Loading

Կանանց պայքարը ՀԵՏԱՀԱՅԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ

«Հանուն պատերազմում զոհված ամուսնուս եւ որդուս հիշատակի պետք է ապրենք»

«1993-ին դու զոհվեցիր, 2020-ին՝ մեր մեծ տղան, իսկ մյուս երկուսը ծանր վիրավորվեցին։ Կորցրինք ամեն բան ու հիմա անորոշության մեջ հույս ենք փնտրում։ Մինչդեռ իմ ու քո համատեղ կյանքն ինչքան սիրուն ու անհոգ էր խոստանում լինել, երբ ես Հադրութի շրջանի Հողեր գյուղից եկել էի հարևան Մարիամաձոր գյուղում ամուսնացած քրոջս տեսակցելու, և դու տեսար ինձ ու եկար հետևիցս։ 1977 թվականն էր, ես՝ 17 տարեկան, ամուսնացանք, հինգ երեխա ունեցանք՝ չորս տղա, մի աղջիկ:

60-ամյա Արինա Դադայանն արցախյան երկու պատերազմներում կորցրել է ամուսնուն և որդուն, մյուս երկու տղաները ծանր վիրավորում են ստացել։ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում ամեն ինչ կորցնելուց հետո փորձում է նոր կյանք ստեղծել թոռների համար Ստեփանակերտում։

Սկսվեց առաջին կռիվը, դու ֆիդայի էիր, գնացիր: Երբ գյուղում վտանգավոր էր դառնում, երեխաների հետ անտառներում էինք թաքնվում, հետո էլի վերադառնում: 1993թ.-ին դու զոհվեցիր: Մեր փոքր երեխան դեռ դպրոց էլ չէր գնում, երեխաներին միայնակ մեծացնել էր պետք: Օգնում էին իմ, քո ծնողները, ինձ էլ դպրոցում մաքրուհու գործ տվեցին:

Երեխաներին պահեցինք, մեծացրեցինք, բանակ ուղարկեցինք, հարսանիք արեցինք, ամուսնացրինք ու կռիվը նորից սկսվեց, ու նորից ես կորցրի․․․

Սեպտեմբերի 27-ին մեր մեծ տղան՝ Արայիկը վեր կացավ, դուրս եկավ աշխատանքի գնա, բայց տուն վերադարձավ: Ասեցի՝ «խե՞ ես ետ տառալ», ասեց՝ «մամ, կռիվը սկսալ ա»: Նույն օրը բոլոր տղերքիս տարան:

Մեր փոքր տղան զինծառայող է, Ջրականում էր: Մյուսները տարբեր տեղերում հայտնվեցին: Սեպտեմբերի 29-ի առավոտ շուտ լուր եկավ, որ երկուսը վիրավոր են, իրար մոտ, նույն տեղում են եղել: Մեկին տարել են Ստեփանակերտի հոսպիտալ, մյուսին՝ Մարտունի: Արայիկը չփրկվեց: Սեպտեմբերի 30-ին գյուղ բերեցինք, հանձնեցինք հողին ու մենք եկանք Գորիս, գյուղում մնալը վտանգավոր էր: 39 տարեկան էր Արայիկը, չէր հասցրել ամուսնանալ, երեխաներ չուներ, ալրաղացում էր աշխատում:

Պատերազմից հետո՝ 2021թ. ապրիլին, գերեզմանը խաղաղապահների օգնությամբ Մարիամաձորից Ստեփանակերտ տեղափոխեցինք: Բայց քո գերեզմանն այդպես էլ գյուղում մնաց: Մարիամաձորում ամեն ինչ թողեցինք՝ տուն, հող, տնտեսություն: Այդ տունն էլ ժամանակին պետությունից էինք ստացել՝ որպես զոհված ազատամարտիկի ընտանիք: Դուրս գալուց չէինք պատկերացնում, որ էլ չենք գալու: Մտածում էինք՝ մի քանի օր է, կհանդարտվի: Եթե հիմա հնարավորություն լիներ, գոնե Արայիկի ծննդականը կվերցնեի, անձնագիրը. մեր ամբողջ կյանքն այնտեղ մնաց:

Գյուղի ամեն ինչն եմ կարոտում՝ բնությունը, մարդկանց. հիմա բոլորը ցրվել են՝ ով ուր կարողացել է:

Մենք Ստեփանակերտում ենք՝ վարձով տանը: Ապրելուս ուժը մեր թոռներն են, տասներկուսն ունենք: Կռվից հարցեր են տալիս, մեծ են, հասկանում են արդեն: Փոքր թոռս ամեն օր ասում է՝ «տատի՛, ես ուզում եմ գնամ մեր շենը», պատասխանում եմ՝ «ժամանակը գա՝ կգնաս»: Մի օր հետ դառնալու հույսն է մեզ պահում: Արայիկից են հարցեր տալիս, ասում՝ «մեզ տար ամուն կողքը»:

Քեզ կորցնելուց հետո, փորձ էլ չեմ արել նոր կռվից տղաներիս թաքցնեմ, փորձեմ պահել. հնար չկար, մեր տղաները թաքնվող չեն: Հիմա էլ ասում են՝ էլի սկսվի, էլի ենք գնալու: Իսկ պատերազմից հետո հիմա մենք գնալու տեղ չունենք: Ստեփանակերտում ոչինչ չունենք, ապրում ենք, բայց պատկերացում չունենք, թե ինչ կլինի հետո:

Բայց մեր թոռների համար, քո ու Արայիկի հիշատակի համար պետք է ոտքի կանգնենք, ապրեցնեմ երեխեքին, մինչև կհանդիպենք նորից»։

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Մարութ Վանյանի

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / «Հոդված 3» ակումբ / Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ