Loading

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ «Մի օր արթնացա ու զգացի, որ քայել չեմ կարողանում․․․ բայց դա ինձ չկոտրեց, ես սովորեցի ապրել լիարժեք կյանքով»

Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում ծնված Արփինե Հարությունյանը երբեք չէր կարող պատկերացնել, որ 14 տարեկանում մի սովորական օր կարթնանա և դպրոցական պայուսակը վերցնելու ու դպրոց գնալու փոխարեն մեջքի սաստիկ ցավից ստիպված կլինի անշարժանալ, պառկել անկողնում, իսկ ժամեր անց բժիշկներից կլսի, որ այլևս քայլել չի կարողանալու։ Սակայն, անսպասելի հիվանդությունը, մեկ օրում փոխված իրականությունը ոչ միայն Արփինեին չեն կոտրել, այլև՝ լավատեսությամբ լցվելու, և կյանքի ամեն վայրկյանը արժևորելու հնարավորությունն են տվել։ Արփինեն դպրոցն ավարտել, բարձրագույն կրթություն է ստացել, աշխատանք է ձեռք բերել, մեքենա վարել սովորել և որոշել է, որ պետք է ապրել կյանքը լիարժեք։

«Սիրելի՜ անծանոթ, ուզում եմ քեզ հետ կիսվել իմ պատմությամբ, գուցե դու ևս ունես նույն խնդիրները, տեղաշարժման սահմանափակություններ, հիասթափության անհաղթահարելի պահեր, առաջ շարժվելու վախեր։ Ես այնքան լավ գիտեմ, թե ինչ դժվար է։ 13 տարի է անցել 2009թ-ից, երբ իմացա, որ հաշմանդամություն եմ ձեռք բերել։

Փետրվար ամիսն էր, ես 14 տարեկան էի, լավ հիշում եմ, պետք է գնայի դպրոց, որոշեցի գրքերս վերցնեմ, կրկնեմ, բայց զգացի, որ մեջքի ահավոր ցավ ունեմ, անսովոր էր, ուզում էի՝ վեր կենալ, ոտքերս բոլորովին չէի զգում։ Չէինք պատկերացնում՝ ինչ է կատարվում, մտածում էինք՝ գուցե սեզոնային գրիպ է, բայց հարազատներս զգացին, որ վիճակս լուրջ է։ Մոտիկ գյուղից բժշկուհի բերեցին, բժիշկն ասաց՝ շուտ տարեք հիվանդանոց, որ նորմալ հետազոտեն, երեկոյան հասանք Ստեփանակերտ, բժիշկները եկան, ստուգեցին, իրենք էլ ոչ մի բան չէին հասկանում, ասացին՝ տարեք Երևան։

Հիշում եմ՝ տարան վերակենդանացման բաժանմունք, լսում էի՝ ոնց են բժիշկներն ասում․ «էս գիշեր կարող ա մահանա»։ Մահանալն ամենահավանական սցենարն էր, բայց ես միշտ ասում եմ՝ Աստծո գործն էր, որ ապրեցի։

Սկսվեցին բուժումները։ Բուժումների ընթացքում միայն հասկացա, որ մասնագետը չի ասում՝ սա արա, որ քայլես, այլ ասում է՝ այսպես արա, որ օրինակ՝ ինքդ անկողնուց տեղափոխվես սայլակ, կարողանաս ամենատարրական բաներն անել ու ես այդ ժամանակ սկսեցի գիտակցել, որ իրենք ինձ սովորեցնում եմ իմ նոր կարգավիճակին։

Իրանք էլ չգիտեին՝ ինչ դիագնոզ դնեին, ասում էին՝ կարո՞ղ է ընկել ես, մեկը խփե՞լ է, վերջում ախտորոշեցին, որ ինչ-որ վիրուսից ողնուղեղի նյարդը վնասվել է ու նման հետևանքի հանգեցրել։

Հեշտ չէր նոր իրականությունը, բայց կյանքի հանդեպ չչարացա, եթե չարանայի, գուցե այս Արփինեն չլինեի։

Ես այդ դեպքից հետո սկսեցի կյանքը բոլորովին այլ դիտանկյունից նայել, այնպիսի մանրուքներ արժևորել, որ նախկինում անգամ չէի նկատի։ Հիվանդանոցում բուժումներից հետո վերականգնողական կենտրոն սկսեցի հաճախել, այնուհետև շարունակեցի դպրոցի դասերս, բայց արդեն տնային ուսուցմամբ։

12-րդ դասարան էի, դպրոցի ավարտական քննություններն էին, հորեղբայրս (որը նաև դպրոցի տնօրենն էր), մայրս ոգևորեցին, որ միասնական քննություններին էլ մասնակցեմ։ Եթե իրենք չլինեին, գուցե չմտածեի, որ կարող եմ համալսարան ընդունվել։ Եվ ես այն Արփինեն չէի լինի, եթե ինձ հնարավորություն չընձեռնվեր սովորելու։

Բարեհաջող քննությունները հանձնելուց հետո համալսարանի բնագիտական ֆակուլտետի դեկանը կանչեց, ասաց՝ ուզում եմ խոսեմ էդ աղջկա հետ, լավ միավորներ ունի, հարցրեց՝ ի՞նչ մասնագիտական առարկաներ ես սիրում, խորհուրդ տվեց տեղեկատվական համակարգեր՝ դեպի ծրագրավորում, որը ինձ հարմար էր։

Ընդունվեցի Արցախի պետական համալսարան՝ կառավարման տեղեկատվական համակարգեր։ Քանի որ տեղաշարժման խնդիր կար, թույլ տվեցին՝ դասերն անել տնից ու միայն քննություններին մասնակցել։ Ավարտելուց հետո էլ որոշեցի ընդունվել մագիստրատուրա՝ տնտեսագիտություն և կառավարում բաժինը։ Քույրս ու եղբայրս էլ արդեն սովորում էին Ստեփանակերտում, ես էլ գյուղից տեղափոխվեցի Ստեփանակերտ։

Այդ ժամանակ էլ որոշեցի մեքենա վարել սովորել, որն ինձ հնարավորություն կտար անհարմար քաղաքում տեղաշարժվելու։ Սկզբում իհարկե անսովոր էր մեքենա վարելը, բայց բարդ չէր, մեքենան էլ հատուկ հարմարեցված է։

Համալսարանում դասերին զուգահեռ շարունակում էի վերականգնողական կենտրոն գնալ, այնտեղից էլ մի օր աշխատանքի առաջարկ ստացա՝ որպես վիճակագիր աշխատելու։ Այդ պահից սկսեցի ինձ ավելի լավ զգալ, քանի որ ավելի ինքնուրույն դարձա, սեփական գումարը վաստակեցի։

Հետո Ինսթիգեյթ մոբայլի ծրագրավորման դասերի մասին իմացա, մասնակցեցի ու աշխատանքի անցա՝ որպես ծրագրավորող, 2018-ից մինչ այժմ էլ աշխատում եմ։

Հիմա, որ հետ եմ նայում՝ հիշում եմ էն Արփինեին ու էս Արփինեին, արդյո՞ք ես 15 տարեկանում՝ գյուղում սայլակին նստած կպատկերացնեի, որ կկարողանամ հաջողությունների հասնել, ունենալ այսպիսի ակտիվ ու լիարժեք կյանք։ Միանգամից ոչնչի չես հասնում։ Դժվարությունները շատ են, բայց նաև պետք է պայքարել ու ձգտել՝ հաղթահարելով վախերը, կառչելով քեզ աջակցող մարդկանց ամեն ոգեշնչող խոսքից։

Մեր քաղաքներն անհարմար են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, ոչինչ հարմարեցված չէ, բայց անգամ այդ պայմաններում երբեք չպետք է տանը նստես, փակվես ու ոչինչ չանես։

Միշտ մտածում եմ՝ ֆիզիկականը որքան էլ սահմանափակ լինի, դու կարող ես մտքով առաջ նայել ու ամեն ինչի հասնել։

Ես երջանիկ կլինեմ, որ իմ օրինակը քեզ կամ մեկ ուրիշին ոգեշնչի, հանկարծ տեսնեք ու հետևեք ինձ սոցիալական ցանցերում ու որոշեք, որ եթե Արփինեն կարողացել է, ապա՝ ես ևս կարո՛ղ եմ, պե՛տք է հասնեմ հաջողության ու ապրեմ լիարժեք կյանքով»։

Հեղինակ՝ Արփինե Արզումանյան

Լուսանկարիչ՝ Նելլի Շիշմանյան

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / «Հոդված 3» ակումբ / Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ