Loading

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ «Որովհետև ես ունեի քե՛զ, մայրիկ»

63 տարի չկարողանալ քայլել սեփական ոտքերով, սակայն 63 տարի ամեն օր պայքարել սեփական երազանքներն իրականացնելու և երջանիկ կյանքով ապրելու համար: Ճանաչված ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, ակնաբուժական կլինիկայի պրոֆեսոր Ալլա Հովհաննիսյանը 6 տարեկանում պոլիոմիելիտ էր վարակվել, որի հետևանքը ստորին վերջույթների անդամալուծությունն էր:

«Ես ինձ ուժեղ չեմ համարում, թեև ուրիշները դա ինձ շատ են ասում: Ժամանակ առ ժամանակ նույնիսկ լացկան եմ, բայց միայն այն հարցերում, որոնք վերաբերում են աղջկաս ու քեզ: Լացում եմ նաև հիմա: Ես ինձ իսկապես ուժեղ չեմ համարում, համարում եմ, որ ամեն ինչ էսպես էլ պետք է լիներ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ՈՒՆԵԻ ՔԵ՛Զ, ՄԱՅՐԻԿ։

Վեց տարեկան էի, երբ ամբողջ աշխարհում պոլիոմելիտի համավարակ էր, ու, ցավոք, ես ընկա այդ պանդեմիայի մեջ: Հիշում եմ, որ հիվանդանոցում էի: Ինչքան եմ պառկել` չեմ հիշում, երևի երկար: Ձեռքերս էլ էին անշարժացած, հետո դրանք վերականգնվեցին, մնացին ոտքերս: Մոսկվայում մի քանի վիրահատություն եղավ, ոտքերս օրտեզավորվեցին, դրա շնորհիվ ես կարողացա տեղաշարժվել հենակներով: Ինձ ստիպեցին քայլել, ստիպեցին բժիշկներն ու ԴՈՒ:

Աչքերս բացել եմ, բժշկություն եմ տեսել: Հայրս վիրաբույժ էր, մայրս հյուսվածքաբան: Երազել եմ ես էլ բժիշկ դառնալ, բայց հայրս չէր ուզում: Հայրս ինձ խղճում էր, փայփայում էր ու փորձում էր պաշտպանել դժվարություններից, ամեն հարցում օգնում էր, բայց նաեւ ուզում էր հնարավորինս քիչ բախվեմ անարդարության ու անհավասարության բարքերին, որ այն ժամանակ այդքան շատ էր հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ Իսկ ԴՈՒ ինձ մղում էիր գործելու, ուժ էիր տալիս, թե՛ ինձ, թե՛ մյուսերին։

Առաջին դասարանում ուսուցիչները տուն էին գալիս, այդպես էի սովորում, այն տարիներին այդպես էր ընդունված: Հետո մեր տան հիմնական խոսակցությունն իմ դպրոց գնալու հարցն էր։

Հայրս կրկին դեմ էր, գուցե վախենում էր, կծաղրեն, կընկճվեմ․․․ ԴՈՒ պնդում էիր՝ պետք է գնա դպրոց, պետք է բոլորի հետ սովորի, պետք է դուրս գա ու կյանք մտնի բոլորին հավասար:

Ես քեզ պարտական եմ ամեն ինչի համար, քանի որ միայն դու էիր ասում` ԵԹԵ ԴՈՒ ՈՒԶՈՒՄ ԵՍ, ԱՊԱ՝ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ։

Բայց ուզելը միանգանից կարողանալ չէր դառնում, բոլորի համար ամենասովորական ցանկության իրագործումն իմ դեպքում մի մեծ պայքար էր ենթադրում։ Սկզբում ինձ չէին ընդունում բժշկական համալսարան: Ասում էին` չի կարող սովորել: Նորից ԴՈՒ մտար պայքարի մեջ: Սովորելս էլ էր պայքար, ավարտելն էլ էր պայքար։ Ինձ ասում էին` չես կարող բժիշկ աշխատել, գնա լաբորատորիա: Իսկ ես այդպես չէի ուզում, ես երազում էի հենց բուժող բժիշկ լինել: Ու նորից ԴՈՒ:

Դու ոչ միայն ինձ աջակցում էիր, այլև այնպես էիր անում, որ մյուսներն էլ ինձ աջակցեն: Իմ ընտանիքը միշտ կողքիս էր, հայրս էլ, եղբայրս էլ դժվար պահերին ինձ հետ էին, ինչպես, օրինակ, Մոսկվայում, որտեղ ես պաշտպանեցի թեկնածուական թեզս:

Ու ես դարձա ակնաբույժ, և ակնաբուժության մեջ ես եղա դոկտորական թեզ առաջին պաշտպանողը:

Շատ ուշ ամուսնացա։ Որքան շատ էիք մտահոգվում, ԴՈՒ ու հայրս, գուցե այնքան չէիք մտածում, որ չեմ ամուսնանա ընդհանրապես, որքան՝ կխաբվեմ, կհիասթափվեմ ու կօգտագործեն, կնեղացնեն։ Հիմա աղջիկ ունեմ ու թոռնուհի: Աղջկաս քո օրինակով փորձում եմ ուժ տալ, քո խոսքերն եմ միշտ ասում՝ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ, ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՀԱՐԵՍ։ Փորձում եմ քեզ նման աջակցող և ուժ տվող մայր լինել: 

Երբ դեռ կողքիս էիր, չասացի այն ամենն, ինչ ուզում էի, ինչ պետք է ասեի: Չհասցրեցի․․․ Չասացի` մա՛մ ջան, այն ամենն ինչ ունեմ, քո շնորհիվ է, քո շնորհիվ եմ կայացել, երջանկացել ու լիարժեք կյանք ձեռք բերել։

Բայց երբ ծանր հիվանդացար կողքիդ էի, փորձում էի լավ դուստր լինել, անել այն ամենն, ինչ դու էիր արել ինձ համար: Գիտեմ, որ չեմ կարողացել քո նման անել, որովհետև քո նման լինել հնարավոր չէ:

Բայց գիտեմ նաև, որ դու ես տվել կյանքիս ամենակարևոր գիտելիքը` ԵԹԵ ԴՈՒ ՈՒԶՈՒՄ ԵՍ՝ ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ։»

Լուսանկարների և տեքստի հեղինակ՝ Անի Գևորգյան

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / «Հոդված 3» ակումբ / Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ