ Զանգեցի քո բոլոր զանգած համարներով, պատասխան չեղավ։ Հաջորդ օրը առավոտյան Արայիկ Հարությունյանն ասաց՝ թեժ մարտեր են եղել Մարտունի 2-ում ու ունենք շատ զոհեր, ես վատացա․․․

Նորից զանգեցի համարներին, ու մեկը հետ զանգեց։ Ասեց՝ ո՞ւմ եք ուզում, ասեցի՝ Սարգիսին, ասեց՝ հեռու եմ մի քիչ, տեսնեմ, կզանգեմ, բայց խաբում էր։ 15 րոպե հետո զանգեց, ասեց՝ Սարգիսը վիրավոր ա, իրեն տարել են Երևան։

Մենք քեզ ման եկանք բոլոր հիվանդանոցներում, բայց չգտանք։ Հետո մեզ ասացին՝ եթե չկա՝ զոհվածների մեջ փնտրեք։ Զոհվածների․․․

Նոյեմբերի 11-ին մեր հարևանի տղայի զոհվելու մասին իմացանք, իր համար էինք ողբում, 15 րոպե չանցած իմացանք քո լուրը։ 120 գրադ էր ընկել, զոհվել էիր Մարտունի 2-ում, տղե՛ս, ողջ մնացածները հետո մեզ այդ մասին պատմեցին։ Աննկարագրելի է, թե ինչ կատարվեց մեզ հետ։ Մենք շնչում էինք, բայց չէինք ապրում։

Հետմահու քեզ պարգևատրեցին «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մեդալը տալիս են մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Պատերազմի ժամանակ երբեք իմ մտքից դուրս չեկավ 16 տարեկանում պատմածդ երազը, որն իրականություն դարձավ։ Մի օր արթնացար քնից ու ուրախ-ուրախ պատմեցիր․ «Մամ, երազումս տեսա, որ գնում եմ ծառայության, պատերազմ ա լինում, թուրքը խփում ա, ես զոհվում եմ, ու դու թազա երեխա ես ունենում»։ Ասեցի՝ ի՞նչ ես խոսում, ի՞նչ պատերազմ, ի՞նչ զոհվել, ի՞նչ երեխա։

Պատերազմը հենց սկսվեց, ես հիշեցի քո երազը, ամեն անգամ վանում էի ինձնից, բայց մեկ է քո երազի մասին հիշողությունն անվերջ մտքիս էր։

Պատերազմը տարավ քեզ, երկու ամիս անց ինչպես երազումդ կանխազգացել էիր, իմացա, որ հղի եմ, եղբայր ես ունենալու։

Չզարմացա, որովհետև երազը հիշեցի։

Ուլտրաձայնային հետազոտության գնացի, երեխայի սրտի բաբախը լսեցի, շատ հուզվեցի, սեռը չհարցրեցի, եկա տուն, բոլորը մի հարց էին տալիս՝ սեռը ի՞նչ է, չգիտեի, չէի հարցրել, բայց վստահ էի, որ տղա է։

Ես 21 տարեկանում քեզ էի ունեցել, 41-ում Դանիելին ունեցա՝ ուղիղ 20 տարի անց՝ իմ ծննդյան օրը։

Դանիելի ծնունդը մեզ ևս մեկ անգամ ապրելու շունչ ու հույս տվեց։

Հիմա ապրում ենք նույն զգացումը, ինչ 21 տարի առաջ, բայց արդեն ավելի գիտակցված, ու փորձում ենք այն, ինչ չենք հասցրել անել քեզ համար, ի՛մ երկնային հրեշտակ, անել Դանիելի համար։

Մենք գիտենք, դու ուժ ես տալիս մեզ, օգնում առաջ նայել Դանիելի միջոցով։ Ուզում եմ, որ քո հետ կապված մեր կիսատ թողած բոլոր երազանքները Դանիելը իրականացնի։ Դանիելը շատ հաճախ է խոսում քեզ հետ, իր եղբոր հետ, որին երբեք չի տեսել։

Քո նկարը Դանիելի օրորոցի գլխավերևում է, ամեն քնելուց առաջ նայում է նկարիդ, բլբլում, նոր քնում։

Մեր ամեն մի հարցի և նպատակների իրականացման համար պարտադիր քեզանից ենք խորհուրդ հարցնում, քեզ հետ խոսում, քանի որ ճիշտ է՝ դու ներկա չես ֆիզիկապես, բայց ներկա ես հոգեպես՝ ամեն օր, ամեն վայրկյան մեր կյանքում։

Աստծո հետ խոսելիս միշտ ասել եմ՝ պահի երեխեքին, հիմա էլ պառկում եմ, ասում եմ՝ շնորհակալ եմ, որ Դանիելին ինձ բերեցիր։ Դանիելի միջոցով մենք կարողացանք նորից ապրել ու քեզ վերգտնել»։

Հեղինակ՝ Արփինե Արզումանյան

Լուսանկարները՝ Անի Գևորգյանի

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / «Հոդված 3» ակումբ / Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ