Loading

Ջուրը՝ որպես կյանքի հոմանիշ․ «լաբորատորիայից ներս» ջրօգտագործման մշակույթի ուսումնասիրություն է

Ջուրը կյանք է՝ կյանքում հաճախ ենք լսում, բայց թերեւս, այնքան էլ հաճախ չենք մտածում այդ արտահայտության խորքային իմաստների, ընդհանրապես, ջրի բազմաֆունկցիոնալ դերի եւ մեզանում ձեւավորված ջրային մշակույթի նրբերանգների մասին։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) մի խումբ գիտաշխատողներ որոշել են մտածել այս եւ բազում այլ հարցերի շուրջ` փորձելով հասնել «ջրի ակունքներին»։ Այլ կերպ ասած՝ ուսումնասիրել ջրօգտագործման անցյալի փորձը, ջրային ռեսուրսների օգտագործման եւ կառավարման առանձնահատկությունները, ջրային պաշարների ներկային եւ ապագային վերաբերող խնդիրները՝ զուգակցելով դրանք նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությանը՝ ջրամերձ հուշարձաններից մինչեւ ջրի պաշտամունքին հարող հավատալիքներ ու ծեսեր։ Եվ այս ամենը՝ ոչ թե մեկ, այլ մի քանի մասնագիտական դիտանկյունով։

«Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից ﬕնչեւ ﬔր օրերը» ծրագրում ներառված են հնագիտությամբ, ազգագրությամբ եւ բանագիտությամբ զբաղվող 7 գիտաշխատողներ։ Ծրագիրն իրականացվում է 5 տարի ժամկետով՝ սկսած 2021 թ․ հոկտեմբերից։

Գիտական խմբի ղեկավարը կենսաբանական գիտությունների թեկնածու, հնաբուսաբան եւ էթնոբուսաբան Ռոման Հովսեփյանն է։ Վերջինիս խոսքով՝ գաղափարը ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանինն է (նա վերջին տարիներին զբաղվում է ջրօգտագործման մշակույթի հետազոտմամբ՝ հնագիտական տեսանկյունից), եւ երբ մտադրվել են դիմել Գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհային մրցույթին, թեմայի կարեւորությունը բոլորի համար է ակնհայտ եղել, այլ թեմայի քննարկում չի էլ եղել։

Ըստ Ռոմանի՝ ջրօգտագործման թեման Հայաստանում ուսումնասիրված է, բայց ոչ թե համակարգային, այլ դրվագային, նման համակարգային հետազոտություն առաջին անգամ է արվում․ «Մենք փորձել ենք ներգրավել անդամներ մեր Ինստիտուտի լավագույն մասնագետներից եւ ձեւավորել մի թիմ, որտեղ ամեն մեկը կունենա հետազոտության իր ասպեկտը, ինչի արդյունքում ամբողջական աշխատանք կստանանք, որտեղ հնարավորինս ամփոփ անդրադարձ կլինի ջրօգտագործման մշակույթին»։

Լուսանկարում՝ ձախից՝ խմբի անդամներներից Տորք Դալալյանը, Բորիս Գասպարյանը, Արսեն Բոբոխյանը

Ռոմանը բացատրում է երկու տարբեր կենսաձեւեր վարող մարդկային հասարակությունների կարիքը ջրի հանդեպ․ եթե մարդիկ նստակյաց են եւ արտադրական ծավալների բուսաբուծական տնտեսություն ունեն, ապա ջրի հարցը նրանց համար կենսական է, իսկ եթե քոչվոր են եւ անասնաբուծությամբ են զբաղվում, ապա ջրի մեծ ծավալները էական չեն։ Այս տրամաբանությամբ Հայաստանում կամ ընդհանրապես աշխարհում հին բնակավայրերը դիտարկելու դեպքում, ըստ նրա, կնկատենք, որ գրեթե բոլորը տեղակայված են ջրի մոտ։ Ըստ այդմ, մեր՝ որպես նստակյաց հասարակության, որպես էթնիկ միավորի եւ ժողովրդի ձեւավորման հարցում ջուրը որոշիչ է եղել՝ սկսած դեռ նախապատմական ժամանակներից։

Ուստի այսօր թեմայի արդիականությունը, ըստ խմբի ղեկավարի, անվիճելի է մի կողմից մշակութապահպան, մյուս կողմից ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման տեսանկյունից․ «Մերօրյա գլոբալ ջերմացումը բերում է նրան, որ ջրային ռեսուրսները անընդհատ կրճատվում են, հսկայական տարածքներ ողջ մոլորակում չորանում են, սա էկոլոգիական ճգնաժամ է, որի առաջ կանգնած են շատ երկրներ, մեր երկիրն էլ, ցավոք, չի շրջանցել դա, բայց մենք հաջողակ ենք այն առումով, որ լեռնային երկիր լինելով՝ ունենք ջրի որոշակի պաշարներ, ուղղակի պետք է դրանք ճիշտ պահպանել եւ ճիշտ կառավարել, իսկ կառավարումը միայն բնագիտական գիտելիքով իրատեսական չէ, որովհետեւ այդ պաշարներն օգտագործողները առաջին հերթին մարդիկ են, ուստի պետք է հասկանալ՝ նրանք ինչ սկզբունքներով են այն օգտագործում, ինչ ավանդույթներ, ինչ հավատալիքներ, ինչ նախապաշարմունքներ ունեն ջրի հետ կապված, եւ ջրօգտագործման մշակույթի մասին այդ գիտելիքը հասանելի դարձնել ջրային ռեսուրսների կառավարմամբ զբաղվող վարչական օղակներին,- ասում է Ռոման Հովսեփյանը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է համագործակցություն միջազգային գործընկերների, նաեւ այլ մասնագետների՝ ջրաբանների, երկրաբանների, քարտեզագետների հետ։ Կատարված հետազոտությունները վերջում ամփոփվելու են առանձին գրքերով՝ հայերենով եւ անգլերենով։

Անձամբ Ռոմանի հետազոտության շրջանակում երկու հիմնական ուղղություն է։ Դրանցից մեկը անցյալ դարաշրջանների բուսաբուծությունն է, մյուսը՝ բուսաբուծական մշակույթի հավատալիքային շերտը․ «Բուսաբուծությունը բույսերի բազմացումը եւ բուսական հումքի արտադրությունն է, որը նախկինում եւ այսօր էլ հիմնականում արվում է սննդի արտադրության նպատակով, բայց կարող են լինել նաեւ այլ նպատակներ՝ դեղագործական, դեկորատիվ, նաեւ՝ փայտանյութի, եթերայուղերի համար եւ այլն։ Ես այժմ կատարում եմ հետազոտություններ անցյալ դարաշրջանների հնագիտական նստվածքներում հայտնաբերված բուսական մնացորդների միջոցով եւ պարզում, թե ինչ բույսեր են օգտագործվել, դրանք ինչպես են մշակել, ինչպես են օգտագործվել, ոռոգովի երկրագործության միջոցով են աճեցվել, թե անջրդի պայմաններում և այլն»։

Ռոմանն ընդգծում է՝ հնարավոր չէ ուսումնասիրել երկրագործությունը՝ շրջանցելով ջրօգտագործմանը առնչվող հավատալիքները․ «Եթե ժողովուրդը զբաղվում է բուսաբուծությամբ, ակամա պետք է առնչվեր տարատեսակ հավատալիքների եւ ծեսերի, մեր օրերում տարեցներն են ասում, չէ՞, մի կտոր հաց, էն էլ հրեն՝ երկնքից կախված /Հ․ Թ․/, այսինքն՝ եթե երկինքը բարեհաճ լինի, անձրեւ պարգեւի, բերք կունենանք»։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է անձրեւաբեր եւ անձրեւախափան ծեսերին՝ տարածված Հայկական լեռնաշխարհում ապրած ժողովուրդների շրջանում։

Անձրեւաբեր եւ անձրեւախափան ծեսերի գաղափարը մթնոլորտային տեղումները կառավարելն է, ինչը ենթադրում է ցանկալի տեղումները առատացնել, իսկ անցանկալիները՝ կանխել։ Այդ ամենը՝ բարօրության, բերքատվության նպատակով։ Գյուղատնտեսությամբ զբաղվող մարդու համար ճիշտ ժամանակին եւ շատ անձրեւը, բնական է, խիստ անհրաժեշտ է, իսկ լեռներում ժամանակավոր ծածկի տակ բնակվողի համար՝ անցանկալի։ Սննդի ապահովման անհրաժեշտությունն է եղել հիմնական գործոնը, որը, ըստ Ռոմանի, ծնունդ է տվել նման հավատալիքների, բայց թե կոնկրետ երբ, դժվար է ասել․ ենթադրվում է՝ վաղնջական ժամանակներից՝ երկրագործության ծագմանը զուգահեռ։

Ծեսերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ գիտնականները հավաքագրում են բանահավաքչության միջոցով՝ շրջելով ՀՀ մարզերով, տարեց բնակիչների հետ խոսելով նրանց մանկության՝ ծեսերին առչնվող հուշերի մասին եւ փորձելով վերականգնել անհետացող այդ մշակույթի վերջին պատառիկները (դրանք ակտիվ գործածությունից դուրս են եկել 20-րդ դարի կեսերին)։ Նախորդ տարի, օրինակ, Սյունիքի մարզում իրականացված բանահավաքչության ընթացքում Ռոմանն իր գործընկերների հետ պատահմամբ պարզել է, որ «Կաթնավով մատաղ»-ն Ակներ գյուղում մինչ օրս իրականացվում է, ընդ որում, բանահավաքչության աշխատանքների ժամանակը համընկել է ծեսի հետ, եւ նրանք եւս մասնակցել են դրան, ըստ Ռոմանի՝ կյանքում առաջին եւ գուցե վերջին անգամ։

«Կաթնավով մատաղ» ծեսը Սյունիքի մարզի Ակներ գյուղում, մայիս, 2022 թ․

Նա հիշում է՝ Ակներում ծեսին ներկա էին մի քանի տասնյակ մարդ, եւ ընթացքն էլ մի փոքր ձեւափոխված էր․ կրակը ոչ թե դրսում, այլ տանն էին անում, կաթնովը պատրաստում, հետո միայն բերում բանուկ մի հատված՝ սկսելով հյուրասիրվել ու հյուրասիրել։ «Հետաքրքիր էր, որ որպես սոցիալական միջոցառում՝ այս ծեսը բազմաֆունկցիոնալ է․ օգտագործվում է նաեւ համայնքային նշանակության կարեւոր հարցեր բարձրաձայնելու համար՝ սկսած ընդհանուր քաղաքական խնդիրներից մինչեւ աղջիկ մարդու տալու հարցեր»,- պատմում է Ռոմանն ու հիշում․ «Մեր գիտական խմբի երիտասարդ գործընկերուհուն փորձում էին համոզել ամուսնանալ գյուղում, ու դա պատահական չէ․ ծեսը կապված է պտղաբերության, բարօրության, բերք ու բարիքի հետ, բնական է, որ այդ տեսակ հարցեր էլ են քննարկվում»։ Այս թեմայի շուրջ հետազոտության արդյունքները Ռոմանն ամփոփել է իր համահեղինակությամբ գրված «Կաթնավով մատաղ»` անձրեւաբեր եւ անձրեւախափան ծես Սյունիքում» գիտական հոդվածում։

Այս տարվա բանահավաքչական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, Ռոմանն ու խմբի անդամներից մեկը՝ Հասմիկը, մեկնել են Շիրակի մարզ՝ հավաքագրելու տեղացիների՝ ջրին առնչվող հավատալիքների, ջրային հուշարձանների վերաբերյալ հուշերը։

Հասմիկ Գալստյանը, որ մասնագիտությամբ բանագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու, մեր զրույցում անկեղծանում է՝ ջրի հանդեպ իր հետաքրքրասիրությունը խոր արմատներ ունի․ «Մանկությունս անցել է Ախուրյան գետի ափին, ամենավառ հուշերս այդ գետի հետ են կապված, եւ ջուրը իմ կյանքի անբաժան մասն է, մինչեւ երկրաշարժը նաեւ պրոֆեսիոնալ լողով եմ զբաղվել»,- ասում է նա՝ ընդգծելով՝ ջուրը բոլոր ժամանակներում տնտեսության զարգացման հիմնական միջոցն է։

Հասմիկի ուսումնասիրման առանցքում այժմ Շիրակի ջրանցքն է, ինչպես ընդունված է ասել, «Շիրկանալ»-ը։ Լինելով արմատներով շիրակցի՝ նա սկսել է գրառել ջրանցքի մասին բանահյուսական նմուշներ՝ խաղիկներ, երգեր, իրապատում զրույցներ, վեր հանել ջրանցքի կառուցման պատմությունն ու մինչ օրս անհայտ որոշ մանրամասներ:

Շիրակի ջրանցքը Խորհրդային Հայաստանում ոռոգման համար նախատեսված առաջին ջրանցքն է, որ գրեթե մեկ դար ծառայում է բնակչությանը։ Սկիզբ առնելով Կապս գյուղի մոտ գտնվող մայր թունելից՝ Ախուրյան գետի ջուրը հոսում է 21 կմ երկարությամբ ջրանցքով՝ մի կողմից տարածաշրջանի 8000 հա հողատարածքը ոռոգելու, մյուս կողմից Շիրակի հիդրոէլեկտրակայանն աշխատեցնելու նպատակով։

Շիրակի ջրանցքի կառուցման, բացման արարողության լուսանկարները՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի արխիվից

Հասմիկը պատմում է, որ Շիրակի ջրանցքի կառուցումը շատ նշանակալի է եղել Խորհրդային իշխանությունների համար (դրա հետ կապված այնպիսի լոզունգներ են ձեւավորվել, ինչպես, օրինակ, «Շիրջրանցքը Մեքքա է», «Շիր-Լեն-Ջրանցքը աշխատանքի հաղթական կոթողն է», «Ով չի տեսել Շիրջրանցքը, չի տեսել Խորհրդային Հայաստանը» եւ այլն)։ Բանն այն է, որ սելջուկների արշավանքների եւ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Շիրակի բերրի հողերն ամայացել են, 1870-ական թվականներից ջրանցքի կառուցման հարցը դրվել է Ցարական իշխանությունների առաջ, սակայն տարբեր պատճառներով (Առաջին աշխարհամարտ, Ցեղասպանություն եւ այլն) այն մոտ 50 տարի այդպես էլ առկախված է մնացել եւ հանգուցալուծվել է միայն Խորհրդային կարգերի հաստատման օրոք (կառուցվել է 1922-1925 թթ)։

«Շիրակի ջրանցքը Խորհրդային Հայաստանի առաջին խոշորագույն կառույցն էր, որը ամայության մեջ գտնվող մի հսկայան դաշտավայր պետք է ոռոգեր եւ հետագայում հող նախապատրաստեր արդյունաբերության համար (դրանից անմիջապես հետո սկսվեց Շիրակի հիդրոէլեկտրակայանի կառուցումը), եւ դա դարձավ քարոզչության մի գործիք Խորհրդային իշխանությունների համար․ ով ինչ ուզում էր խոսել ընդդեմ ԽՍՀՄ-ի, ասում էին՝ այ, տես՝ ինչ են կառուցում»,– նշում է Հասմիկը։

Բանահավաքչական աշխատանքներ Վահրամաբերդ գյուղում, հունիս, 2023 թ․

Ուսումնասիրության ընթացքում Հասմիկը մեծ տեղ է հատկացրել ջրանցքին առնչվող շինարարական զոհերի թեմային, որոնց մասին պաշտոնական աղբյուրները լռել են․ «Ես ուսումնասիրել եմ 20-րդ դարի առաջին երեսնամյակի պարբերական մամուլը («Մարտակոչ», «Խորհրդային Հայաստան» եւ այլն), որտեղ ամեն համարի մեջ Շիրջրանցքը գովերգող մի բան գրված է, բայց զոհերի մասին որեւէ հոդված չկա, միայն «Խորհրդային Հայաստան» օրաթերթի 1924 թ․ 94-րդ համարում առկա է հետեւյալ գրառումը․ «Մարդկանց վնասվելու, դժբախտ դեպքերի քանակի տեսանկյունից թունելը գուցե առաջին տեղը բռնի քչության տեսանկյունից․ նախ, աշխատանքային վայրում ոչ մի մահվան դեպք չի պատահել, ճիշտ է, եղել է պայթյունից առաջացած միայն մի մահվան դեպք, բայց ոչ աշխատանքային վայրում»։ Սակայն ես, ծնունդով Շիրակից լինելով, մանկությունից լսել եմ տարբեր զրույցներ, երբ, օրինակ, ասում էին՝ գիտե՞ս՝ Ցոլոյի Սաքոն, որ խեղճ է, փող է հավաքում, ինչի՞ է էդպես․ դա դեռ պապից է գալիս․ խեղճը մնաց կանալի ջրի տակ, խեղդվեց, ու նրանց ընտանիքը դարվանը դառավ, այսինքն՝ ամեն ինչ շուռ եկավ գլխիվայր»։

Այստեսակ պատմությունները Հասմիկին մղել են բանահավաքչության, եւ անձամբ գրի առած զրույցների արդյունքում նա վեր է հանել որոշ տեղեկություններ այդ զոհերի մասին։ Ըստ դրանց՝ 1926 թ․ գարնանը՝ թունելների մաքրման աշխատանքների ժամանակ սառցաբեկորները կոտրելիս, ջրի մեծ հոսք է եղել, եւ շինարարների մեծ մասը մնացել է ջրի տակ։ Միհրան անունով մի բանվորի օգնությամբ, որը լողալ է իմացել, շատերը փրկվել են, 6-ը՝ զոհվել․ նրանցից 4-ը՝ Վահրամաբերդ, 2-ը՝ Կապս գյուղերից։ Կապս գյուղի զոհերի անունները Հասմիկին ճշտել դեռ չի հաջողվել, իսկ Վահրամաբերդի զոհերին նա նույնականացրել է․ Հարությունյան Մինաս (մնացել է փլուզման տակ), Ավոյան Աղասի (մնացել է փլուզման տակ), Մկրտչյան Մկրտիչ (խեղդվել է), Հարությունյան Գարեն (խեղդվել է)։

Հասմիկն ընդգծում է՝ ուրախալին այն է, որ արխիվային նյութը հետագայում լրացնում է իր հավաքագրած բանահյուսական նմուշները․ արխիվում աշխատելիս նա մի պայմանագիր է գտել՝ կնքված ջրանցքը կառուցող ընկերության եւ պետական մարմնի միջեւ, որի կետերից երկուսը եղել են հնարավոր վնասների եւ առողջապահական փոխհատուցումների մասին։ Դրանցով, ի թիվս այլնի, սահմանվել է, որ զոհերի ընտանիքները ազատվում են խմելու եւ ոռոգման ջրերի հարկերից, ինչը գործել է մինչեւ ԽՍՀՄ փլուզումը։

Խմբի երիտասարդ անդամներից է Անի Սարատիկյանը։ Նա ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանության բաժինը, ապա՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության բաժնի մագիստրատուրան, այժմ հայցորդ է ՀԱԻ-ի նույն բաժնում եւ կրտսեր գիտաշխատող՝ ՀԱԻ–ի վաղ հնագիտության բաժնում։ Հնագետ դառնալը Անիի մանկության երազանքն է եղել, իսկ գիտությամբ զբաղվելը՝ առավելապես հասուն տարիքի որոշում։ Թեեւ երիտասարդ հետազոտողի ճանապարհը ՀՀ-ում, ըստ Անիի, բարդ է, միեւնույն ժամանակ լի է հրաշքներով․ «Որպես հնագետ՝ դու գնում ես մի ճանապարհով, եւ ինքդ էլ չգիտես՝ ուր ես հասնելու, բայց Ինստիտուտում կան հրաշալի մարդիկ՝ մեր ավագ ընկերները, որ պատրաստ են մեր ձեռքից բռնել եւ տանել իրենց հետեւից՝ փորձելով բացել, այլ ոչ թե փակել դռները մեր առաջ»։

Ծրագրի շրջանակում Անին հետազոտում է երկաթեդարյան (եւ ոչ միայն) այն կոթողները, որոնք առնչվում են ջրօգտագործման մշակույթին։ Այդ նպատակով նախորդ տարի՝ 2022 թ-ին, ստուգողական պեղումներ են կատարել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղում, որտեղ 2021 թ․ հողային աշխատանքների ժամանակ մոտ 1 մ 20 սմ խորության վրա քարե արձան-կուռքեր են հայտնաբերվել։ Ի դեպ, դրանք պատահմամբ հայտնաբերել է տեղացիներից մեկը, որը, հուրախություն հնագետների, բարեխղճություն է դրսեւորել եւ հայտնել իրենց այդ մասին։

Կոթի գյուղի պեղումներն ու հայտնաբերված քարե արձանները, օգոստոս, 2022 թ․

Անին նկարագրում է՝ հայտնաբերված գտածոները մոտ 2 մ բարձրությամբ, մշակված քարե քանդակներ են․ մեկը՝ ձկնակերպ (առաջին լուսանկարում՝ ձախից առաջինը), մյուսը՝ մարդաձկնացլակերպ (առաջին լուսանկարում՝ ձախից երկրորդը)։ Ուշագրավ է հատկապես երկրորդը, որը, ըստ Անիի, տարածաշրջանում նմանը չունի իր մոնումենտալության առումով․ դրա վրա տեսանելի են մարդկային աչքեր, քիթ, բերան, իսկ բերանի ներքեւում՝ մորուքանման մի պատկեր, որն էլ հենց մտածմունքների տեղիք է տալիս։ Բանն այն է, որ մարդկային մորուքից բացի այն հիշեցնում է ե՛ւ վիշապաքարերին հատուկ ցլապատկեր (վիշապաքարերը, ինչպես հայտնի է, ջրի պաշտամունքին հարող քարե կոթողներ են, որ լինում են ձկնակերպ, ցլակերպ եւ ձկնացլակերպ), ե՛ւ ըստ հնագետների առաջ քաշած վարկածի՝ իր վրա կրում է հեռավոր միջագետքյան՝ իմաստության, ստորգետնյա ջրերի և աղբյուրների Էա աստծո պատկերագրության ազդեցությունը․ «Արձանի ձեւաբանական հատկանիշները միացնելով՝ կարող ենք ենթադրել, որ այն մի խառնէակ է, որում համադրվել են ցլապատկերը, ձկնաձեւ իրանը, մարդակերպ դիմագծերը՝ ներկայացնելով` «ձուկ-մարդ» աստվածությանը»,- ասում է Անին։

Շարունակելով պեղումները, որոնց, ի դեպ, տեղի դպրոցականներն էլ են կամավոր մասնակցել եւ օգնել, արշավական խումբը հայտնաբերել է նաեւ երրորդ կոթողը, որ նույնպես ձկնակերպ է, ունի մշակված պոչ: Նույն տեղանքում հայտնաբերվել են նաեւ տարբեր ժամանակաշրջանների խեցեղեն բեկորներ, տարբեր չափերի քարեր, մարդկային եւ կենդանական մնացորդներ։

Հնագետի խոսքով՝ հայտնաբերված քարե կոթողները ակնհայտորեն իրենց միջավայրում չէին, կարծես այդտեղ բերված եւ թաքցված լինեին, ուստի իրենք չունեն այն համալիրը, որտեղ դրանք կանգնեցված են եղել, եւ չեն կարող ամբողջությամբ վերականգնել այդ կոթողների իմաստային նշանակությունը։ Այնուհանդերձ, ըստ Անիի, դրանք կարծես վիշապաքարերի, այսպես ասած, «իրավահաջորդը» լինեն, որ երկաթի դարում նորովի են դրսեւորվել։

Հնագետները հետախուզական մի փոսորակ էլ են արել՝ պարզելով, որ դրանցից 5-6 մետր հեռավորության վրա դամբարաններ կան, որոնցից մեկը՝ մ․թ․ա․ 6-5-րդ դարերի։ Ըստ Անիի՝ դեռ պարզ չէ՝ քարե կոթողների եւ դամբարանի միջեւ որեւէ կապ կա՞ արդյոք, թե՞ ոչ․ «Հնագետ Ստեփան Եսայանը, որ հայտնաբերել է այդ տարածքի 9 կոթողներից առաջինը (եւս 1-ի մասին լսել են, սակայն այն պահպանված չէ), գրել է, որ այն հավանաբար կանգնած է եղել երբեմնի դամբարանի վրա։ Թե ինչու է այդպես կարծում, չի մանրամասնել, բայց երեւի թե նա էլ է տարածքը ուսումնասիրել եւ կոթողը դամբարանի մոտ գտել»,- պատմում է Անին՝ հավելելով, որ դամբարանի տարածքի գտածոներն այժմ Ինստիտուտի լաբորատոր մշակման բաժնում են։

Անին, որ արմատներով հենց Տավուշից է, սկսել է ուսումնասիրել նաեւ Իջեւանի շրջանի Բերքաբեր գյուղի ջրամբարը (հայտնի է որպես Ջողազի ջրամբար), որը խորհրդանշական իմաստներ ունի։ Ջրամբարի նախագծման աշխատանքները սկսվել են 1965 թ․-ին, բուն շինարարությունը՝ 1974թ․-ին։ Այն կառուցել են հայ եւ ադրբեջանցի շինարարները (մասնակցել են նաեւ վրացի շինարարներ)՝ համատեղ օգտագործման նպատակով։ Այժմ էլ ջրամբարը պայմանական սահմանաբաժան է․ մի կեսը Բերքաբերում է, մյուսը՝ ադրբեջանական Մըզըմ գյուղում։

Ջրամբարի հին լուսանկարները՝ Բերքաբերի պատմաազգագրական թանգարանի հիմնադիր Նորայր Արզումանյանի արխիվից

Նմանօրինակ ջրամբարի կառուցումը, ըստ հնագետի, շատ սիմվոլիկ է եղել Սովետական իշխանությունների համար, որոնց գաղափարախոսությունն էր ժողովուրդների բարեկամությունը (ջրամբարի բացումը ԽՍՀՄ 60-րդ տարեդարձի առիթով է եղել): Սակայն տարիների հետ երբեմնի բարեկամական սիմվոլիզմ ունեցող ջրամբարը փոխել է իր նշանակությունը՝ անմասն չմնալով սահմանային սրացումներից։ 1990-ականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո խողովակաշարերը վնասվել են, եւ ի սկզբանե 23 գյուղ ոռոգող ջրամբարից այժմ միայն Բերքաբերի մերձակա մի քանի տնտեսություն է կարողանում օգտվել․ մյուսների համար այն դարձել է սոսկ ձկնորսության վայր։ Անին ասում է՝ 2017 թ․-ին բնակիչները ջրամբարի մոտ դեղձի այգի են հիմնել՝ անվանելով այն «Խաղաղության այգի»։ Այգու բերքը արտահանում են աշխարհի տարբեր երկրներ՝ նշելով, որ դրանք «Խաղաղության այգու» պտուղներն են։

Ի դեպ, երբ ջրամբարի շինարարության ժամանակ փորումներ են արվել, հայտնաբերվել են վաղբրոնզեդարյան գտածոներ, որոնք առիթ են հանդիսացել հետագա բազմամյա պեղումների։ Ի վերջո, գյուղի բնակիչներից մեկի՝ գրող, հրապարակախոս Նորայր Արզումանյանի (1931-2018 թթ) ջանքերով այդտեղ պատմաազգագրական թանգարան է հիմնվել, որը, թեեւ պարբերաբար հրետակոծության է ենթարկվել եւ վնասվել, կանգուն է մինչեւ այսօր։

Խմբի երիտասարդ անդամներից է նաեւ Ավետիս Գրիգորյանը, որ սովորել է նախ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, ապա՝ ԵՊՀ-ում, մոտ մեկ ամիս առաջ էլ ՀԱԻ-ում պաշտպանել է թեկնածուական թեզը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նա 2017 թ․-ից Ինստիտուտի գիտաշխատող է, դասավանդում է նաեւ ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղում։

Ավետիսն ասում է՝ հնագետ դառնալը մանկության երազանք չի եղել, բայց պրպտելու այդ բնավորությունը իրեն միշտ հատուկ է եղել․ «Երիտասարդ գիտնականի առաջ բոլոր դռները բաց են, միակ խնդիրն այն է, որ գումարը քիչ է, կա, բայց քիչ է, իսկ գիտությամբ զբաղվելը հաճելի ու պատվաբեր աշխատանք է, պետք է ուղղակի սիրել ու ամեն ինչ կստացվի»։

Ծրագրի շրջանակում Ավետիսի ուսումնասիրման առանցքում միջնադարն է․ «Ես զբաղվում եմ միջնադարյան ժամանակաշրջանի՝ ջրին առնչվող հնագիտական վայրերի ուսումնասիրությամբ՝ ջրամբարներ, ջրամատակարարման համակարգեր, ջրանցքներ, նաեւ հարակից պատմական տվյալներով, քանի որ միջնադարյան հնագիտությունը միշտ օգտվում է գրավոր սկզբնաղբյուրներից՝ վիմագրեր ու մատենագրական տեղեկություններ»։

Ըստ Ավետիսի՝ մարդկության պատմության բոլոր ժամանակներն էլ առանձնահատուկ են, բայց տվյալ դեպքում միջնադարն այն ժամանակաշրջանն է, երբ թե՛ գիտելիքի, թե՛ տեխնոլոգիաների առումով ամեն ինչ իր գագաթնակետին է հասել․ «Եթե բրոնզի դարում, երկաթի դարում, անտիկ ժամանակներում ամեն ինչ քիչ-քիչ էր, միջնադարում այդ ամբողջն ամենամեծ հավաքածուն է դառնում, եւ ուսումնասիրելու շատ բան կա»։

Հայկական լեռնաշխարհում ոռոգման համակարգերի թեմայով ՀԱԻ-ում գարնանը կայացած գիտաժողովին Ավետիս Գրիգորյանը, խմբի անդամ Բորիս Գասպարյանը եւ եւս մի քանի համահեղինակ ներկայացրել են զեկույց Միջնադարյան Հայաստանում ջրային պաշարների կառավարման վերաբերյալ՝ ըստ հնագիտական եւ գրավոր սկզբնաղբյուրների։ Ավետիսը նշում է՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջնադարյան Հայաստանում գոյություն է ունեցել «խմելու եւ ոռոգման ջուր», ջրի հերթ՝ «առավոտյան եւ երեկոյան ջուր», նաեւ՝ «ոռոգվող եւ անջրդի հողեր» հասկացությունների տարբերակում․ «Միջնադարյան վիմագրերը հստակ ցույց են տալիս, որ հողի նման՝ ջուրը, ջրանցքն ու առուն եւս կրել են ապրանքային բնույթ. դրանք կարելի էր վաճառել կամ նվիրաբերել»,-պատմում է նա ու ընդգծում՝ ջրի հասանելիության կարգը կամ այպես կոչված «ջրի հերթը» հայոց միջնադարյան իրավունքի մաս է կազմել։

Ինչ վերաբերում է դաշտային աշխատանքներին, Ավետիսի մասնակցությամբ արշավական խումբը դրանց մի մասն իրականացրել է նախորդ տարի Սեւանա լճի արեւելյան ավազանի տարածքում, մի մասը՝ ավելի վաղ․ այնտեղ, ըստ Ավետիսի, հնագետները պեղումներ են իրականացնում տարիներ շարունակ․ «Մենք կարողացել ենք Սեւանի հարավարեւելյան ավազանի պատմությունն ամբողջացնել, տեղազննել միջնադարում բնակեցված ամրոցները, սրբավայրերը, ուսումնասիրել կոթողները՝ խաչքարերն ու տապանաքարերը»։ Ավետիսի խոսքով՝ Սեւանը բացառիկ է մեր երկրում, որովհետեւ միակ ջրային ավազանն է, որ հնարավոր է նավարկել․ «Այս առումով ուսումնասիրում ենք Սևանա լճում կիրառված նավակների, նավարկությունների և նավակայանների վերաբերյալ պատմահնագիտական տվյալները, լճամերձ բնակավայրերն ու վանքերը, փորձում ենք պարզել, թե լճի ջուրը ոնց է օգտագործվել միջնադարում, մարդիկ ինչպես են օգտվել Սևանի ջրային, ձկնային եւ կոմունիկացիոն ռեսուրսից»,- պատմում է Ավետիսն ու ներկայացնում՝ արդեն կան նախնական մի շարք տվյալներ։

Դրանք վերաբերում են երեք հիմնական հուշարձանների՝ Արտանիշի թերակղզու Ադա մենաստանին, Գիլլի լճի ավազանում գտնվող Սպիտակավոր եկեղեցուն եւ Սոթքի ամրոցին։ Երեքն էլ, ըստ Ավետիսի, նախքան պեղումները եղել են լքված, որոշակիորեն մոռացության մատնված, իրենք մաքրման աշխատանքներ են իրականացրել, ուսումնասիրել հնագիտական շերտերը։

Խոսելով դրանց մասին՝ Ավետիսը մանրամասնում է՝ Ադա մենաստանը եղել է բավականին մեծ վանական համալիր, բայց դրա վերաբերյալ պատմական տվյալներ գրեթե չկան․ «Մենք պատառիկներ ենք հանել, եւ սա առաջին հետազոտությունն է, որ հիմք կդառնա հետագայում շարունակական հետազոտության։ Բոլորս գիտենք, որ Սեւանա կղզին է Սեւանի միակ կղզին, բայց պարզվում է, որ Արտանիշում ինչ-որ ժամանակ կղզի է եղել եւ փաստորեն, երկրորդ կղզի-վանքն է Սեւանա լճում, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ,- ասում է Ավետիսն ու բացատրում՝ 20-րդ դարակեսին ջրի մակարդակը 16 մետրով իջել է, եւ այն այժմ ամբողջությամբ թերակղզի է։

Պեղումներ Ադա մենաստանի տարածքում, օգոստոս, 2022 թ․

Թե սրբավայրը որ դարի է, դժվար է ասել, համենայն դեպս, ըստ հնագետի, պարզ երեւում է, որ այն, ինչ այժմ տեսանելի է, ուշ միջնադարյան է՝ 15-16-րդ դարերի․ «Բայց պեղումներով հայտնաբերված խաչքարերի բեկորներն ու վանքի միակ արձանագրությունը ցույց են տալիս այստեղ սրբավայրի գոյությունն առնվաղն 10–11–րդ դարերից։ Հետագա մեծ ծավալի պեղումներով գուցե հնարավոր լինի ավելի հանգամանորեն պարզել մենաստանի պատմությունն ու թվագրությունը»։

Ուսումնասիրված մյուս հուշարձանը Գեղամասարի Սպիտակավոր եկեղեցին է՝ չորացած Գիլլի լճի ավազանում։ Այս հուշարձանի ֆենոմենը, ըստ Ավետիսի, այն է, որ դրա տարածքում մոտ 3000 տարի առաջ շարունակական սրբավայր է եղել, որի կենտրոնում հայտնաբերվել է վիշապաքար, ինչը եւս փաստում է, որ Սեւանի արեւելյան ավազանում ջրի պաշտամունք է եղել։ Այն Սեւանի արեւելյան ափին պահպանված միակ վիշապաքարն է, որը հետագայում՝ 10-րդ դարում, խաչքարացվել է եւ կանգնեցվել գլխիվայր։

Պեղումներ Սպիտակավոր եկեղեցու տարածքում, օգոստոս, 2021 թ․

Ավետիսի խոսքով՝ շատ հաճախ վիշապաքարի վրա խաչ քանդակելիս նպատակ չեն ունեցել ցլի կամ ձկան պատկերը լրիվ մաքրել, պարզապես կոթողի կենտրոնական հատվածում խաչ է արվել․ «Բացի նրանից, որ վիշապաքարը պատրաստի տաշված քար էր, խաչքարացնելով գուցե նաեւ փորձել են հին կրոնը ոչնչացնել եւ նորը՝ քրիստոնեությունը, բարձրացնել»,– բացատրում է Ավետիսն ու հավելում՝ Գիլլի վիշապաքարը թվագրվում է Ք․ա․ 2-րդ հազարամյակով, խաչը՝ 10-րդ դարով, իսկ վիշապաքարի վրա կառուցված եկեղեցին, որն այժմ ավերակ է՝ 14-16-րդ դարերով։

Ինչ վերաբերում է Սոթքի ամրոցին, այն, ըստ ուսումնասիրության, կարեւոր հենակետ է եղել վաղմիջնադարյան Դվին-Պարտավ առեւտրական ճանապարհին՝ հսկելով Սեւանի ավազանից դեպի Սոթքի լեռնանցք եւ ոսկու հանքեր տանող ռազմավարական ճանապարհը։ Սեւանից հանված ջրային մթերքները եւս այդ ճանապարհով են տեղափոխվել, եւ ամրոցից վերահսկվել է դրա ընթացքը։ Ամրոցի անկումից հետո տարածքը լքվել է եւ վերածվել գերեզմանոցի։

Ավետիսի կարծիքով՝ միջնադարյան ջրօգտագործման մշակույթը բացահայտելու համատեքստում լճամերձ հուշարձանների ուսումնասիրությունը կարեւոր է՝ առավել ամբողջական պատկերացում կազմելու համար, որովհետեւ դրանք ուղղակիորեն շաղկապված են, օգնում են բացահայտել, թե ջրափի բնակավայրում ինչպես է ապրել մարդը, ինչ մշակույթի կրող է եղել, լճի առկայությունն ինչպես է ազդել նրա կենցաղի ու աշխարհայացքի վրա։

Պեղումներ Սոթքի ամրոցի տարածքում, օգոստոս, 2020 թ․

Սեւանի շուրջ պեղումները արշավական խումբը շարունակելու է հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ պեղումների արդյունքները հընթացս ամփոփվելու եւ հրատարակվելու են։ Դրանց մի հատվածն արդեն իսկ տեղ է գտել 2022 թ․ լույս տեսած «Ծովային Հայաստան. Ուդուրի-Էթիունի երկրի հնագիտական ժառանգությունը» գրքում։

Ծրագրի շրջանակում Ինստիտուտի շենքում նախատեսվում է նաեւ լաբորատորիա–աշխատասենյակ ստեղծել։ Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։

Աշխատանքային ընթացք, հունիս, 2023 թ․

Գիտնականներն ընդգծում են՝ աշխարհում կարող է փոխվել մետաղների կամ նավթահանքերի հանդեպ վերաբերմունքը, բայց ջուրը ոչնչով հնարավոր չէ փոխարինել, այն ռեսուրս է, որի համար մեծ պատերազմներ են ընթանում․ պատմական շատ կոնֆլիկտներ կապված են նաեւ ջրի հետ։ Դրա պարզ օրինակներից է 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զորքի տեղակայումը Սյունիքի մարզի Սեւ լճի մոտ եւ նկրտումները Սեւանա լճի նկատմամբ։ Այս եւ բազում այլ գործոններ, ըստ նրանց, ազդակ են՝ գիտական եւ գիտահանրամատչելի ձեւով ջրի ակունքները վեր հանելու, ջրի հանդեպ մեր վերաբերմունքը վերարժեւորելու, մեր ռեսուրսները ըստ արժանվույնս գնահատելու եւ մեզ՝ որպես այդ ռեսուրսի կրող, աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ Ջրօգտագործման մշակույթի ծրագրի անդամներն այժմ այդ ճանապարհին են։

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան, տեսանյութերը՝ Սարգիս Խարազյանի եւ Սվետլանա Մովսիսյանի, լուսանկարները՝ Ռոման Աբովյանի եւ Ջուլիետտա Հովհաննիսյանի, մոնտաժը՝ Ռոման Աբովյանի

«Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։

Created By
infocom. am
Appreciate