Loading

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ «Ես հուսահատության ժամանակ չունեմ, պայքարում եմ ու արդեն ոչ միայն ինձ համար, այլ նաև այլոց»

Կարինե Գրիգորյանը հաշմանդամություն է ձեռք բերել ծնվելու պահին՝ մանկական ուղեղային կաթվածից: Բժիշկները ծնողներին փորձել են համոզել հրաժարվել նորածնից հաճախ հնչող խոսքերով՝ չի ապրելու կամ լավագույն դեպքում ամբողջ կյանքում հաշմանդամ է լինելու: Ծնողների որոշումը եղել է միանշանակ` երեխան պետք է մնա ընտանիքում և շրջապատված լինի սիրով ու հոգատարությամբ: Կարինեն ոչ միայն ապրում է ակտիվ հանրային կյանքով, այլև երջանիկ կին ու մայր է: Ավելին, նա իր գործունեությամբ, իր հիմնադրած «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ծրագրերով գոտեպնդում է հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձանց և աջակցում լիարժեք կյանք ունենալու իրավունքի իրացմանը:

«Հիշում եմ կյանքիս ամենածանր օրը: Առաջին կուրսում էի և առաջին անգամ զգացի, թե ինչպես են մարդիկ ինձ ծաղրում: Կուրսիս աղջիկները ինձ հարցեր էին տալիս, որ ես պատասխանեմ ու սկսում էին ծիծաղել իմ խոսելու ձևի վրա: Գնացի տուն, սկսեցի թաքուն լացել: Այդ օրը ես որոշեցի` ես պետք է հասնեմ իմ նպատակներին, պետք է երջանիկ լինեմ և երջանկացնեմ իմ հարազատներին:

Այդպես սկսեց իմ պայքարի ճանապարհը:

«Որդիս, դու եկար ապացուցելու, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա։ Եթե երազանքդ մեծ է, պարզապես պետք է երազանքիդ հետևից հաստատուն ու վստահ քայլերով գնաս, երբեք չհիասթափվես անհաջողություններից: Նայում եմ քեզ ու հիշում այն մարդկանց, որոնք թերահավատորեն ժպտում էին, երբ նրանց ասում էի, որ ցանկանում եմ մայրանալ: Ես նրանց ժպիտով եմ հիշում, քանի որ նրանցից շատերը դրանից առաջ կասկածում էին, որ ես կարող եմ ունենալ անձնական կյանք․ կսիրահարվեմ և այդ մեկն ինձ կսիրի, ու ես կունենամ ընտանիք:

Քեզ ունենալով ես շատ կարծրատիպեր եմ կոտրել` հաշմանդամություն ունեցող կին, որ բավական հասուն տարիքում փորձում է հղիանալ։

Շատ եմ պայքարել, որ դու ծնվես: Բնական ճանապարհով չէր ստացվում, դիմեցինք ԷԿՈ-ի օգնությանը: Մի քանի փորձ ձախողվեց, բոլորն ասում էին` մի տանջի քեզ, չի ստացվի: Բայց ես վստահ էի, վստահում էի իմ մարմնին, գիտեի որ կարող եմ: Թերևս երբեք չկարողանամ բառերով արտահայտել զգացածս, երբ բժշկուհին ասաց․ շնորհավորում եմ, դուք հղի եք։ Երջանկության ու սպասումի աննկարագրելի պահեր էինք ապրում, շատերը չէին հավատում, բայց ես հավատում էի:

Ուզում եմ, որ դու լայնախոհ ու ազատ լինես: Ծնվածդ օրվանից շփվում ես տարբերվող մարդկանց հետ, մարդկանց, ովքեր պաշտպանության և սիրո կարիք ունեն: Վստահ եմ, որ դու դառնալու ես նրանց աջակցողներից մեկը:

Ուզում եմ, որ հասկանաս, թե ինչ բան է սերը ու ձգտես իսկական սիրո: Սերը այնքան պարզ բան չէ, ինչպես շատերը պատկերացնում են: Սիրուն պետք է հնարավորություն տալ ծնվել, զարգանալ, հասունանալ, ինչպես իմ ու քո հոր մոտ եղավ:

Մենք ընկերներ էինք, քո ծնվելուց տասը տարի առաջ էինք ծանոթացել: Շատ դժվարությունների միջով անցանք, ծնողներս էին դեմ, բայց ի վերջո մենք ամուսնացանք: Մեր պատմությամբ քեզ մեջ արդեն կա այն սերը, որը ավելին է, քան ուղղակի բառը: Լսիր սրտիդ ձայնը, հիշիր, որ մարդիկ տարբեր են ու բոլորն են արժանի սիրո:

Երբ սիրես, զգաս, որ իսկապես սիրում ես, չխեղդես այդ զգացումդ, գնա սրտիդ ետևից, բացահայտիր այդ մարդուն և երջանիկ կլինես: Ինչպես մենք գտանք իրար ու երջանկացանք:

Ինչպես իմ կյանքում շատ բաների համար պայքարը, այդպես էլ քո ծնվելու պայքարը ինձ հերթական անգամ ապացուցեց` եթե չփորձես՝ չես հասնի: Հուսահատությունը շատ ժամանակ է խլում: Ես հուսահատության ժամանակ չունեմ: Ես ժամանակ ունեմ միայն պայքարելու համար»:

Տեքստի և լուսանկարների հեղինակ՝ Անի Գևորգյան

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / «Հոդված 3» ակումբ / Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ