Loading

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ

«Կացնահարվեցիր, որ ես ապրեմ ու պայքարեմ, մա՛մ»․ ընտանեկան բռնության անդառնալի հետևանքները

«Կացնի հարվածը քեզ վրա վերցրիր ու փրկելով կյանքս թույլ տվեցիր, որ ես էլ վայելեմ մայր լինելու բերկրանքը, մամ։ Քո կյանքը տվեցիր, որ ես շարունակեմ ապրել ու պայքարել հանուն արդարության, հանուն որդուս բարեկեցության, հանուն իմ իրավունքների ու այլ կանանց օգնեմ, որ երբեք չնահանջեն ու չվախենան։

Թագուհի Մանսուրյանն ընտանեկան բռնության զոհ է։ Նախկին ամուսնու բռնությունների ու սպառնալիքների շղթան չկոտրվեց անգամ ամուսնալուծությունից հետո, կռիվներն ու վիրավորանքները շարունակական էին, ոստիկանության միջամտությունն՝ ապարդյուն, ու հերթական բռնությունն ավարտվեց սպանությամբ, կացնահարվեց Թագուհու մայրը՝ փորձելով պաշտպանել աղջկան ու թոռնիկին։

Այդ չարաբաստիկ գիշերը` 2016-ի հուլիսի 8-ին, երբ նախկին ամուսնուս հետ հերթական վեճից հետո ոստիկանությունից վերադառնում էինք, ու երբեմնի ամուսինս կացինը ձեռքին սպասում էր մութ շքամուտքում, քեզ հարվածելուց հետո ինձ ու հայրիկին էլ հարվածեց, իսկ տղաս, որը երկու տարեկան էլ չկար, այդ ամենը տեսնելուց կարկամել էր վախից։ Գիտես ինչքան ժամանակ չէր խոսում։ Ինչքան են մասնագետներն աշխատել հետը, որհաղթահարի սթրեսը։ Ես շուրջ երկու ամիս վերակենդանացման բաժանմունքում էի, երեխայիս պահում էին բարեկամները, այդքան ժամանակ անգամ տեղյակ չէի, որ դու այլևս չկաս։

Պապան ․․․ պապան առաջվա պես իմ ուժն է, իմ հենարանը։ Երբ հիվանդանոցում էի, ամեն բան ինքն էր անում, թեև ինքն էլ ստացել էր ծանր վնասվածքներ ու հիմա զրկված է ձեռքի մի հատվածից, բայց էլի, ամեն հարցում կողքիս է։ Իր քանդակներն է շարունակում սիրով անել ու դրանով էլ օգտակար լինում մարդկանց։

Ոճրագործ նախկին ամուսինս կրում է իր պատիժը, և հույս ունեմ, որ իսկապես գիտակցում է իր հանցանքի ծանրությունը։

Մեջքիս, ուսիս ու պարանոցիս հատվածում ստացած կացնի հարվածների հետևանքով այդքան սիրելի մասնագիտությամբս` վարսահարդարմամբ այլևս չկարողացա զբաղվել։ Բայց գիտես, փոխարենը ավելի խորացրի մատնահարդարման գիտելիքներս ու հիմա շատ շատերն են վստահում ինձ իրենց առողջությունն ու գեղեցկությունը։

Արդեն ունեմ սեփական գեղեցկության սրահը, որտեղ մատուցում ենք բարձրորակ ծառայություններ։ Անդամագրվել եմ կանանց խնդիրներով, զորեղացմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ու հաճախ կիսվում եմ իմ պատմությամբ, քաջալերում այլ կանանց, որ երբեք չհանձնվեն ու պայքարեն հանուն իրենց լավ ապագայի։

Պարբերաբար մասնակցում եմ նաև մի շարք դասընթացների, որտեղ սովորել եմ մի քանի այլ արհեստներ, ու հիմա դրանք էլ ակտիվ կիրառում եմ, տարբեր գեղեցիկ զարդեր եմ ու հուշանվերներ եմ պատրաստում։

Ամեն տարի մի նոր բան եմ սովորում, նոր հետաքրքրություններ ավելացնում։ Բոլորն ասում են, թե ձեռքիցս ամեն բան գալիս է։ Էս վնասված ձեռքից, պատկերացնո՞ւմ ես: Մամ, գիտես, տանն ամեն բան թողել ենք ճիշտ այնպես, ինչպես դու էիր դասավորել. քո ձեռքերով պատրաստված գեղեցիկ ծաղիկներն էլի դաշնամուրի վրա են, քո ձեռագործ իրերն էլի զարդարում են ամբողջ տունը, ամենուր զգացվում է քո ներկայությունը։

Որդիս արդեն դպրոց է հաճախում, հասցնում եմ նրան տանել նաև տարբեր խմբակներ։ Փորձում եմ անել ամեն բան, որ որևէ բանի կարիք չունենա, իսկ ամենակարևորը` ես ու պապան նրան տալիս ենք շատ սեր, ու նրանից էլ ստանում կրկնապատիկը։

Խենթանում եմ, երբ իր փամփլիկ թաթիկներով գրկում է կացնի հարվածից սպիացած պարանոցս, մինչև հոգուս խորքը զգում եմ նրա ջերմությունն ու սերը։

Մամ, ամեն օր, ամեն պահ շնորհակալ եմ երկու անգամ ինձ կյանք ու նոր հնարավորություն տալու համար»։

Հեղինակ՝ Գոհար Աբրահամյան

Լուսանկարները՝ Նազիկ Արմենակյանի

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / «Հոդված 3» ակումբ / Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ