2016 թվականի հունիսի 8-ին կեսգիշերն անց Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարեց իր նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին եւ նրա ծնողներին: Իր բնակարանի շքամուտքում Թագուհին կացնի բազմաթիվ հարվածներից ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Նախկին ամուսնուց դստերը պաշտպանելու ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանի կացնի հարվածներից մահացավ Թագուհու մայրը՝ Կարինե Մանսուրյանը, հայրը նույնպես կացնից վնասվածքներ էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Վլադիկը թաքնվել էր մուտքի դռան հետեւում: Կացնով հարվածեց մեջքիս, գլխիս, որովայնիս, ականջիս, պարանոցիս, խնձորակս էր կոտրվել: Բարձր բղավեցի, մայրս դուրս եկավ, մեր մեջտեղն ընկավ, պայքարում էր, ուզում էր ինձ փրկել: Չեմ տեսել մորս ոնց սպանեց: Ուշաթափվել էի, ոչինչ չեմ հիշում: Հետո հիվանդանոցում հորս տեսա սայլակի վրա, արյան մեջ:
Չգիտեմ... երբ տղաս մեծանա ու սկսի հարցեր տալ՝ ի՞նչ եմ պատասխանելու հոր մասին
«Սպիներն անցնո՞ւմ են: Երեւի միայն վիրահատության միջոցով, այն էլ մաշկի վրայինը»
«Ասում էր, իբր գալիս է երեխային տեսնելու, բայց երբ գալիս էր, չէր էլ ուզում տեսնել երեխային, ինձ վրա էր հարձակվում, գոռգոռում, ինձ վիրավորում, հարվածում, ասում՝ անբարոյական ես: Մենք ամուսնալուծված էինք, ես կապերս նրա հետ խզել էի: Բայց նա միշտ սպառնում էր ինձ, մի անգամ էլ սպառնաց, թե՝ բոմբ եմ գցելու , վառեմ էս ընտանիքը, չեմ նայելու, որ էրեխեն ներսն ա լինելու:Ասել է՝ չեմ թողնելու երեխու 2 տարեկանը լրանա, սպանելու եմ քեզ, էրեխուն էլ թող տանեն մանկատուն»,-պատմում է Թագուհի Մանսուրյանը:
Վլադիկ Մարտիրոսյանը կալանավորված է․ դատական գործընթացն արդեն մեկ տարուց ավելի է չի հանգուցալուծվում։
Եթե ոստիկանները պատշաճ աշխատեին, դեպքը տեղի չէր ունենա․ ոստիկանները արհամարհական եւ իմիջայլոց էին վերաբերում իմ ահազանգերին, երբ զանգում ու տեղեկացնում էի, որ Վլադիկը սպառնում է:
Վերհիշելով հերթական դաժան ծեծը՝ Հասմիկը պատմում է. «Մի անգամ, որ տեսավ երեխայի մարմնին քերծվածք կա, այնպես ծեծեց... անասունի պես: Ուժասպառ էի եղել, մտածում էի՝ վերջին օրն է, չեմ ապրի։ Ոտքերով, ձեռքերով խփում էր, էնքան էր խփել, որ ձեռքերը հոգնել էին: Աթոռով էնքան ուժեղ խփեց, որ աթոռը կոտրվեց, հետո աթոռի ոտքով սկսեց հարվածել: Գլուխս բացվել էր, դեմքս արյան մեջ էր, սենյակի պատերն էլ՝ արյունով շաղաղված: Մի պահ ուշաթափվել էի, ուշքի եկա էլի նրա հարվածներից: Խփում, ու ասում էր՝ հել, գնա լվացվի: Մազերիցս քաշելով տարավ մինչեւ դռան մոտ: Խնդրեցի թողնի: Հետո մի կերպ, պատերից բռնվելով, չոքեչոք իջել եմ առաջին հարկ ու հենց բաղնիքում ընկել: Եկավ ու ինձ մտցրեց սառը ջրի ջրի տակ: Այդ գիշերը մղձավանջի մեջ էի: Ուշքի եմ եկել, երբ աղջիկս թեւիցս քաշում էր, ու մամա կանչում»:
Ու մի օր համբերության բաժակը լցվել էր, կրկին դաժան ծեծից հետո: Այդ օրը Սարգիս Հակոբյանն այնպիսի դաժանությամբ էր ծեծել Հասմիկին, որ նա որոշեց փախչել տանից, անգամ չմտածելով անչափահաս երեխաների մասին.«Նախորդ ծեծից վերքերս դեռ թարմ էին, նորից խմած եկավ, թե՝ խի՞ ես զանգել քրոջս տղուն, որը 12 տարեկան էր։ էլի դաժանաբար ծեծեց: Վերջ: Ես փախա, հողաթափերով վազում էի։ Գնացի գյուղապետարանի մոտի գետի եղեգների մեջ թաքնվեցի։ Թրջվել էի: Նա մեքենայով գնում-գալիս էր, անընդհատ զանգում էր ինձ: Հեռախոսնն անջատեցի: Կողքիս շները հաչում էին, սարսափել էի, որ հանկարծ հաչոցի վրա դա չգա՝ ինձ գտնի: Շներին ասում էի՝ խնդրում եմ ինձ մի մատնեք: Եթե նա ինձ գտներ՝ կսպաներ: Գիշերվա 2-ն էր, չգիտեի ուր գնալ: Ուզում էի գնալ մի խուլ գյուղում անհետ կորածի պես ապրել: Հետո թաքնվեցի բարեկամներիս տանը: Հետո ինձ վերքերով տարան հիվանդանոց: Իմացա, որ հղի եմ, աբորտ արեցի: Ես չէի ուզում դրանից 3-րդ երեխան ունենալ»:
2013 թվականի հունիսի 20-ին Հասմիկը հաղորդում է տվել Գավառի ոստիկանություն. ասում է՝ վախենալով, որովհետեւ վստահ էր՝ ոստիկանությունը չի օգնի, նախկին ամուսինը միշտ նրանց հետ լեզու էր գտնում. «Հետո ոստիկանը ինձ զանգեց, ասաց՝ ի՞նչ է եղել, մարդ ու կնիկ կռվել եք, հելել հասել ես Երեւան»:
2014 թվականին Գավառի ընդհանուր իրավասության դատարանը Հասմիկ Խաչատրյանին բռնության ենթարկելու համար Սարգիս Հակոբյանին դատապարտեց ընդամենը 1.5 տարվա ազատազրկման: Կարճ ժամանակ անց նա համաներումով ազատ արձակվեց: Դրանից հետո Սարգիս Հակոբյանը նորից ամուսնացավ, ու նորից, 2-րդ կնոջ նկատմամբ էլ բռնություն գործադրեց: Նա հիմա ձերբակալված է ծնողներին ծեծելու համար:
2017 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը: Հասմիկ Գեւորգյանը նկատում է՝ «Նոր օրենքում ընտանիքում բռնությունը որպես ծանրացուցիչ հանգամանք չի դիտարկվում»:
Թամարը պատմում է՝ լինելով նախկին հատուկ ջոկատային, տարբեր ժամանակաշրջաններում աշխատելով տարբեր պետական հաստատություններում, նախկին ամուսինը հայտարարում էր, թե՝ կինն է իրեն բռնության ենթարկել. «Ապա զանգահարեց դատախազություն, ստեց, իբրեւ թե ինքն է զոհը: Նրա հայցի հիման վրա դատախազությունը գործ հարուցեց իմ դեմ՝ մեղադրելով ինձ սուտ մատնության համար»: Այս տարի հունիսին դատարանը Թամարի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց 1000 լարիի չափով գրավը: Թամարի շահերը պաշտպանում է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: Այս կազմակերպությունը գտնում է, որ ընտանեկան բռնության զոհին հետապնդելը սուտ մատնության մեղադրանքով, վտանգավոր միտում է դարձել:
Նատան պատմում է, որ ամուսնացել է սիրելով, երբ արդեն 30-ն անց էր. ամուսինը երկար է սիրահետել, ինքն էլ խելակորույս սիրահարվել էր: Բայց երեխայի ծնվելուց հետո ամուսինը սկսել էր ավելի հաճախ խմել ու կռիվներ սարքել, ծեծել կնոջը: Ամուսնության 10 տարիների ընթացքում Նատան մի քանի անգամ տանից հեռացել է` ծեծի եւ բռնության հերթական բռնկումների արդյունքում, բայց կրկին վերադարձել է, քանի որ չէր ուզում նեղություն տալ հարազատներին, ապրելու այլ տեղ էլ չուներ: Համատեղ կյանքի ընթացքում նրանք երկու երեխա են ունեցել, եւս երկուսին կորցրել է` դաժան ծեծի պատճառով:
Հետո սկսեց հաբեր (թմրադեղ) օգտագործել ու իրեն կորցնում էր, իսկ մենք օրերով հոսանք ու գազ չէինք ունենում, երեխաները սոված էին մնում: Էլի փորձեցի թողնել նրան, գնացի քրոջս տուն, եկավ հետեւիցս, սպառնաց, ստիպված վերադարձա: Նորից այնքան ծեծեց, որ անկողնուց չէի կարողանում վեր կենալ: Խնդրեցի դեղերս բերի, զայրացավ, ասաց՝ հեսա կսպանեմ քեզ:
Հիմա Նատան ապրում է քրոջ տանը: Մտադիր է աշխատանք գտնել, հետո նաեւ սեփական չորս պատը կունենա ու այլեւս ոչ մեկից կախված չի լինի:
Հոգեբան Նինա Գոգոխիան աշխատում է «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության եւ օժանդակության պետական հիմնադրամում»՝ Ճգնաժամային կենտրոնում: Նա այստեղ աշխատում է բռնության զոհ դարձած կանանց եւ նրանց երեխաների հետ: Նինան վստահ է` բռնությանը, մշտական կոնֆլիկտներին համակերպվել` անունը դնելով «ընտանիքի համար է, երեխաների համար է», անընդունելի է, որովհետեւ նման միջավայրում մեծացած երեխան անխուսափելիորեն հոգեկան տրավմաներ է ստանում:
Այժմ բռնությունից «ազատված» կանայք, թեեւ ինքնուրույն են ու պայքարում են իրենց իրավունքների համար, սակայն նշում են՝ օրենսդրությունը լիարժեք չի պաշտպանում կանանց, իրենք խոցելի են, հասարակությունը տղամարդկանց «առավելություններ է» տալիս: