Loading

Մառնեուլիում ոռոգման ջուրը՝ պարենային անվտանգության խնդիր

Վրաստանի Մառնեուլիի շրջանի հայաբնակ Դամիա գյուղի բնակիչ Գևորգ Միսկարյանը շուրջ տասը տարի է տասը հեկտար հողատարածքից միայն երեքն է մշակում, քանի որ հողակտորի մնացած հատվածը, ինչպես ինքն է ասում, «անպտուղ» է դարձել: Պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է, որը շուրջ երեք տասնամյակ գերխնդիր է մոտ 350 բնակիչ ունեցող Դամիայում և մոտակա հայաբնակ մի քանի գյուղերում:

44-ամյա Միսկարյանն ընդգծում է՝ մյուս յոթ հա հողամասում ուղղակի խոտ է աճեցնում, քանի որ դա հազարավոր լարիի ծախս չի պահանջում. ինքն իրեն աճում է, դրանով գոնե անասնակերի հարցն է լուծվում:

Գյուղատնտեսության ոլորտի մասնագետ, Վրաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գոչա Ցոփուրաշվիլիի խոսքով, Մառնեուլիի գյուղատնտեսական նշանակության հողերի գերակշիռ մասը ոռոգման ջրի պատճառով բերքատվություն չի ապահովում: Անարդյունավետ օգտագործման առումով շրջանն առաջատարներից է Վրաստանում:

Վրաստանի գյուղնախարարության տվյալներով, Մառնեուլիի գյուղատնտեսությունը կարևոր դեր է կատարում շրջանի և ամբողջ Վրաստանի պարենային անվտանգության գործում: Նախկին փոխնախարարի պնդմամբ էլ, սակայն, հողերի անարդյունք մշակումն արդեն իսկ առաջացնում է պարենային խնդիրներ:

«Ցավոք վերջին տարիներին այս ոլորտում անկում ենք տեսնում: Հատկանշական է, որ ֆերմերների մեծ մասն անցում է կատարել շատ աշխատանք չպահանջող մշակաբույսերի, օրինակ՝ յոնջայի (առվույտ), այլ տեսակի անասնակերերի աճեցմանը, քանի որ քիչ ջանքեր պահանջելուց զատ, լավ կլիմայական պայմանների դեպքում կարելի է մի քանի անգամ բերք ստանալ»,- ասում է գյուղատնտեսության նախկին փոխնախարարը:

Աղբյուրը՝ CENN

«Բոլորս շատ լավ գիտենք, որ կայուն տնտեսություն ունենալու համար հարկավոր է ամուր գյուղատնտեսություն, քանի որ այն կարող է լուծել պարենային անվտանգության, արտահանման և այլ խնդիրներ, սակայն, ցավոք, Վրաստանում գյուղատնտեսությունն անուշադրության է մատնված»:

Շրջանի 750 բնակիչ ունեցող բարձրլեռանային Խոժոռնիի բնակիչ Վոլոդյա Սիրադեղյանը, ով ավելի քան 40 տարի հողագործությամբ է զբաղվում, պատմում է, որ ոռոգման ջուր ունենալու տարիներին (խորհրդային տարիներին) տարբեր մշակաբույսեր էին աճեցնում` լոլիկ, վարունգ եւ այլն: Հիմա մոլախոտից բացի, ոչինիչ հնարավոր չէ «մշակել»:

«Ոռոգման ջուր կար՝ վստահ ցանում էինք, գիտեինք, որ ոռոգելու ենք, բերքատվութուն է լինելու: Հիմա շատերը եգիպտացորեն են ցանում, քանի որ սակավ անձրևների պայմաններում էլ աճում է», - «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Սիրադեղյանը:

Աղբյուրը՝ CENN

Գյուղատնտեսության ոլորտի մասնագետ Ցոփուրաշվիլիի կարծիքով, գյուղատնտեսական նշանակության հողերի ոչ արդյունավետ մշակումը նաև ֆերմերների պետական լեզվի չիմացության հետևանք է, քանի որ շատ դեպքերում ազգային փոքրամասնություններով բնակեցված այս շրջանի ֆերմերները չեն կարողանում հաղորդակցվել, բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, օգտվել պետական և միջազգային բազմաթիվ ծրագրերից:

Մառնեուլիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման ծառայության ղեկավար Բեքա Աբդելիանին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ոռոգման ջրի հարցով գյուղական աջակցության ծրագրի շրջանակներում տեղացիներն իրենց չեն դիմել:

«Դիմելու պարագայում անգամ, պետք է նախ այդ հարցով զբաղվի «Վրացական Մելիորացիա» ՍՊԸ-ն» (Վրաստանում ոռոգման և ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերություն- խմբ), - ասում է Աբդելիանին:

Նրա խոսքով, քաղաքապետարանը կարող է միայն նախկինում եղած հոսքագիծը վերականգնել, բարեկարգել, սակայն, նոր հոսքագիծ կառուցելը քաղաքապետարանի ենթակայության տակ չէ:

Աղբյուրը՝ CENN

Մառնեուլիի սակրեբուլոյում Խոժոռնիի և մի շարք այլ գյուղերից ընտրված պատգամավոր Արսեն Հախվերդյանն ասում է, որ Սովետական միության ժամանակ Խոժոռնի գյուղն ունեցել է ինքնահոս ջուր, որը դեպի գյուղ է հոսել Հայաստանից, ևս մեկ ոռոգման ջուր՝ պոմպերի օգնությամբ վերցվել է Շուլավեր գետից:

Արսեն Հախվերդյանի խոսքով, այս ջուրն այնքան շատ է եղել, որ բավարարել է անգամ հարևան Գյուլիբաղ գյուղին:

«Հիմա արդեն, երբ կա սահման, Հայաստանից եկող ոռոգման ջրի մասին վաղ է խոսել, քանի որ Վրաստան-Հայաստան սահմանը վերջնականապես սահմանազատված և սահմանագծված չէ: Իսկ պոմպերով մղվող ջրի համար բավականին մեծ ծախսեր են պետք, բացի այդ կլիմայական պայմանների պատճառով նվազել է գետի մակարդակը, որտեղից նախկինում վերցվում էր ոռոգման ջուրը»,- ասում է Հախվերդյանը:

Պատգամավորի խոսքով, 2025 թվականին, երբ ամբողջությամբ կավարտվեն իր ենթակայության տակ գտնվող համայնքերի գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցումը, աշխատանքներ կտարվեն նաև հիշյալ գյուղերը ոռոգման ջրով ապահովելու ուղղությամբ:

Վրաստանում ոռոգման և ջրահեռացման ծառայություններ մատուցող «Վրացական Մելիորացիա» ՍՊԸ-ի (Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության մաս է) Քվեմո Քարթլիի տարածքային ծառայության ղեկավար Դավիթ Կիկոլաշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ բնական ոռոգման ջրագծերից բարձրադիր գյուղերը չեն օգտվում, քանի որ դրա համար հարկավոր են պոմպակայաններ, որոնք շարքից դուրս են եկել դեռ տարիներ առաջ:

Կիկոլաշվիլիի խոսքով, այս կայանների վերականգնումը, բնականաբար, թանկ արժե, թանկ է նաև էլեկտրաէներգիան, այդ իսկ պատճառով այս փուլում ընկերությանը նպատակահարմար չէ վերականգնել հոսքագծերն ու պոմպակայանները:

Created By
AliQ Media
Appreciate