Loading

Ճանապարհորդություն դեպի քարաքոսերի աշխարհ․ Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբից ներս

Պատահե՞լ է, որ քարի վրա բարակ, գունավոր շերտ տեսնեք, ու առաջին հայացքից ձեզ թվա, թե դա մամուռ է… Իրականում ձեր առջև քարաքոս է՝ մի հետաքրքիր «օրգանիզմ», որն այնքան էլ օրգանիզմ չէ։ Կային ժամանակներ, երբ քարաքոսերը համարվում էին բույսեր։ Բայց երբ գիտնականները խորությամբ ուսումնասիրեցին դրանք, պարզեցին, որ քարաքոսերն ամենևին էլ բույսեր չեն, այլ բարդ համակարգեր՝ համակեցություններ, որտեղ կան սնկեր և ջրիմուռներ։

Որպեսզի հասկանանք, թե ինչ են քարաքոսերն, ու ինչպես են դրանք առաջանում, պիտի մի փոքր խոսենք սնկերից, քանի որ ամեն ինչ սկսվում է հենց նրանցից։

Սնկերը բազմանում են սպորների միջոցով․ սպորը պոկվում է մայր օրգանիզմից, քամու հետ թափառում, մինչև մի հարմար վայր է գտնում և այնտեղ աճում։

Coprinellus ցեղի սնկերը

Բայց երբեմն այնպես է պատահում, որ սպորն իր ճանապարհին հանդիպում է մի ջրիմուռի, որին այլևս բաց չի թողնում։ Դա սեր է առաջին հայացքից․ սպորը հասկանում է, որ առանց ջրիմուռի չի կարող ապրել, և այդ օրվանից նրանք դառնում են մի ընտանիք ու սկսում հոգ տանել միմյանց մասին։

Քարաքոսը՝ մոտիկից

Սունկը ջուր ու հանքային նյութեր է վերցնում, ջրիմուռը սնկի համար թթվածին է արտադրում՝ օգտագործելով արևի լույսն ու ածխաթթու գազը, և քանի որ մեկը մյուսին աջակցում է, նրանք կարողանում են գոյատևել ամենադժվար պայմաններում։ Հենց այս ընտանիք-համագործակցությունն էլ քարաքոսն է։

Քարաքոսերը երկարակյաց են, և դրանց կարելի է հանդիպել անգամ ամենաէքստրեմալ պայմաններում՝ քարերի վրա, ժայռերի վրա, ծառերի ճյուղերին, անգամ ջրի մեջ։

Մինչև վերջերս Հայաստանի քարաքոսերի մասին գիտական հետազոտությունների հաճախ չէիք հանդիպի։ Իրավիճակը փոխվեց 2020-ին, երբ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում գիտական նոր խումբ ձևավորվեց, որը սկսեց զբաղվել Հայաստանի քարաքոսերի ուսումնասիրությամբ։

Այս խմբի հիմքերը դրվել էին դեռ տարիներ առաջ, երբ այն ժամանակ ուսանող Արսեն Գասպարյանը սկսեց հետաքրքրվել քարաքոսերով։

2010-ականներին նա բակալավրիատի ուսանող էր և զուգահեռ որպես լաբորանտ աշխատում էր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Բուսաբանության և սնկաբանության ամբիոնում, որտեղ զբաղվում էր սնկերի ուսումնասիրությամբ։ Դրանք ժամանակներ էին, երբ համացանցը հասանելի չէր, ու այժմյան հնարավորությունները չկային, բայց դա չէր խանգարում նրան ակտիվ ու պրպտող ուսանող լինել։

Արսեն Գասպարյանը

Մագիստրատուրայում սովորելու տարիներին Արսեն Գասպարյանին հնարավորություն ընձեռվեց մեկնելու Գերմանիա՝ Բեռլինի Ազատ համալսարանի բուսաբանական այգի։ Այնտեղ նրա գիտական ղեկավարն էր քարաքոսաբան Հարի Սիպմանը։ Հենց նրա միջոցով Արսեն Գասպարյանը բացահայտեց քարաքոսերի աշխարհը, որը միանգամից գրավեց նրան։

«Ինձ հետաքրքրեց առաջին հերթին այն, որ գրեթե ոչ մեկը դրանով չէր զբաղվել Հայաստանում. մի քանի հոգու հետազոտություններ կային, բայց շատ մեծ բաց կար»,- պատմում է նա։

Գերմանիայում ուսումն ավարտելուց հետո Արսեն Գասպարյանը հասկացավ, որ ցանկանում է դոկտորական աշխատանքը գրել հենց Բեռլինի Ազատ համալսարանում։ Հայաստան վերադառնալուց հետո նա Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակ ստացավ ու կրկին մեկնեց Գերմանիա, որտեղ դոկտորական աշխատանքի շրջանակում սկսեց ուսումնասիրել Հայաստանի քարաքոսերը․ ժամանակի մի մասն անցկացնում էր Հայաստանում, այստեղից հավաքում քարաքոսերի նմուշներ, հետո դրանք տանում Գերմանիա, ուսումնասիրում, որոշում տեսակները, իրականացնում մոլեկուլային կարգաբանական լաբորատոր ուսումնասիրություններ։

Այդ պահին Հայաստանում հայտնի էր քարաքոսերի 422 տեսակ, իսկ Արսեն Գասպարյանի հետազոտությունների արդյունքում բացահայտվեց ևս 200-ը։

Բուսաբանական այգին և Բուսաբանության ինստիտուտը

«Ինձ համար շատ կարևոր էր, որ ես իրականացնում եմ հետազոտություն, որը նպաստում է Հայաստանում գիտության զարգացմանը և համաշխարհային գիտությանը»,- ասում է նա։

Արսեն Գասպարյանը հիշում է, որ Գերմանիայում գիտությամբ զբաղվելը բոլորովին այլ էր․ գիտնականներն ազատված էին լոգիստիկ, թղթաբանական հարցերից ու ավելի կենտրոնացած էին իրենց հետազոտությունների վրա։ Չնայած այս ամենին՝ երբ դոկտորական աշխատանքն ավարտելուց և գիտական կոչում ստանալուց հետո նա առաջարկ ստացավ մնալու Բեռլինի Ազատ համալսարանում, որոշեց վերադառնալ Հայաստան։

Վերադարձից հետո Արսեն Գասպարյանը որոշ շրջան գիտությամբ ակտիվորեն չէր զբաղվում, քանի որ սկսել էր աշխատել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում։ Մի քանի տարի անց, սակայն, նա հասկացավ, որ ուզում է վերադառնալ գիտությանը։ Հենց այդ ժամանակ էլ՝ 2020-ին, դիմեց Գիտության կոմիտեի՝ խմբերի մեկնարկի դրամաշնորհին, հաղթեց, ու Բուսաբանության ինստիտուտում ձևավորվեց Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը։

Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը սկսեց համալրվել երիտասարդ գիտնականներով, որոնցից մի քանիսը որոշ ժամանակ անց լքեցին խումբը` ընտրելով գիտության այլ ճյուղեր։ Ռազմիկ Սարգսյանը, սակայն, խմբում է դրա հիմնադրման առաջին օրվանից։

Մասնագիտությամբ կեսաբան Ռազմիկը պատմում է, որ ուսանողական տարիներին գիտությամբ զբաղվելու մտքեր չուներ։ Բակալավրիատն ավարտելուց հետո Ռազմիկն ու կուրսընկերները որոշել էին ստարտափ հիմնել։ Ստարտափի նպատակն էր մի մեթոդ մշակել, որը թույլ կտար մանրէների միջոցով չափել ջրի աղտոտվածության մակարդակը։ Քանի որ նրանք մասնագիտացած էին կենդանաբանության ուղղությամբ, որոշեցին իրենց ստարտափի համար մի քանի խորհուրդ հարցնել ֆակուլտետի դասախոսներից Հովիկ Փանոսյանից, որն աշխատում էր Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում։ Այդ ժամանակ նրանք հասկացան, որ միայն խորհրդատվությունը բավարար չէ, և իրենց գաղափարն իրագործելու համար անհրաժեշտ է մանրէաբանությունից հիմնավոր գիտելիքներ ստանալ։ Հենց այդպես էլ Ռազմիկը հայտնվեց Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում։

Ռազմիկ Սարգսյանը

Մագիստրատուրայում սովորելու առաջին տարում, երբ Ռազմիկը պիտի սկսեր մագիստրոսական թեզը գրել, Հովիկ Փանոսյանը նրան խորհուրդ տվեց զբաղվել քարաքոսերի կենսատեխնոլոգիայով, բայց նաև զգուշացրեց, որ մինչ այդ դրանով գրեթե ոչ մեկը չի զբաղվել, և շատ դժվար է լինելու։

«Քանի որ ես այդպիսի բարդ ճանապարհներ սիրում եմ, համաձայնեցի»,- հիշում է Ռազմիկը

Երբ պատրաստվում էր թեզի համար հետազոտություններ իրականացնել, նա որոշեց նախ խորհրդակցել իր ծանոթներից Արսեն Գասպարյանի հետ, որին ճանաչում էր «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից։ Վերջինս այդ ժամանակ դեռ իր դոկտորական աշխատանքն էր գրում։

Նրանք երկուսով Հայաստանում դաշտային աշխատանք իրականացրին, որի ընթացքում Արսեն Գասպարյանը բացատրեց, թե ինչ սկզբունքով է պետք աշխատել քարաքոսերի հետ։ Այդպես Ռազմիկը սկսեց ուսումնասիրել քարաքոսերն ու գրեց մագիստրոսական թեզը։

Ռազմիկը

2020-ին, երբ նոր էր ստեղծվում Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը, Արսեն Գասպարյանը Ռազմիկին առաջարկեց միանալ խմբին։ Վերջինս հիշում է, որ այդ ժամանակ ինքն արդեն սկսել էր սովորել ասպիրանտուրայում և զուգահեռ աշխատում էր ախտորոշման կլինիկաներից մեկում, քանի որ ասպիրանտական կրթաթոշակը շատ ցածր էր։ Դա կորոնավիրուսային համավարակի տարին էր, և ախտորոշման կլինիկաներն աշխատում էին գերծանրաբեռնված ռեժիմով։

Բուսաբանության ինստիտուտում քարաքոսերն ուսումնասիրելու գաղափարը դուր եկավ Ռազմիկին․ նա թողեց մասնավոր կլինիկայում աշխատանքն ու միացավ խմբին՝ զուգահեռ շարունակելով հետազոտությունները ԵՊՀ-ում։

Ուսանողական տարիներին մտածված ստարտափը, փաստորեն, ադյպես էլ գաղափար մնաց, բայց մանրէաբանության ամբիոն գալը Ռազմիկի համար բացահայտեց քարաքոսերի և գիտության աշխարհը։

Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբում քարաքոսերի ուսումնասիրությունը կարևոր են համարում մի քանի պատճառով։ Առաջին հերթին, անհրաժեշտ է հասկանալ Հայաստանում քարաքոսերի կենսաբազմազանությունը, այսինքն՝ ինչ տեսակներ կան, այդ տեսակներից որոնք են վտանգված, և որոնք է անհրաժեշտ ներառել Հայաստանի Կարմիր գրքում։

Մյուս կողմից էլ կարևոր է հասկանալ, թե քարաքոսերն ինչ կիրառություններ ունեն մարդկանց առօրյայում և ինչ նոր հնարավոր կիրառություններ կարող են գտնել ամենատարբեր ոլորտներում։

Համաշխարհային գիտության տեսանկյունից էլ կարևոր է այն, որ քարաքոսերի մասին տեղեկությունները փոխանակվում են միջազգային գործընկերների հետ, որոնք, օրինակ, ցանկանում են հասկանալ, թե ինչ նմանություններ ու տարբերություններ ունեն Հայաստանում և մեկ այլ երկրում աճող նույն տեսակի քարաքոսերը։

Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի անդամները

Քարաքոսերի ուսումնասիրության համար նախ գիտարշավներ են անցկացվում, Հայաստանի տարբեր մարզերից նմուշներ են հավաքվում և բերվում լաբորատորիա, որտեղ դրանք ուսումնասիրվում են։ Ծանոթանանք Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի անդամներ Նառայի ու Մարիամի հետ և հետևենք, թե ինչպես են նրանք նմուշառում քարաքոսերն ու նախնական ուսումնասիրությամբ պարզում դրանց տեսակը։

Գիտությունն ու լուսանկարչությունը՝ մի տեղում

Նառա Սարգսյանը պատմում է, որ կենսաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո տարվել էր լուսանկարչությամբ․ լուսանկարում էր կենդանիների ու բույսերի։ Նա երբևէ չէր մտածել գիտնական դառնալու մասին։ Բայց ամեն բան փոխվեց, երբ Բուսաբանության ինստիտուտից առաջարկ ստացավ միանալու Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբին։

Քարաքոսերի հետ աշխատանքը Նառային այնքան հետաքրքրեց, որ նա միացավ թիմին ու որոշեց գիտությամբ զբաղվել։ Այժմ Նառան պատրաստվում է դիմել ասպիրանտուրա, և նրա հայցորդական թեման վերաբարելու է հենց քարաքոսերի ուսումնասիրությանը։

Նառա Սարգսյանը

Իսկ լուսանկարչությունը Նառան չի թողել. հիմա նրա լուսանկարչական մուսաները գիտարշավների ժամանակ հանդիպող քարաքոսերն ու սնկերն են։

«Սթարմուսի» ժամանակ ծանոթությունը և գիտնական դառնալու որոշումը

2022-ի սեպտեմբերին Մարիամ Գևորգյանը նոր էր վերադարձել Իտալիայից։ Նա Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մագիստրոս էր և փոխանակման ծրագրով մեկնել էր Իտալիա՝ Տուշայի համալսարան։

Սեպտեմբերի առաջին օրերին Երևանում անցկացվում էր գիտության և երաժշտության «Սթարմուս» փառատոնը, որի ժամանակ Մարիամը ծանոթացավ Արսեն Գասպարյանի հետ։ Վերջինս, իմանալով Մարիամի հետաքրքրությունների մասին, առաջարկեց նրան գնալ Բուսաբանության ինստիտուտ, ծանոթանալ իրենց գիտական խմբին ու ցանկության դեպքում միանալ։ Հենց այդպես էլ Մարիամը դարձավ խմբի անդամ։

Մարիամ Գևորգյանը

Նա ասում է, որ միշտ էլ հետաքրքրությամբ է հետևել Հայաստանի երիտասարդ գիտնականներին, մտածել, որ ինքն էլ կուզեր գիտությամբ զբաղվել, բայց նաև շրջապատից հաճախ է լսել, որ գիտությունը սահմանափակող է, այստեղ հնարավորությունները շատ չեն։ Հիմա, երբ Մարիամն աշխատում է Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբում, գիտության մասին պատկերացումները փոխվել են։

«Մի քանի օր առաջ ավարտեցի մագիստրատուրան։ Ասպիրանտուրայի մասին, իհարկե, մտածում եմ արդեն․ հաստատ կդիմեմ։ Հիմա տեսնում եմ՝ գիտության հնարավորությունները շատ-շատ են, մանավանդ որպես երիտասարդ գիտնական կայանալու և տարբեր միջազգային ծրագրերի ու փորձի փոխանակմանը մասնակցելու»,- ասում է նա։

Մարիամն ու Նառան քարաքոսերի նմուշներ են հավաքում։

Քարաքոսերի նմուշները հավաքելուց և տեսակի նախնական որոշումից հետո դրանց մի մասն ուղարկվում է լաբորատորիա, մյուս մասը համալրում է հերբարիումը (hերբարիումը հատուկ պայմաններում պահվող բույսերի հավաքածու է):

Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի հերբարիումը

Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի հերբարիումում միայն նրանց հավաքված նմուշները չեն պահպանվում․ այստեղ հին նմուշներ էլ կան, որոնք ժամանակին հավաքել են հայտնի բուսաբաններ, ակադեմիկոսներ, Բուսաբանության ինստիտուտի հիմնադրումից հետո՝ ինստիտուտի աշխատակիցները։

«Արխիվում, սկսած 1915, 1920 թվականից, նմուշներ կան ու պիտակավորված են՝ որ թվականին որ տարածքից են հավաքվել։ Այդ նմուշները բավականին լավ վիճակում պահվել են»,- ասում է Մարիամը։

Այս քարաքոսը պահպանվել է 1980 թվականից

Հերբարիումը օգտագակար է հատկապես այն դեպքում, երբ գիտնականները որոշում են ուսումնասիրել, թե ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել որևէ տեսակ ժամանակի ընթացքում, և պահպանված հին նմուշը համեմատում են նորի հետ։ Հենց այդ պատճառով էլ Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը համալրում է հերբարիումն իր գիտարշավների ընթացքում հավաքած նմուշներով, որ դրանք հետագայում ևս հնարավոր լինի ուսումնասիրել։

Երբ քարաքոսի նմուշը հասնում է լաբորատորիա, նախ մաքրվում է հողից, մամուռներից, մի խոսքով՝ այն ամենից, ինչ ավելորդ է։ Այնուհետև քարաքոսը թափահարելու եղանակով փոշիացվում է, որից հետո արդեն կարելի է նմուշից ԴՆԹ անջատել ու դրա տեսակը որոշել։

Նախ հասկանանք՝ ինչ է ԴՆԹ-ն, և ինչու է պետք քարաքոսի տեսակը որոշելու համար դրանից ԴՆԹ անջատել։ Կենդանի օրգանիզմների հատկանիշները որոշվում են դրանց գեներով, իսկ բոլոր գեների ամբողջությունը գենոմն է։ Հենց գեների միջոցով է պարզ դառնում, թե որ օրգանիզմն ինչ տեսակի է պատկանում։

Քարաքոսերի նմուշները սրվակներում

Հիմա հասկանանք՝ որն է ԴՆԹ-ի դերը։ ԴՆԹ-ն (ամբողջական անունը՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու) օրգանիզմների համար կենսական նշանակություն ունեցող մոլեկուլ է, որն ունի երկար, երկպարույր շղթայի տեսք և կազմված է առանձին հատվածներից։ Այդ հատվածներից յուրաքանչյուրը պահպանում է տեղեկություն մի որևէ գենի մասին և կարծես այդ գենի անձնագիրը լինի։ Ստացվում է, որ ամբողջական ԴՆԹ-ն մեծ շտեմարան է, որն իր մեջ պահում է օրգանիզմի բոլոր գեների մասին ինֆորմացիան։

Որպեսզի հասկանաք, թե այս կամ այն օրգանիզմն ինչ գենոմ ունի, նախ պիտի կարողանաք «կարդալ» նրա ԴՆԹ-ում պահվող ինֆորմացիան։ Հենց դրա համար էլ լաբորատորիայում փոշիացված քարաքոսի նմուշից անջատվում է ԴՆԹ-ն։ Անջատված ԴՆԹ-ն վերծանվում է հատուկ սարքերի՝ սեկվենատորների միջոցով, որոնք կարողանում են կարդալ ԴՆԹ-ում գեների մասին գրված կամ կոդավորված ինֆորմացիան։

Ռազմիկը մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում պատմում է, թե ինչպես է տեղի ունենում ԴՆԹ-ի անջատման գործընթացը։

Սունկը՝ գլխավոր դերում

ԴՆԹ-ն անջատված է․ ժամանակն է քարաքոսի տեսակը որոշելու։ Սա այնքան էլ հեշտ չէ, քանի որ քարաքոսի մեջ, բացի գլխավոր դերակատարներից՝ սնկից ու ջրիմուռից, կան տարբեր բակտերիաներ, երբեմն էլ՝ որոշ պարազիտ սնկեր։ Եվ ԴՆԹ-ի անջատման գործընթացի արդյունքում ստացվում են այդ բոլոր օրգանիզմների ԴՆԹ-ների հատվածները։ Հետևաբար, նախ պետք է հասկանալ, թե այս բոլոր օրգանիզմներից որի գենոմի հիման վրա է որոշվում քարաքոսի տեսակը։

Ռազմիկը նշում է, որ տեսակը որոշելու նպատակով վերցվում է սնկի գենոմը, քանի որ նոր քարաքոսերն առաջանում են հենց սնկի սպորների տարածվելու միջոցով։

Այդ պատճառով էլ, հենց ԴՆԹ-ի բոլոր հատվածները սեկվենավորվում են (վերծանվում են սեկվենատորի միջոցով), դրանցից առանձնացվում են այն հատվածները, որոնք պատկանում են սնկին։

Այս քարաքոսի վրա կարող եք տեսնել սնկերն ու ջրիմուռները

ԴՆԹ-ի այդ հատվածներում կոդավորված ինֆորմացիան համեմատվում է տվյալների համաշխարհային բազայի հետ, որտեղ տարբեր տեսակի սնկերի գենոմի մասին տվյալներ են ներառված։ Այդպես որոշվում է, թե որ տեսակին է պատկանում քարաքոսի սունկը, ըստ սնկի էլ որոշվում է քարաքոսի տեսակը։

Գիտության կոմիտեի աջակցությամբ Բուսաբանության ինստիտուտում վերջերս հիմնվել է մոլեկուլային կենսաբանության լաբորատորիա, և այն կամաց-կամաց համալրվում է անհրաժեշտ սարքավորումներով։ Լոգիստիկ խնդիրների պատճառով տեսակների որոշման գործընթացում կարևոր դեր ունեցող մի քանի սարքեր դեռ Հայաստան չեն հասել։ Այդ պատճառով խումբն այժմ համագործակցում է հայաստանյան ինստիտուտների ու արտասահմանյան լաբորատորիաների հետ, որպեսզի կարողանա բոլոր փորձերն իրականացնել։ Հենց սարքերը տեղ հասնեն, տեսակների որոշման գրեթե ողջ գործընթացը հնարավոր կլինի իրականացնել Բուսաբանության ինստիտուտում։

Նառան ծնունդով Վարդենիսից է։ Երբ նա արդեն զբաղվում էր քարաքոսերի ուսումնասիրությամբ, բնակիչների հետ զրույցներից մեկի ժամանակ բացահայտեց, որ իրենց տարածաշրջանում մարդիկ առօրյայում օգտագործում են քարաքոսի մի տեսակ` իրենք էլ չիմանալով, որ դա քարաքոս է։

Նառան նշում է, որ մի առիթով այդ մասին պատմեց Արսեն Գասպարյանին, և նրանց խոսակցությունից հետո որոշվեց խմբի գիտական ուղղություններին ավելացնել ևս մեկը՝ էթնոքարաքոսաբանությունը։ Էթնոքարաքոսաբանության նպատակն է հասկանալ, թե ժողովրդի մեջ քարաքոսերն ինչ կիրառություններ են ունեցել, և արդյոք շարունակվո՞ւմ են մինչև օրս էլ կիրառվել։ Էթնոքարաքոսաբանության ուղղությամբ հետազոտությունները խումբն իրականացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ Հնա- և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի հետ համատեղ, որի ղեկավարն է Ռոման Հովսեփյանը։

Նառան և Մարիամը

«Նախ ուզում ենք հասկանալ այն տեսակը, որ երկար տարիներ օգտագործվել է, քանի որ բանասացների ինֆորմացիայից հասկացանք, որ տասնյակ տարիների պատմություն ունի ավանդույթը։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ այդ կենսաբանական տեսակը ինչ վիճակում է գտնվում, եթե մարդիկ երկար տարիներ օգտագործել են, արդյոք վախ կա՞, որ վտանգի զոնայում է։ Ուզում ենք պարզել՝ էլ ինչ տեսակներ կան, որ կիրառվում են։ Մենք ինֆորմացիա ստացանք նաև, որ Սյունիքի մարզում նման ավանդույթ կա»,- ասում է Նառան։

Թե խոսքն ինչ ավանդույթի մասին է, և մարդիկ ինչ նպատակով են օգտագործում այդ քարաքոսը, Նառան ու գործընկերները դեռ չեն ցանկանում բացահայտել․ ասում են՝ հետազոտությունը չեն ավարտել ու արդյունքների մասին կպատմեն աշխատանքների ավարտից հետո։

Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի ուսումնասիրությունների մի մասն էլ նվիրված է սնկերին․ երբ գնում են գիտարշավների, քարաքոսերի հետ նաև սնկերի նմուշներ են հավաքում, լաբորատորիայում ուսումնասիրում ու երբեմն Հայաստանի համար սնկերի նոր տեսակներ բացահայտում ու գրանցում։ Խումբը համագործակցում է Միացյալ Նահանգներում գործող Հայ սնկաբանների միջազգային կոնգրեսի հետ, որը հիմնարդել են ամերիկահայ սնկաբան երիտասարդներ։

«Մի քանի ծրագրեր ենք նախատեսում միասին իրականացնել․ որոշ ծրագրերի մասին շուտ է խոսել, դեռ զարգացման փուլում են, բայց կոնկրետ մեկը, որն այս պահին իրականացնում ենք, ծառերի արմատների սիմբիոզի (համակեցություն,- խմբ․) ուսումնասիրությունն է։ Հետազոտության մի հատվածն անում ենք մեր լաբորատորիայում։ Հողի հետ միասին հանվում են անտառային ծառի արմատներն իրենց բնական պայմաններից։ Հասկանում ենք՝ արմատի ու սնկի և բակտերիաների, այլ օրգանիզմների միջև ինչ կապ կա, ու ինչպես է հնարավոր այդ ամեն ինչն իմպլեմենտացնել ուրիշ ոլորտներում կամ ինչ-որ ագրոլուծումներ տալ դրան»,- նշում է Ռազմիկը։

Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբում կարևորում են իրենց աշխատանքների հանրայնացումը։ Ինստիտուտի Բուսաբանական թանգարանի մի հատվածը նվիրված է քարաքոսերին ու սնկերին․ այստեղ ցուցադրված են նմուշներ, որոնք հայտնաբերել և ուսումնասիրել են խմբի գիտնականները։

Բուսաբանական թանգարանի՝ քարաքոսերին ու սնկերին նվիրված հատվածը

Խմբի անդամները նաև ֆեյսբուքյան էջ են բացել, որտեղ մարդկանց գիտահանրամատչելի լեզվով պատմում են քարաքոսերի ու սնկերի մասին։ Այս գործում Նառան համատեղում է իր երկու սիրելի զբաղմունքները՝ գիտությունն ու լուսանկարչությունը․ գիտարշավների ժամանակ լուսանկարում է քարաքոսերն ու սնկերը, հետո այդ լուսանկարները հրապարակվում են խմբի էջում, որ հանրությունը կարողանա ծանոթանալ դրանց։

«Եթե մենք այդ կաթիլը չդնենք, մարդ չի իմանա ու չի հետաքրքրվի դրանով․ դա փակ շղթա է։ Վերջին տարիներին սնկերի և քարաքոսերի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է, մարդիկ իրենք հավաքում, նկարներ են ուղարկում։ Իմ ընկերներից մեկը Լոռու մարզի Վահագնի գյուղում սունկ էր նկարել, ուղարկել, պարզվեց՝ Հայաստանի համար միջազգային Կարմիր գրքում գրանցված նոր տեսակ է։ Սա պարտադիր յուրաքանչյուր գիտական միավորի գործունեության մաս պետք է լինի։ Ոչ թե պարտադրված, այլ իրենք պետք է գիտակցեն, որ իրենց պատասխանատվությունն է ինչ-որ ձևով ավելի հասանելի դարձնել այն, ինչ որ անում են»,- ասում է խմբի ղեկավար Արսեն Գասպարյանը։

Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբում նաև աշխատատանքներ են տարվում նոր կադրերի ներգրավելու ուղղությամբ։ Քարաքոսերի ուսումնասիրությունը Հայաստանում գիտական նոր ուղղություն է, և հետազոտություններն ընդլայնելու համար ավելի մեծ թիմ է անհրաժեշտ։

Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը Բուսաբանական այգում

«Մենք նախատեսում ենք իրականացնել տարբեր սեմինարներ, աշխատարաններ, ներգրավել համալսարաններից ուսանողների, նույնիսկ բարձր դասարանի աշակերտների, որոնք դեռ փնտրտուքների մեջ են իրենց մասնագիտության վերաբերյալ, նրանց ցույց տալ, որ կա այսպիսի ալտերնատիվ, այսպիսի աշխատանքներ են տարվում, և այդպես խթանել շարժը դեպի ինստիտուտ»,- ասում է Ռազմիկը։

Հեղինակ՝ Աննա Սահակյան, տեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի ու Ռոման Աբովյանի

«Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։

Created By
infocom. am
Appreciate