Loading

120-650 հազար դրամ՝ COVID-ով ամեն բուժվողի համար Կորոնավիրուս չարիքն ու դրա ծանր հետեվանքները

Պատերազմի օրերին մարդիկ հարց էին բարձրացնում՝ արժե՞ արդյոք փրկել կորոնավիրուսով վարակվածներին, թեկուզ բուժօգնություն ցույց տալ, թե՞ պետք է ողջ ուշադրությունը կենտրոնացնել միայն բանակի, ռազմի դաշտի, արտաքին թշնամու վրա, իսկ COVID-ով վարակվածները թող մնան տանն ու ոնց ուզում են՝ բուժվեն:

Կորոնավիրուսն արդեն մեր երկրում խլել է 1976 մարդու կյանք: Պատերազմը մի կողմից, այս համավարակի հասցրած ահռելի հետեւանքները մյուս կողմից մեր տնտեսությունը տխուր վիճակի մեջ են դրել: Այն աստիճան, որ սոցցանցերում, մասնագիտական հարթակներում քննարկումներ են գնում դադարեցնել կորոնավիրուսի հետ կապված ֆինանսավորումը, հիմնովին փոխել տնտեսական աջակցության ծրագրերը, հասցեականությունը: Հաշվարկներ կային, որ հիվանդանոցում բուժօգնություն ստացած ամեն հիվանդի վրա առողջապահության նախարարությունը ծախսում է միջինը 400 հազար դրամ գումար: Հիվանդանոցներում փաստացի բուժվողների քանակը այսօրվա դրությամբ 29131 պացիենտ է, որոնց համար ծախսը պատկերացնելու համար այդ թիվը բազմապատկում են 400.000-ով:

«Առավոտը» առողջապահության նախարարությանը հարցում արեց՝ որքա՞ն է կազմում նախարարության բյուջեի վրա կորոնավիրուսային հիվանդությամբ ամեն բուժվողի ծախսը: Մեզ տրամադրած տվյալների համաձայն, հետեւյալ պատկերն է.

  • Բուժօգնության եւ սպասարկման սոմատիկ բաժանմունքներում յուրաքանչյուր պացիենտի համար ծախսվում է 270 հազար դրամ, ընդ որում, առաջին եւ երկրորդ օրը ծախսը շատ ավելի մեծ է՝ օրական 45 հազար դրամ, իսկ 3-րդ օրվանից սկսած՝ 30 հազար դրամ:
  • 1-ին եւ 2-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքում ծախսը կազմում է 450 հազար դրամ՝ յուրաքանչյուր դեպքի համար, օրական միջինը 45 հազար դրամ:
  • Ամենամեծ ծախսը 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքի դեպքում է՝ 650 հազար դրամ, օրական կտրվածքով՝ 65 հազար դրամ:
  • Երբ վերակենդանացման բաժանմունքից հիվանդին տեղափոխում են սոմատիկ բաժանմունք, 120 հազար դրամ էլ այդ դեպքում են ծախսում, օրական՝ 30 հազար դրամ:
  • Իսկ COVID-19 ախտորոշմամբ խնամվող հիվանդ երեխաների բուժօգնության եւ սպասարկման համար ծախսվում է 120 հազար դրամ՝ ամեն դեպքի համար, օրական կտրվածքով՝ 8800 դրամ:

Եթե առողջապահական ծախսերը մի կողմ թողնենք, զուտ տնտեսության տարբեր ճյուղերի վրա կորոնավիրուսի հետեւանքները սարսափելի ծանր են:

Վաչագան Մինասյանը Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչներից է: Կորոնավիրուսի համավարակից առաջ հաշվարկ էր արել ու որոշել բիզնես դնել՝ իր հարազատ գյուղում ջերմոց կառուցել, ծաղիկ աճեցնել, վաճառել ու եկամուտ ստանալ: Նախնական հաշվակներով՝ բավականին շահութաբեր բիզնես էր.

«Նորմալ պիտի լիներ, ծաղկի հատը 100 դրամով պիտի ծախեինք: Հաշվարկել էի, որ ջերմոցի համար վարկ վերցնեմ, հետո գնամ խոպան, փող աշխատեմ, վարկը փակեմ, ջերմոցի եկամուտն էլ կմնա ինձ: 3 մլն 800 հազար վարկ եմ վերցրել, ջերմոց եմ կառուցել: 5 տոկոսանոց գյուղատնտեսական վարկ էր: 15 տարի է՝ ես Ռուսաստան եմ գնում գալիս, գործեր ունեմ էնտեղ: Կորոնավիրուսի պատճառով չկարողացանք գնանք, որտեղի՞ց պիտի կարողանայի վարկ փակել: Մենք արհեստավորներ ենք, գերեզմաններ ենք հավաքում, գերեզմանի գործ ենք անում ՌԴ-ում: Իսկ էս տարի չգնալով՝ անասուններ ենք ծախել էս ընթացքում վարկի համար, չեմ թողել վրես չեպե լինի, էլի: Կովեր եմ ծախել: Իսկ ծաղիկը լավ չի ծախվում: Մարդկանց ձեռը փող չկա: Կոկոնները մի քիչ թանկ են տանում Ռուսաստան՝ 30 դրամ, 50 դրամ, բացվածները՝ 15 դրամ»:

Այս ընթացքում ՀՀ կառավարությունը գյուղացիական տնտեսությունների համար կորոնավիրուսի հաղթահարման թիրախային միջոցառումներ է իրականացրել: Բացի այդ, Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիր է ներդրվել, որով պետությունը պատրաստ է գյուղատնտեսի հետ ծախսերի մի զգալի մասը վերցնել իր վրա: Մասնավորապես, եթե միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով 300-600 քմ թունելային ջերմատուն կառուցեն՝ հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մետրի հաշվով 11850 ՀՀ դրամ, պետությունը պատրաստ է ամեն քմ-ի համար ծախսերից 4000 դրամը փոխհատուցել: Բացի այդ, գյուղատնտսական նոր վարկեր են առաջարկում՝ 0%-ով համաֆինանսավորմամբ: Մինչդեռ այն մարդիկ, որոնք թանկ վարկեր են վերցրել մինչ այդ առաջարկը, էլի կորոնավիրուսից տուժել են, մնացել են ձեռնունայն:

Արմավիրի մարզպետարանից մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն, 2020 թվականի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված պետական օժանդակության ծրագրերից ողջ մարզում օգտվել է 363 շահառու, որից 333-ը օգտվել է գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից: Դրա շրջանակներում 2020-ի օգոստոսի տվյալներով արդեն 1 մլրդ 611 մլն 660 հազար դրամի վարկ էր տրամադրվել, որից 77 մլն 791 հազարը սուբսիդավորել է պետությունը:
Թե ինչանով է կառավարությունը կարողացել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնել, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն իր գնահատականն ունի

«Հենց ի սկզբանե՝ մարտի 25-ին ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստում հաստատեց 24 կետեր, հետո տեսանք, որ վիճակը վատանում է, 7 առաջնահերթ կետեր ներկայացրեցինք: Նախեւառաջ պետք է հասկանանք՝ աջակցության չափելի ծավալն ինչքան է: Եթե հիշում եք, խոսքը գնում էր ընդհանուր առմամբ 150 մլրդ դրամի մասին, որից իրացվել էր 25 մլրդ-ական դրամներ սոցիալական ու բիզնես աջակցության եւ հետո 80 մլրդ դրամ գլոբալ զարգացման ծրագրերին: Մարտի 16-ից մինչեւ մայիսի 15-ը ինչքա՞ն կորուստներ ենք մենք ունեցել ՀՆԱ-ի: Սկսենք հաշվել: Դրանից հանում ենք շաբաթ-կիրակի օրերը, գյուղացիական տնտեսությունները, որոնք կարող էին աշխատել, դրանից հանում ենք այն օբյեկտների գործունեությունը, որոնք չնայած արտակարգ դրության պայմաններին, կարող էին աշխատել՝ կենսապահովություն, ջուր, ոռոգում, էներգետիկա եւ այլն: Եթե մենք սա հաշվարկում ենք, ստացվում է, որ օրական կորուստը ՀՆԱ-ի նվազագույնը 40 մլն դոլար էր: Կար հաշվարկ, 51 մլն էր կազմել, դրա մեջ նաեւ չեկած տրանսֆերտներն էր հաշվարկված: Իսկ եթե աջակցությունը օրականով հաշվարկենք, դա 3,8 մլն դոլար էր, լավ, գցենք 4 մլն, այսինքն՝ 40 մլն եւ 4 մլն: Մինուսը օրական 36 մլն է, ո՞նց պետք է մարվի դա, գա հավասարակշռության: Մայիսի կեսերից հետո պիտի գար, բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այն օբյեկտները, որոնք աշխատեցին, դրանք չեն կարող շահութաբեր աշխատել: Մեծ մասը շահույթ չի ստանում: Օբյեկտը պահելու համար գիտենք, որ բիզնեսի կառավարիչները պետք է հաստատուն ծախսեր անեն: Իսկ երբ շրջանառությունը քիչ է, համարյա չի փակվում, վնասով են աշխատում: Տեսանք, որ ե՛ւ աշխատատեղերի կորուստ ունենք, ե՛ւ վճարումների կորուստ, չի կարող բիզնեսը 6-7 ամիս վնասով աշխատել, ինչ-որ մի պահի դա ի հայտ է գալու»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ կորոնավիրուսի հաղթահարման կառավարության աջակցության ծրագրերը ոչ թիրախային են եղել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ մոնիտորինգ չեն արել, բայց բազմաթիվ քաղաքացիներ նամակներ են գրում տարբեր համայնքներում իրենց են դիմում, ինչը ցույց է տալիս, որ հանիրավի բյուջեի հաշվին օգնություն են բաժանել, ինչն էական արդյունք չի տվել:

«Մարդիկ ասում են, որ իրենք որեւէ օգնություն չեն ստացել, կամ ստացել են ծիծաղելի գումար՝ մի քանի հազար դրամի կարգի: Եղել են դեպքեր, երբ մարդիկ աշխատել են, աշխատելով ու եկամուտ ունենալով հանդերձ՝ նաեւ ստացել են աջակցություն պետության կողմից: Այսինքն, ի սկզբանե համակարգը սխալ էր նախատեսված ու միակ հաջողված տարբերակը համաշխարհային փորձի մենք առաջարկեցինք, դա էր ընտանիքին կամ գոնե անհատներին ինչ-որ անհատույց որեւէ գումար տրամադրել՝ բոլորին ֆիքսած գումար: Կառավարությունը, ՊԵԿ-ը հստակ ունի այն ցուցակը, թե ովքեր են այս ընթացքում շարունակել աշխատել: Զտել կարելի էր հակառակ կողմից: Պետական աշխատողները բոլորն աշխատում են, այս մարդկանց հանում ենք: Ոլորտներ կան, որտեղ շարունակել են աշխատել՝ բարձր տեխնոլոգիաները հեռուստաընկերությունները, հեռահաղորդակցության ոլորտները, իրենց այդքան սիրած ալկոգելի, դիմակի արտադրությունները, սա հանում ենք, մնացած բոլորին տալիս են գումար: Ընտանիքին՝ 100 հազար: Անչափահասին 26.500 են տալիս, թող չափահասին 50 հազար տան: Սա միակ հաջողված տարբերակն է, որ ամբողջ աշխարհում է գործել: Փորձն էլ ցույց տվեց, որ իրենց ասածը՝ չէ, մենք չենք ուզում բոլորին տալ, թիրախային կտանք, չաշխատեց, որովհետեւ չկային համապատասխան ենթակառույցվածքներ՝ տարիների ընթացքում ձեւավորված, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մինչեւ այսօր չգիտի, թե ովքեր ունեն աջակցության կարիք: Դա հենց նախարարության թերացումն է, հղում են անում հներին, հին համակարգին, բայց այս ընթացքում ինչով են զբաղված եղել, ոչ մեկը չի կարողանում այդ հարցի պատասխանը տալ»:

Գորգիսյանն ասաց, որ միջոցառումների մոտ երկու տասնյակ փաթեթներ են մշակվել, բայց դրանցից քչեն են հաջողվել. «Կան հաջողվածներ, օրինակ, գյուղատնտեսության վարկը, բայց դա էլ չաշխատեց թիրախային, որովհետեւ բազմաթիվ մարդիկ այդ վարկը վերցրեցին՝ այլ վարկեր փակելու, պարտքեր տալու համար եւ նպատակը, որ դա կծառայի գյուղատնտեսությանը՝ պարենային անվտանգության տեսանկյունից ելնելով, չաշխատեց: Վարկերի տոկոսնրի համաներում-հետաձգումը մի քանի ամսով բերեց ավելի լուրջ խոչընդոտների, որովհետեւ հետաձգված գումարները բաշխեցին այս տարվա 6 ամիսների վրա ու մարդիկ, չունենալով եկամուտ, ստիպված են լինելու ավելի մեծ գումարներ վճարել: Այսինքն, գրեթե բոլոր որոշումնրում կան թերություններ: Ես չեմ ասում մեր առաջարկն անթերի էր, բայց ավելի լավ է մի մարդ ավել ստանար գումարը, քան լինեին մարդկանց խմբեր, ովքեր չստանային: Ինձ դիմել են զբոսավարները, ովքեր աշխատել են՝ ամեն տուրից ստանալով գումար: Իրենք գրանցված չեն, որեւէ փաստ չունեն ապացուցելու, որ դա արել են ու հետեւաբար որեւէ ծրագրից չեն օգտվել: Բայց նրանք ՀՀ քաղաքացի են, աշխատել են ամենատուժած տուրիզմի ոլորտում»:

Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ Արմինե Թորոսյանը միայնակ մայր է: Կորոնավիրուսի աջակցության ծրագրերից օգտվելու եւ 26.500 դրամ ստանալու համար երկու երեխաների՝ Վանիկ եւ Ալեքսանդր Մարտիրոսյանների տվյալներով դիմում է գրել: Աջակցություն ստացել է միայն մի երեխայի համար:

Ծաղկունք գյուղ, Էլմիրա Մինասյան
«Երկու թոռ ունեմ, մեկը 10 տարեկան է, մյուսը՝ 11, միակողմանի ծնողազուրկ են, աջակցության գումար չեն ստացել: Դիմել ենք, ասել են՝ ձեզ չի հասնում: Հեռախոսով թեժ գիծ ենք զանգել, ասել են՝ չի հասնում, երկու անգամ էլ փորձել ենք: Դաժե դիմել ենք սոցապբաժին, ասել են՝ դուք չեք ստանալու: Հա,ի՞նչ անեմ, հանեմ երեխուս գցեմ դո՞ւրսը, տուն-տեղ, ոչ մի բան չկա, իմ տանը պահում եմ երեխուն, որտե՞ղ հանեմ ղրկեմ, որ աջակցություն ստանա: Երեխաների հերը ստեղ չի, չենք էլ իմանում որտեղ է, 100 տարի է՝ չկա: Օգնություն չեն տալիս, ասում են՝ ապահով ընտանիք եք, որտե՞ղ է ապահով: Տղա ունեմ, սրտի առիթմիա ունի, բանակ էլ չեն տանում, ինձ էլ ասում են՝ ապահով ընտանիք, սա ապահո՞վ է: Մենակ ես եմ աշխատում, ամսվա եկամուտը 60 հազար դրամ է, կես դրույք եմ»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ պարզաբանեցին. «Քաղաքացու անունով կա մուտքագրման փուլում գտնվող երկու դիմում, երկուսում էլ բացակայում են երեխաների տվյալները, մուտքագրման գործընթացն, այդպիսով, ավարտված չէ»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը գրավոր հարցում էինք արել՝ պարզելու, թե՝

  • Կորոնավիրուսի սոցիալական հետեւանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շրջանակներում որքա՞ն գումար է տրամադրվել շահառուներին:
  • Նույն 9-րդ միջոցառումից օգտվելու համար քանի՞ դիմում են ստացել եւ քանի՞սն են մերժվել:
  • Ի՞նչ խնդիրներ են առաջացել այդ ծրագրի իրականացման ժամանակ:
  • Մերժումը վերանայելու քանի՞ դեպք է եղել:

Նախարարությունից պատասխանել են, որ իրենք իրականացրել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 11 ծրագիր, որոնցից 4-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ ծրագրերի դեպքում քաղաքացիները դիմում գրելու կարիք չեն ունեցել: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների 8-րդ, 9-րդ, 20-րդ և 22-րդ միջոցառումների շրջանակներում աջակցություն ստանալու համար քաղաքացիները դիմումներ են ներկայացրել online.ssa.am կայքում՝ սահմանված ձևաչափով: Բացի այդ, պահանջված տեղեկությունները կարող են տրամադրվել ոչ թե դիմող քաղաքացիների թվով, այլ՝ դիմումների քանակով, քանի որ եղել են դեպքեր, երբ նույն քաղաքացին նույն ծրագրով աջակցություն ստանալու համար մուտքագրել է ավելի քան 200 դիմում:

Նախարարությունից մեզ տրամադրած տվյալներից պարզ է դառնում, թե հատկացված միջոցներից որքանն է հասել քաղաքացիներին.

Նախարարությունից նաեւ հայտնում են, որ 9-րդ ծրագրերի մասով մերժվել է 188,275 դիմում: Ընդ որում, տվյալ միջոցառման շահառու հանդիսանալու (չհանդիսանալու) պայմանները, դիմումների մերժման պատճառները սահմանված են ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 536-Լ որոշմամբ:

Նախարարության պարզաբանմամբ՝ «դիմումների վերանայման ընթացակարգ նախատեսված չի եղել: Քաղաքացիները, որոնք մուտքագրել են թերի տվյալներ, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր միջոցառման իրականացման կագով սահմանված չափորոշիչներին չեն համապատասխանել, սակայն Կառավարության որոշմամբ իրականացված կարգի փոփոխությունից հետո համապատասխանել են պահանջված չափանիշներին և դարձել են միջոցառման շահառու, միայն նախորդ դիմումի մերժման դեպքում են հնարավորություն ունեցել նոր դիմում ձևավորելու: Ըստ այդմ, վերանայված դիմումների թիվ նշել հնարավոր չէ»:

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի մեդիա ծրագրի շրջանակներում «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ֆինանսական աջակցությամբ:

Created By
Hripsime Jebejyan
Appreciate