Loading

Թղթով ավիրված քարե տնակը

«Արև, արդեն գա՞մ։ Օգնելու բան կա՞»,– քիչ բարձր ձայնով հարցնում է տիկին Գայանեն՝ խախտելով խոհանոցի համեստ լռությունը։
Քիչ անց՝ բակում լվացքը փռելուց հետո, արագ մտնում է խոհանոց։ Այսօր գործը շատ է․ օրվա հերթապահն ինքն է։
«Սիրում եմ այս ժամը։ Սուրճից երբեք չեմ հրաժարվում»,– ասում է նա՝ սեղաններին շարելով ճիշտ 18 հատ փոքրիկ կոնֆետ՝ յուրաքանչյուրին մեկ հատ։

14 տարի սուրճ չի խմել. հոգեբուժարաններում ու խնամքի կենտրոններում այն արգելված է։ Հիմա օրական երեք անգամ վայելքի ժամ ունի՝ սուրճ ու ծխախոտ, իր սիրած ձևով։ Քանի դեռ ցուրտ չէ, երբեմն սուրճը բակում է խմում՝ արագիլի փայտե քանդակի կողքին, որ դրված է խնամքի կենտրոնի մուտքի մոտ։

«Ես ծնվել ու ապրում եմ Երևանում»,– ասում է տիկին Գայանեն։

Ասում է ներկա ժամանակով, չնայած՝ արդեն 20 տարի՝ ոչ մի օր իր տանը չի ապրել։

Գայանե Ասատրյանը Սպիտակի խնամքի տան առաջին 9 բնակիչներից է։ Այստեղ տեղափոխվել է 2016 թ․–ին, երբ բացվել է կենտրոնը։ Դրանից առաջ 14 տարի անցկացրել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատում։

«Հիմա, երբ հետ եմ նայում այդ տարիներին, զարմանում եմ՝ ինչպե՞ս եմ դիմացել։ Ինչպե՞ս չեմ խելագարվել։ Անգամ հիմա վերհիշելիս սարսափում եմ։ 14 տարի՝ լիակատար մենակություն։ Մեկ բաժանմունքում 60 խնամյալ կար, բայց, միևնույն է, ես միայնակ էի։ Չկար մեկը, ում հետ կարող էի խոսել, ինչ–որ բան քննարկել, պատմել։ Այդ ընթացքում խզվել էին կապերս արտաքին աշխարհի հետ»,– ասում է նա։
Պոլիտեխնիկի շրջանավարտ Գայանեին թվում էր՝ իր համար բաց են բոլոր դռները։ Հատկապես իր տան։ Ծնողների մահից և քրոջ ամուսնությունից հետո որոշեց փոխանակել հայրական բնակարանն ու ավելի փոքր, բայց բարեկարգ տուն տեղափոխվել։ Իրեն տրված փաստաթուղթը ստորագրեց առանց կարդալու։ Պարզվեց՝ առք ու վաճառքի պայմանագիր է․
«Մարդը, ում հետ պայմանավորվել էինք բնակարանների փոխանակման մասին, մեր հարևանն էր։ Վստահում էի իրեն։ Բացի այդ՝ թղթերը շտապ էին պետք։ Երբ բերեց փաստաթղթերը, կասկած անգամ չունեի, որ կարող է խաբել ինձ։ Տասնյակ տարիներ ճանաչում էինք իրար»,– հիշում է նա։
Արդյունքում Գայանեն մնաց անտուն։ Օգնության շտապած մորեղբայրը համոզեց, որ կկարողանա լուծել բնակարանի հարցը, բայց իրեն դատարանում հանդես գալու լիակատար ազատություն է պետք, որի համար Գայանեն պետք է անգործունակ ճանաչվի, իսկ մորեղբայրը՝ իր խնամակալը։ Բայց նախ ինքը պետք է հոգեբուժարանում հայտնվեր՝ թեկուզ կարճ ժամանակով։
«Այդպես մորեղբայրս ինձ տարավ հոգեբուժարան, և դիմեց դատարան՝ ինձ անգործունակ ճանաչելու համար։ Ես դատական նիստերին ներկա չեմ եղել, դատարանից ինչ–որ մարդիկ եկան, թղթեր տվեցին, ստորագրեցի։ Այդ ժամանակ ինձ թվում էր, որ դա միակ ելքն է, բայց նա կարող էր չէ՞ օգնել ինձ՝ առանց անգործունակ ճանաչելու։ Ինձ թվում է՝ կարող էր»,– ինքն իրեն որերրորդ անգամ նույն հարցն է տալիս տիկին Գայանեն։
Դատարանը բավարարեց մորեղբոր պահանջը, սակայն Գայանեն իր տուն այդպես էլ չվերադարձավ։ Նրա առջև բացված միակ դռները տանում էին նյարդահոգեբանական տուն–ինտերնատի փոքր սենյակ, որտեղ ապրեց 16 տարի։
«Մորեղբայրս ասաց, որ կզբաղվի բնակարանի վերանորոգման հարցով, և ինձ՝ անհարմարություններից ազատելու համար, ուղարկեց մորաքրոջս տուն՝ Գյումրի։ Այնտեղ ապրեցի մեկ տարի։ Ընթացքում մորեղբայրս ասում էր, որ վարձով է տվել բնակարանս։ Երբ վերադարձա Երևան, պարզվեց՝ ոչ մի վարձակալ էլ չկա։ Մորեղբայրս վաճառել էր բնակարանս ու մեկնել Ռուսաստան, իսկ կարճ ժամանակ անց հանկարծամահ եղել։ Ես մնացի լրիվ անտուն։ Գնացի մորեղբորս կնոջ մոտ, սպառնացի, որ դատարան կդիմեմ, կբողոքեմ։ Նա էլ խոստացավ լուծել հարցը։ Ինձ համար մի փոքրիկ, խարխուլ բնակարան գնեց՝ որպես փոխհատուցում, ու խոստացավ կարգի բերել այն։ Բնակարանի գնման հաջորդ օրը նրա պահանջով տեղափոխվեցի Վարդենիս»,– հիշում է տիկին Գայանեն։

Հայաստանում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձինք անգործունակ են ճանաչվում հիմնականում անձի փոխարեն ֆինանսագույքային գործարքներ կատարելու և անձին խնամքի հաստատություն տեղափոխելու համար (վերջինս օրենսդրական պահանջ է)։ Ընդ որում, այս երկու շարժառիթներն էլ ունեն ինչպես անձին հնարավոր չարաշահումներից պաշտպանելու, այնպես էլ հակառակը՝ անձի ֆինանսական միջոցներն ու գույքն ի վնաս իրեն, ըստ խնամակալի հայեցողության տնօրինելու նպատակ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ անգործունակ ճանաչված անձը զրկվում է իր սեփականատիրական իրավունքներից և քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու հնարավորությունից: Անգործունակ ճանաչված անձի գույքը տնօրինում և նրա անունից գործարքներ կնքում է խնամակալը, բացառությամբ մանր կենցաղային գործարքների, անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքների, որոնց համար նոտարական վավերացում կամ իրավունքի պետական գրանցում չեն պահանջում։ Օրենսդրական նման կարգավորման պայմաններում անգործունակ ճանաչված անձը, փաստորեն, զրկվում է իրեն պատկանող գույքը իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավազորություններից: Խնամակալը որևէ կերպ պարտավորված չէ անձի գույքը, եկամուտները և այլ սեփականությունը տիրապետելիս, օգտագործելիս և տնօրինելիս հաշվի առնել անգործունակ ճանաչված անձի կամքը և ցանկությունները:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանը նշում է, որ անձի սեփականությունը տնօրինելու անհրաժեշտությունը Հայաստանում անձին անգործունակ ճանաչելու հիմնական պատճառներից է, ինչպես նաև անգործունակ ճանաչված անձի սեփականությունը՝ առանց իր համաձայնության և ցանկության, տնօրինելը նրա իրավունքների ամենից հաճախ հանդիպող խախտումներից է:

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է անձին անգործունակ ճանաչելու հնարավորություն, ինչը շատ լուրջ միջամտություն է նրա անձնական կյանքին և այլ իրավունքներին, այդ թվում՝ անգործունակ ճանաչված անձը զրկվում է իր հայեցողությամբ գույք ձեռք բերելու կամ իրեն պատկանող գույքը տնօրինելու իրավունքից: Նման լիազորություն ստանում է վերջինիս խնամակալը: Նման պայմաններում, առանց դատական վերահսկողության անգործունակ ճանաչված անձը կարող է զրկվել իրեն պատկանող սեփականությունից: Մինչդեռ, Հայաստանը, վավերացնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, պարտավորվել է պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց սեփականության իրավունքը, այդ թվում՝ երաշխավորել, որ նրանք կամայականորեն չեն զրկվի իրենց սեփականությունից: Հետևաբար, հաշմանդամություն ունեցող անձինք հավասար հիմունքներով պետք է հնարավորություն ունենան իրացնելու իրենց սեփականության իրավունքը իրենց ցանկությունների և նախասիրությունների հիման վրա, և այդ իրավունքից լիարժեքորեն և արդյունավետ օգտվելու համար պետությունը պարտավոր է նրանց ապահովել իրավական ուժ ունեցող որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ աջակցությամբ»,– ասում է փորձագետը:
Սպիտակի խնամքի տանն իր ազատությունը ոչ ոք չի սահմանափակում․ հաճախ գրադարան ու վարսավիրանոց է գնում։ Ասում է՝ չնայած բոլոր հարմարություններին, միևնույնն է, սա իր տունը չէ։
«Առաջին անգամ, երբ եկա այստեղ, շատ ուրախացա։ Թվում էր՝ հյուրանոց եմ եկել։ Այստեղ ամեն ինչ ուրիշ է․ հեռախոս ու ինտերնետ ունենք, կարողացել եմ ընկերներիս գտնել։ Նրանք երբեմն ինձ այցելում են, երբեմն էլ գումար ուղարկում՝ արտասահմանից։ Հագիս սպորտային կոստյումը ընկերուհուս ուղարկած գումարով եմ գնել։ Այստեղ սովորել եմ գոբելեն գործել, օրվա մեծ մասն այդպես է անցնում»,– ասում է տիկին Գայանեն։
Ճաշի ժամին նորից անցնում է չորս սեղանների արանքով ու իրար կողքի շարում ապուրով և փլավով լիքը ափսեները՝ ճիշտ 18 հատ։ Ճաշից հետո բոլորից շուտ ինքն է դուրս գալիս բակ՝ օրվա հասանելիք 10 ծխախոտից ևս մեկը վայելելու։ Երբ բոլորն ավարտեն, հետ կգնա սեղանները հավաքելու։
«Ի՞նչ ասեմ։ Գնացին, կորան կյանքիս լավագույն տարիները։ Բայց գոնե հիմա ուզում եմ տուն գնալ, ինքնուրույն ապրել։ Այլապես՝ ի՞նչ եմ անում այս կյանքը, ինչի՞ս է պետք։ Գիտեմ՝ կյանքը բարդ է, բայց իմն է, իմն էր»,– ասում է տիկին Գայանեն՝ խնամքի տան մուտքի մոտ դրված արագիլի փայտե քանդակի տակ կանգնած։
«Ի դեպ, գիտե՞ք, որ արագիլները միայն մեկ անգամ են բույն հյուսում»,– հարցնում է նա՝ հրաժեշտից առաջ։

Հիշեցում - Ծխելը վնասակար է առողջությանը։ Այս հրապարակումը ծխելը խրախուսելու նպատակ չի հետապնդում։

Տեքստը՝ Սոնա Մարտիրոսյանի

Լուսանկարները՝ Փիրուզա Խալափյանի

Սույն հրապարակումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության օժանդակության շնորհիվ: Հրապարակման մեջ տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության տեսակետների և դիրքորոշումների հետ: