View Static Version

Նրանց միակ ճանապարհորդությունը

«Բարիք գործել նշանակում է նմանվել Աստծուն»,– ասված է մետաղական ցուցանակի վրա, որ դիմավորում է խնամքի հաստատություն մուտք գործողներին։ «Կորեայի ձորում» գտնվող շինությունը, որ սկզբում բանտ է եղել, հետո մանկատուն՝ Կորեայի որբերի համար, անկախության տարիներին վերափոխվել է գիշերօթիկ դպրոցի։ 2015 թ․–ից այստեղ գործում է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը։

Երկու մեծ մասնաշենքերում ապրում են մարդիկ, որ բաժանված են իրարից տարիքով, սեռով ու ախտորոշմամբ։ Առաջինում երիտասարդներն են, որ այստեղ են տեղափոխվել Խարբերդի մանկատնից, երկրորդում՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատի նախկին բնակիչները։

Առաջին մասնաշենքի պատերին լայն ու կանաչ մարգագետիններ են, պայծառ արև ու ծաղիկներ։ Ազատությունն այստեղ այդ տեսքն ունի։

Արմանը, Արմանը գալու ա, ինձ տանի

Տղաների խմբում իրար կողքի շարված մահճակալները խնամքով հարդարված ու հավաքված են, լուսամուտները՝ կիսաբաց։ Սենյակում ոչինչ չկա՝ մահճակալներից և աթոռներից բացի․ զուսպ, «տղայական» հարդարանքով, միայն անհրաժեշտ իրեր։
Աթոռներին, իրար կողքի, նստած են նրանք, որ այստեղ են տեղափոխվել մանկատնից։ Նրանցից շատերի համար մանկատնից խնամքի հաստատություն ճանապարհորդությունը միակն է, որ եղել է նրանց կյանքում, ու կլինի։

15 տարեկան էր, երբ ընտանիքը որոշեց, որ այլևս չի կարող ստանձնել որդու խնամքը։ Մանկատուն տեղափոխվելը չափազանց բարդ էր՝ ընտանիքի հետ կապված տղայի համար, բայց իր փոխարեն որոշումն արդեն ընդունված էր։ Հաջորդները ևս։ Ռազմիկն անգործունակ է ճանաչված։

Ռազմիկի համար ամենածանրը ձմեռներն են․ զբոսնել սիրող, երաժշտություն լսող տղայի համար ցուրտը անտանելի կապանք է դառնում, որ ստիպում է իրեն կյանքին նայել երկրորդ հարկի ննջարանի լուսամուտից։ Միակ ուրախությունը ընտանիքի հետ չընդհատված կապն է, կարճ զանգերի միջոցով իրեն սիրված զգալու առավելությունը։

Ընտանիքը, որ կարճ ժամանակով Հայաստանում է, մոտ օրերս գալու է Ռազմիկի հետևից։ Մի քանի օր անց վերադարձը հաստատություն նորից ծանր կլինի, բայց իր փոխարեն ամեն ինչ որոշված է։ Իսկ մինչ այդ Ռազմիկը նստում է սենյակի դռանն ամենամոտը դրված աթոռին, որ առաջինը տեսնի Արմանին, որ եկել է՝ իրեն տուն տանելու։

Հայաստանի մանկատներում այս պահին 584 երեխա է խնամվում։ Նրանցից 481–ը հաշմանդամություն ունի։ Հայաստանում երեխաներից, հիմնականում, հրաժարվում են նրանց հաշմանդամության հիմքով։ Նույն պատճառով էլ նրանց չեն որդեգրում։

Խարբերդի մասնագիտացված մանկատանն այսօր խնամվում է 237 մարդ, նրանց մեծ մասը վաղուց չափահաս են։ Հատուկ մանկատան երեխաների համար չափահասությունից հետո միակ կացարանը դառնում է հոգեբուժարանը կամ խնամքի հաստատությունը։ Նրանց ճնշող մեծամասնությունը ընտանիքի հետ կապ չունի։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սոցիալ–առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ, Որոշումների աջակցման բարեփոխումների նախաձեռնող խմբի անդամ Մարիետա Թեմուրյանը նշում է, որ անգործունակ ճանաչելուց հետո մանկատնից այլ հաստատություն անձի տեղափոխումը կարող ենք դիտարկել որպես նրա՝ երկու կարևոր իրավունքների ոտնահարում։

«Ըստ էության, մանկատանը հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաների համար այլ հաստատություն տեղափոխվելու այլընտրանք Հայաստանում չկա։ Չափահասությունից հետո նրանք շարունակում են ապրել մանկատանը կամ հոգեկան առողջության ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված խնամքի հաստատություններում։ Մանկատանը չափահաս դարձած քաղաքացիներին անգործունակ ճանաչելը ու միայն խնամքի այլ հաստատությունում ապրելու հնարավորությունը մարդու իրավունքների խախտում է։ Փաստացի, Հայաստանի Հանրապետությունը ավելի քան 10 տարի վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ–ի կոնվենցիան, որի 19–րդ հոդվածով ամրագրվում է անձի անկախ ապրելու ու համայնքում ներգրավվելու իրավունքը։ Սա նշանակում է, որ անձն իրավունք ունի ընտրելու՝ որտեղ և ում հետ ապրել։ Նույն կոնվենցիան ամրագրում է նաև որոշումներ կայացնելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքը։ Մարդուն անգործունակ ճանաչելով, և մեկ հաստատությունից մեկ այլ հաստատություն տեղափոխելով, խախտվում է նրա՝ վերը նշված իրավունքները»,– ասում է նա։

Ըստ մասնագետի՝ անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը իրացնելու համար կարևոր է, որպեսզի մանկատան սանն ապահովվի կացարանով և այլ աջակցող ծառայություններով։ Որոշումների կայացման իրավունքի իրացման համար կարևոր է, որ ներդրվի որոշումների կայացմանն աջակցող մեխանիզմ։

«Պետք է ոչ թե մարդու փոխարեն որոշում կայացնել, այլ՝ աջակցել՝ իր կյանքի վերաբերյալ ինքնուրույն որոշումների կայացման համար»,– ասում է Թեմուրյանը։

Նկարի, որ մամաս տենա

Աղջիկների խմբում սովորական աղմուկ է։ Հռիփսիմեն, որ ամենաաշխույժն է, տեղից տեղ է վազվզում։
«Ինձ, ինձ նկարի, որ մամաս տենա»,– ասում է նա ու լայն ժպտում։

Կողքից երկու ընկերուհիները միանգամից կրկնում են նրա գործողությունները։

Այստեղ, ի տարբերություն տղաների սենյակի, խաղալիքներ կան։ Ասում են, որ աղջիկներն ավելի խնամքով են, սովորաբար չեն փչացնում տիկնիկներն ու փափուկ խաղալիքները, բայց դրանք, այնուամենայնիվ, կախված են պատերից՝ ձեռքի համար անհասանելի բարձրության վրա։ Փորձանքից հեռու։
«Գիտես, իմ ծնունդն ա լինելու։ Մամաս ա գալու։ Տորթ ա բերելու»,– արագ պատմում է Հռիփսիմեն ու միաժամանակ փորձում հետևել տեսախցիկի շարժին։

Հռիփսիմեն մասնագիտացված մանկատանը հայտնվել է 9 տարեկանում։ Ուշադրությունը կայուն է ու ակտիվ, աշխատասեր է, սակայն տառերը այդպես էլ չի սովորել։ Չնայած դրան՝ մասնակցում է հաստատության բոլոր միջոցառումներին, ձեռքի աշխատանքի խմբակ հաճախում։

Հռիփսիմեն այն երջանիկներից է, որ տոները տանն է անցկացնում։ Իսկ ծննդյան օրը յուրահատուկ է․ մայրը մի մեծ տորթ հաստատություն է բերում, իսկ որպես նվեր՝ դստերը տուն տանում 2 շաբաթով։

Խմբում Հռիփսիմեին շատերն են խանդում։ Ե՛վ տուն, և՛ նվեր, և՛ տորթ, և՛ մայրիկ․ նրան չափազանց շատ է շռայլվել։ Երբեմն ընկերները նրան նեղացնում են, բայց Հռիփսիմեն երկար չի նեղանում, առաջինն ինքն է հաշտության քայլ անում, որովհետև և՛ տուն, և՛ նվեր, և՛ տորթ, և՛ մայրիկ․ իրեն, իրոք, շատ է շռայլվել՝ մյուսներին տրվածի դիմաց։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ Հայաստանի մանկատներում խնամվող հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր չորս երեխայից մեկը (23%) մանկատան տարածքից երբեք դուրս չի գալիս կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով:

Նրանք գրեթե դուրս են մնում ընդհանուր հիմնական կրթությունից: Յուրաքանչյուր 20 երեխայից միայն մեկն է հաճախում ընդհանուր հանրակրթական դպրոց (5%), 5-ը հաճախում են հատուկ դպրոցներ (23%), իսկ 14-ը ընդհանրապես դպրոց չեն հաճախում (72%):

Մանկատներում հաշմանդամություն ունեցող տղա երեխաները ավելի հակված են ընկերներ չունենալու (19%), քան աղջիկները (12%):

Մանկատանը չափահասության հասնելուց հետո այս երեխաներին, որպես կանոն, անգործունակ են ճանաչում՝ հաստատության դիմումի հիման վրա։ Այսպիսով այս մարդկանց փոխարեն հաստատությունն է որոշում տեղը, ուր նրանք կապրեն մինչև կյանքի վերջ։ Իրենց այլևս ոչինչ չեն հարցնի։

Տեքստը՝ Սոնա Մարտիրոսյանի

Լուսանկարները՝ Փիրուզա Խալափյանի

Սույն հրապարակումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության օժանդակության շնորհիվ: Հրապարակման մեջ տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության տեսակետների և դիրքորոշումների հետ:

NextPrevious