Loading

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողնե՛ր, երբե՛ք չհուսահատվեք, գործել է պետք

43-ամյա Կարինե Հարությունյանը 16 տարի առաջ լույս աշխարհ բերելով շատ սպասված որդուն, չէր էլ մտածում, թե հնարավոր է երեխան լսողության խնդիր ունենա։ Ամիսներ անց բացահայտված խնդիրը Կարինեին ու ընտանիքին ստիպեց ամեն օր պայքարել։ Պայքարի պտուղները կինն արդեն քաղում է․ 16-ամյա որդին այժմ ինքնուրույն ընդունվել է երկրի լավագույն կրթօջախներից մեկը, և ոչ միայն լսում է ու խոսում, այլև օգնում ուրիշներին էլ հաղթահարել այս խնդիրը։ Կարինեն դիմում է բոլոր նրանց, ովքեր բախվել են այս խնդրին ու կոչ անում ոչ մի րոպե չհիասթափվել ու չկորցնել հույսը։

«Երեխայի ծնունդը, երևի, ամենասպասված իրադարձությունն է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Աննկարագրելի զգացողություն է. սկզբում նրան ես սպասում, հետո՝ քեզ «մամա» կանչելուն, առաջին քայլին: Բայց լինում է նաև՝ սպասումդ չի արդարանում, բոլոր երազանքներդ փշրվում են, ու հասկանում ես՝ հնարավոր է՝ երբեք չլսես սպասված «մամա»-ն, չտեսնես քայլելը: Ձեր ընտանիքներում էլ հիմա, գուցե, նման իրավիճակ է ու ես անպայման ուզում եմ գրել, կիսվել ձեզ հետ իմ պատմությամբ, ասել՝ մի՛ կոտրվեք, դրա ժամանակը չէ: Ձեզ մեծ, ահռելի, անդադար աշխատանք է սպասվում, բայց գալու է օր՝ վայելելու եք դրա արդյունքը:

Արամս ծնվեց 2005թ.-ին, շատ սպասված երեխա էր՝ ընտանիքի առաջնեկը: Ինն ամսական էր, երբ տարած բրոնխիտից հետո հերթական անգամ ստուգման տարա ու բժիշկը որոշեց միանգամից զարգացման թերթիկն էլ լրացնել: Հերթով անցնում էր կետերով, երբ նայեց ինձ ու հարցրեց՝ «երեխան իր անունին արձագանքո՞ւմ է», մի պահ մտածեցի, կարծես՝ չէ: Ասաց՝ «ուշադիր եղեք, ժամանակն է»: Սա էր:

Դուրս եկանք, նստեցինք տաքսի ու ես ամբողջ ճանապարհին տարբեր կողմերից «Արամ, Արամ» էի կանչում. ոչ մի արձագանք չկար: Վարորդին խնդրեցի, շրջվեցինք ու նույն պահին վերադարձանք պոլիկլինիկա: Քիթ-կոկորդ-ականջաբանն իր ունեցած բոլոր հնարավորություններով ստուգեց Արամին. ձայներին չէր արձագանքում: Բժիշկն ասաց՝ դեռ մի հուսահատվեք, հնարավոր է՝ խցան լինի: Պատասխանը սպասելու երեք օրերը հույսով էին լցված, բայց՝ չէ: Պարզվեց՝ Արամի ձախ ականջում խլություն է, աջում՝ 4-րդ աստիճանի ծանրալսություն՝ լսելու ու չլսելու սահմանին:

Երբ նման բան ես լսում երեխայիդ մասին, գալիս է «ինչուների» փուլը: Ամեն օր ինքդ քեզ հարցնում ես՝ «ես ի՞նչ մեղքի տեր եմ», «ինչո՞ւ հենց իմ երեխայի հետ». այս ինչուներն, ի վերջո մոլորության են բերում, խճճում, խեղճացնում ու շատ կարևոր է, որ ճիշտ պահին ձեր կողքին սթափեցնող մեկը լինի, որ ասի՝ դրա ժամանակը չէ: Մեր դեպքում սթափեցնողները բժիշկներն էին: Այս առումով բոլոր մասնագետների՝ բժիշկների, սուրդոմանկավարժների, աուդիոմետրիստների հարցում մեր բախտը շատ է բերել:

Ինչուներից հետո գործելու փուլն է: Այս փուլում ես հասկացա՝ մարդու ուղեղը գերբնական ուժ ունի: Ախտորոշուման պահից հետ եմ գնացել ու օր առ օր, ժամ առ ժամ հիշել եմ Արամի արձագանքները ձայներին՝ փորձելով հասկանալ՝ խնդիրը երբ է առաջացել. գուցե, դա օգտակար լիներ հետագա աշխատանքի համար: Հիշել եմ, որ հայրս մեր տանը վերանորոգում էր անում, իսկ տղաս այդ ձայներից չէր արթնանում, հիշել եմ, որ քրոջս երեխան մի օր Արամի կողքին բարձր ձայն հանեց ու նա վեր թռավ: Ուզում եմ ասել՝ վստահեք ապացուցողական բժշկությանը, մենք իսկապես շատ սրտացավ մասնագետներ ունենք: Եթե երեխայի մոտ ինչ-որ խնդիր են գտել, ժամանակ մի կորցրեք ինչ-որ անհասկանալի բժշկողների վրա, որոնք հավատացնում են, որ հատուկ բառերով կամ պապական մեթոդներով կբուժեն նրան: Միաժամանակ, անսահման հավատ ունեցեք, առանց դրա անհնար կլինի: Ես միշտ հավատացել եմ՝ Արամս խոսելու է, հասկանալու է՝ ինչ է բաժակը, թեյը, տաքը, այսօրը, վաղը:

Երբ ձեր երեխայի մոտ խլություն են ախտորոշել, երկու ճանապարհով կարող եք գնալ՝ կա՛մ ժեստերի լեզուն, կա՛մ խոսքի զարգացումը: Մենք ընտրեցինք երկրորդը, որովհետև ժեստերի լեզվին մեր հասարակությունում շատ քչերն են տիրապետում ու չէինք ցանկանում, որ սահմանափակվեն Արամի շփումները։

1 տարեկանում լսողական սարք տեղադրեցինք:

Չեմ տեսել Արամի դեմքը, երբ առաջին անգամ ձայն լսեց, այդ պահին նրան ամուր գրկած էի: Բայց հետո շատ եմ նման տեսանյութեր նայել համացանցում ու հուզվել. «Արամս, բալես, երևի դու էլ ես այսպիսի դեմք ունեցել»:

Հաջորդ փուլն օրագրերն էին: Քանի որ երեխան փոքր է ու չի կարող ծնողին ասել, թե սարքի օգնությամբ որ ձայնն է լսում, որը՝ չէ, պետք է անդադար հետևել նրա արձագանքին. դուռը թակեցին՝ արձագանքեց, կանչեցի՝ նայեց, հեռուստացույցը միացավ՝ չլսեց: Աննկարագրելի քանակի գրառումներով տետրեր:

Այս շրջանում ծնողը երեխայի հետ պետք է լսել «սովորի»: Արթնանա ու սկսի ֆիքսել՝ ինչ լսեց. բակում մեքենա անցավ, հարևանն աղմուկով փակեց դուռը, հայրիկը լվացվելու համար բացեց ծորակը: Սկզբում ինքդ ես «սովորում» լսել, հետո լսածդ փոխանցում երեխայիդ:

Արամի առաջին գիտակցված բառն Արցախ գնալու ճանապարհին էր: Ամբողջ ընտանիքով էինք, հանգստանալու համար կանգ էինք առել գետի ափին, մեր կողքով մի կով անցավ, Արամը տեսավ նրան ու կանչեց՝ «մու՜»: Բոլորս ուրախությունից լացում էինք:

Հետո չդադարող աշխատանքի փուլ էր: Սովորում էինք ամեն ինչ ու ամեն տեղ: Նույնիսկ երթուղայիններում ժամանակ չէի կորցնում, պատմում էի Արամին ամեն ինչ: Հիշում եմ՝ մի օր Մաշտոցի պողոտայով էինք անցնում երթուղայինով, մտանք թունել, ասացի՝ «Արամ, թունելում ենք, այսպիսի ձայն է՝ ուուու՜»: Մեր դիմաց մի կին էր նստած՝ ֆրանսուհու արիստոկրատ արտաքինով, նայեց, ժպտաց, ասաց՝ «ի՜նչ լավն եք»: Արամի մոտ միշտ փորձել եմ չլացել, այդ անգամ չդիմացա, հուզվեցի. այդ կնոջը միշտ հիշում եմ:

Արամին ամբողջ ընտանիքով էինք մեծացնում՝ ինձանից մի բան էր ստանում, հայրիկից՝ այլ, տատիկներից՝ այլ: Անպայման ուզում եմ ասել, եթե ձեր ընտանիքը հիմա անցնում է այս ամենի միջով՝ ոչ մի դեպքում մայրերին մենակ մի՛ թողեք: Առանց բոլորի օգնության ես ոչինչ չէի կարողանա անել, կմնայի մոլորության փուլում:

Արամը բառեր սկսեց սովորել, հետո՝ նախադասություններ, դպրոց գնաց: Միշտ վախենում էի՝ եթե մենք ենք երեխային բառեր սովորեցնում, ինքը հետո կարողանալո՞ւ է ինքնուրույն ավելացնել կամ կիրառել դրանք, դրա լավագույն պատասխանն Արամի վլոգն էր. մի օր եկավ, թե «մամա, ինձ վիդեո եմ արել, գցել Յութուբ, անունն էլ՝ Aram ShoU», մինչև հիմա չենք ուղղում այդ shoU-ն show-ով:

Տարիներ անց էլ՝ մի երեկո աշխատանքից տուն վերադարձանք ամուսնուս հետ, մեզ դիմավորեց, ասաց՝ «մամ, պապ, չխանգարեք, ես հիմա տեսազանգի եմ լինելու, դիմել եմ Դիլիջանի միջազգային դպրոց»: Այդ պահին չեմ կարող ասել՝ ինչ զգացի, անցած ամբողջ ճանապարհն աչքերիս առաջ եկավ:

Հիմա Արամս 16-ամյա թիկնեղ տղա է՝ Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանող, ունի բլոգ, լսելու մասին փոդքասթ է վարում՝ կիսվելով իր փորձով այլ մարդկանց հետ, ու ազատ ժամանակ հոր հետ քննարկում է փիլիսոփայական տեսություններ:

Ձեզ գրելու ընթացքում հուզվում եմ, բայց ուզում եմ հավատաք՝ դուք էլ կարող եք: Երբ Արամի հետ այս ճանապարհի սկզբում էինք կանգնած, շատ երեխաներ կային, որ մեզ համար փարոսի նման էին: Տեսնում էինք, որ չլսող երեխան նույնիսկ ճապոներեն է կարողացել սովորել ու ասում՝ մենք էլ կարող ենք: Ես ինքս ինձ խոստացել էի՝ մի օր էլ Արամը պետք է փարոս դառնա այլ երեխաների համար: Մայրիկներ ու ընտանիքներ, որ այսօր անցնում եք այս ամենի միջով, ուզում եմ ասել ձեզ՝ հեշտ չի լինելու, անդադար աշխատանք է սպասվում, բայց հավատացեք՝ մենք կարողացել ենք, դուք էլ կկարողանաք: Մի՛ մոլորվեք, ոչ մի դեպքում մի՛ հուսահատվեք, ամուր եղեք, հիմա գործելու ժամանակն է»:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Փիրուզա Խալափյանի

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / «Հոդված 3» ակումբ / Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ