Loading

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ

32-ամյա Անահիտը (անունը փոխված է) հինգ տարի առաջ բացահայտեց, որ ՄԻԱՎ վարակակիր է։ Ենթադրում է, որ վարակվել է անկանոն սեռական հարաբերություններ ունեցող ամուսնուց։ Չնայած դժվարություններին ու վտանգներին, կինը ռիսկի է դիմել ու լույս աշխարհ բերել երկրորդ երեխային։ Այժմ խնամում է երկու երեխաներին, պարտաճանաչ ընդունում համապատասխան բուժումը, վստահեցնում, որ վարակի հետ հաշտ է ու կոչ է անում ոչ մի դեպքում չհուսահատվել ու պայքարել։

«Երբ իմացա, որ հնարավոր է ՄԻԱՎ վարակակիր լինեմ, միակ բանը, որի մասին մտածում էի՝ դու էիր, միակ մտավախությունս այն էր, որ հանկարծ քեզ էլ վարակած չլինենք, փոքրիկս։ Այդ ժամանակ մեկ տարեկան վեց ամսական էիր, նոր էինք ավարտել կրծքով կերակրումն ու սարսափում էի այն մտքից, որ հնարավոր է այդ կերպ քեզ էլ անցած լիներ այս վարակը։

Առաջինը հայրիկի մոտ հաստատվեց վարակը, բայց դրանից դեռ 7-8 ամիս առաջ արդեն մի քանի բան կարդացել էի ու գիտեի գլխիս գալիքը, վստահ էի, եթե սա չլիներ, այս մասշտաբի մեկ այլ բան էր լինելու, միանշանակ։ Քանի որ, ցավոք, գիտեի նաև, թե կարճաժամկետ հաճույք վայելելու համար ինչեր է արել հայրդ։ Հետո հետազոտություններ անցանք ես ու դու, ինձ մոտ ևս հաստատվեց վարակը, քեզ մոտ, փառք Աստծուն՝ ամեն բան նորմալ էր։

Այդ մի քանի օրը, մինչև կստանայինք հետազոտության պատասխանը, ամենադաժանն էին։ Ես գիտակցում էի, որ 99,9% վարակված եմ, բայց սառն էի դատում, ինձ համար ամենակարևորը քո հետազոտությունների արդյունքներն էին։ Անվերջ գրկում էի քեզ ու սարսափում քեզ կորցնելու մտքից։

Բայց ես ուժեղ եմ արդեն շուրջ հինգ տարի խիստ պարտաճանաչ ընդունում եմ նշանակված բոլոր դեղերը, որի շնորհիվ էլ բավական լավ արդյունք ունեմ։ Իսկ պապան սկզբից չէր խմում, գիտե՞ս, նման խնդիր ունեցողները շատ հաճախ խուսափում են այն ընդունելուց։ Բայց շատ իզուր։

Պետք է ընկալել, համակերպվել, որ կա խնդիր, որը պետք է լուծել, պայքարել դրա դեմ։

Տե՛ս, թեև վարակի հետևանքով մի քանի ամիս իրոք տագնապ կար, բայց քանի որ պարտաճանաչ լսում եմ բժիշկին ու րոպե անգամ չխախտելով դեղս խմում եմ, 900+ է իմունիտետս, շատ առողջ մարդիկ անգամ այդքան բարձր ցուցանիշ չունեն։ Ինչը չեմ ասի հայրիկի մասին, նա այդքան էլ լուրջ չի վերաբերում դեղ խմելուն, ու անգամ անալիզ 2 տարի առաջ է տվել։

Գիտե՞ս, եթե ճիշտ հետևես քեզ, ՄԻԱՎ-ը բացարձակ դատավճիռ չէ։ Ես քույրիկիդ՝ իմ երկրորդ բալիկին ունեցա հենց այս կարգավիճակով ու ոչ մի խնդիր չունի։

Երբ իմացա, որ կրծքիս տակ ևս մի սրտիկ է բաբախում, շատ էի հուզվել, լացեցի անգամ, մտահոգ էի, վախենում էի հանկարծ չվնասեմ նրան։ Բայց հետո հասկացա, որ ինչքան էլ նեղսրտեմ, մտածեմ, որևէ բան չի փոխվելու, արդեն հղի եմ ու աբորտին դեմ եմ։ Իհարկե, եթե բժիշկների խումբը հաստատեր, որ վտանգավոր է ու թույլ չտային լույս աշխարհ բերել երեխային, այլ հարց է, բայց այս դեպքում անգամ ռիսկային հարց էլ չէր, իմունիտետս բավական բարձր էր։

Նրան այլևս կրծքով չեմ կերակրում, քանի որ հակացուցված է, սակայն ՄԻԱՎ կանխարգելման կենտրոնում երեխային տրամադրում են կաթնախառնուրդ, բացի այդ՝ մինչև 2 տարեկանը լրանալը 3 անգամ ստուգում է անցնում։

ՄԻԱՎ կենտրոնում բավական բարեհամբույր են, սրտացավ, բայց գիտե՞ս, ոչ միշտ է այս խնդիրն ունեցող մարդը հանդիպում պատասխանատու եւ պրոֆեսիոնալ անձնակազմի։ Օրինակ՝ մի անգամ շատ տհաճ միջադեպ եղավ, տեղամասային բժիշկս բժշկական գրքույկիս վրա սիրուն գրել էր ВИЧ (ՄԻԱՎ)։ Իհարկե, հեռացրին նրան աշխատանքից, ես էլ շտրիխով մաքրեցի գրածը։ Բայց օրինակ ատամնաբույժը, ճիշտ հակառակը, ինձ ամեն անգամ շնորհակալություն է հայտնում, որ ասել եմ կարգավիճակիս մասին, գործիքներն առանձնացրել է։

Գիտե՞ս, թեև իմ ու հորդ հարաբերությունները երբեք էլ փայլուն չեն եղել, բավական դժվար եմ կայացրել ամուսնանալու որոշումը, սակայն հիմա, այս խնդրից հետո, շատ ավելի դժվար է դարձել նրա հետ, երբեմն սարսռում եմ ինքս իմ անտարբերությունից, բայց չարացած չեմ ու ընդամենը ցանկանում եմ, որ լուրջ վերաբերի իր առողջական վիճակին։

Քեզ էլ մաղթում եմ, չէ՛, խորհուրդ եմ տալիս, որ երկար մտածես, թե ով է իրականում դիմացդ կանգնած։ Երբե՛ք, լսու՞մ ես, երբե՛ք չունենաս անպաշտպան սեռական հարաբերություն։ Երբեք չկորցնես ինքնագնահատականդ, կմտածես ուղեղով, ոչ թե սրտով, որևէ մեկին թույլ չտաս, որ վրադ ձեռք բարձրացնի, ինչքան էլ շատ սիրես, ու եթե անգամ նման բան լինի, առանց մի վայրկյան հետ նայելու կփախնես նրանից։

Հետազոտվի՛ր, պարբերաբար հետազոտվիր, դա կարող է պարզապես փրկել քեզ»։

Լուսանկարիչ՝ Նազիկ Արմենակյան

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / «Հոդված 3» ակումբ / Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ