View Static Version
Loading

Անահիտ Պարզյան․Կանայք պետք է լիարժեք մասնակիցը դառնան աշխարհի վերափոխման գործընթացներին

««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանի համար դեպի ՏՀՏ ոլորտ տանող ճանապարհը սկսվեց Չինաստանից, որտեղ հետբուհական կրթություն էին ստանում ինքն ու ամուսինը։ Հենց այստեղ Անահիտի համար պարզ դարձավ, որ աշխարհի ապագան թվային է լինելու:

«Դեռևս 2012-ին Չինաստանում ամեն ինչ թվայնացված էր՝ առօրյա կյանքը, բանկային համակարգը, պետական ծառայությունները։ Ես հենց այդ ժամանակ զգացի, որ այս ոլորտն ինձ գրավում է, նախ՝ զարգացման արագ տեմպերի և հնարավորությունների շնորհիվ, ինչպես նաև որպես քաղաքագետի։ Որոշեցի, որ ասպիրանտական թեզս հենց այս մասին պետք է լինի»,– հիշում է Անահիտը։
«Առաջին մասնագիտությամբ քաղաքագետ եմ, սկսեցի ուսումնասիրել կիբեռանվտանգությունը՝ միջազգային հարաբերությունների համատեքստում, ինչը իմ նախասիրությունների և գիտական հետաքրքրությունների շրջանակում էր։ Հընթացս հասկացա, թե որքան կարևոր է անվտանգային չափորոշիչներ ունենալ կիբեռտարածքում և, առհասարակ, կառավարել թվային աշխարհը»,– ասում է Անահիտը։

Ուսման ընթացքում արդեն հաստատ որոշել էր՝ Հայաստան գալուն պես ստացած գիտելիքները գործի դնել այստեղ՝ ներկայացնելով, թե ինչ փոփոխություններ են սպասվում ապագա աշխարհում և ինչպես պետք է պատրաստվել դրանց։

2017 թ․ վերադառնալով Հայաստան՝ Անահիտը ԵՄ-ի և ՀՀ Կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում մասնակցեց ՀՀ թվային ռազմավարությունների և կիբեռանվտանգության մշակման աշխատանքներին, իրականացրեց թեմային առնչվող տեղեկատվական արշավներ տարբեր թիրախային խմբերի համար:

Դրա հետ մեկտեղ, սակայն, խոստովանում է՝ նոր գիտելիքները հայրենիքում տեղայնացնելու մտադրության իրագործումը հարթ չի ընթացել։ Պատկերացումները, որոնցով վերադարձել էր Անահիտը, շատ էին տարբերվում հայաստանյան իրականությունից․ արագ փոփոխվող աշխարհի, անվտանգ թվային միջավայրի, նոր ու անտեսանելի մարտահրավերների, դրանց դիմագրավելու ձևերի ու միջոցների մասին բարձրաձայնելը երբեմն հեշտ չէր տրվում, սակայն Անահիտն իր նպատակներից երբեք հետ չի կանգնել:

«Սկզբնական շրջանում կիբեռանվտանգությունը շատերի համար նոր ու անհասկանալի երևույթ էր թվում, որի մասին Հայաստանում գրեթե չէին խոսում։ Բայց պետք է ասեմ, որ բավականին արագ հաղթահարեցի թերահավատությունը։ Գուցե պատճառն իմ համառությունն էր կամ գիտելիքների շնորհիվ ձեռք բերված ինքնավստահությունը, բայց չեմ կարող չնշել նաև իմ ճանապարհին հայտնված լայնախոհ և լավ մարդկանց, գործընկերներիս, որոնց հետ միասին շատ կարևոր գործընթացներում ներգրավվեցինք»,– նշում է Անահիտը։
Նրա խոսքով՝ ՏՀՏ ոլորտը աշխարհի ամենաարագ զարգացող ու փոփոխվող ոլորտներից է, և ամենաբարդը այդ փոփոխություններից հետ չմնալու խնդիրն է։ Հիշում է, որ հատկապես երեխաների ծնունդից հետո նոր մասնագիտության յուրացումը բարդ, բայց և հետաքրքիր փորձառություն էր:
«Ուսումնառության ընթացքում հաճախ էր պատահում, որ տնային գործերն ավարտելուց հետո անցնում էի դասերիս ու կարդում մինչև գիշերվա 3-4–ը, իսկ 8-ին կրկին պետք է համալսարան գնայի։ Այդ ժամանակ, երբեմն, մտածում էի, որ ունեմ բոլոր պատճառները՝ հրաժարվելու այս ամենից և արդարացնելու որոշումս, բայց հետո պատկերացնում էի, թե ինչպե՛ս ես ինձ կզգամ մի քանի տարի հետո։ Այն, թե ինչպիսին եմ հիմա, ինչ կրթություն, գիտական ինչ կոչում և ինչ աշխատանք ունեմ հիմա, ես միշտ պահել եմ աչքիս առաջ՝ որպես հասանելի տեսլական։ Դա շատ հաճախ ինձ ուժ է տվել՝ կանգ չառնելու»,– ասում է Անահիտը։

Բացի դրանից, նրան շարունակաբար ուժ է տվել նոր մասնագիտության նկատմամբ ունեցած հետաքրքրությունը։ Ըստ Անահիտի՝ հենց այս ոլորտն էր, որ իրեն ամենօրյա մասնագիտական ուրախություն ու բավարարվածություն էր պարգևում, ինչն իր համար չափազանց կարևոր է։

Անահիտը սեփական փորձով գիտի՝ ընտանիքի հետ մասնագիտական գործունեության համատեղումը բարդ, բայց միանգամայն հնարավոր է։ Կարևորն ընտանիքի ներքին մթնոլորտն է և փոխօգնության պատրաստակամությունը:

«Ինձ համար ամուսնուս և ընտանիքիս աջակցությունն անգնահատելի է։ Որպես կայացած և ինքնավստահ տղամարդ՝ ամուսինս մշտապես ոգեշնչել է ինձ՝ նոր բարձունքների հասնելու ճանապարհին։ Մենք համոզված ենք, որ ընտանիքում հավասարություն պետք է լինի նաև զարգացման մակարդակի տեսանկյունից, որպեսզի երջանկությունն ու համերաշխությունը երաշխավորված լինեն»,– նկատում է Անահիտը։
2020 թ․ Անահիտը հրավեր ստացավ ղեկավարելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը, որտեղ խոշոր ու պատասխանատու նախագծեր են իրականացնում՝ «Ստեղծել կյանք փոխող հարթակներ» կարգախոսի ներքո:
«Հավատացած եմ, որ թվայնացումը կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդկանց կյանքի որակի փոփոխության վրա։ Հատկապես մեր դեպքում, երբ գործ ունենք տարբեր խոցելի խմբերի հետ, աշխատում ենք, որ մեր ստեղծած թվային գործիքները լինեն հնարավորինս ներառական, մատչելի և թափանցիկ։ Վստահ եմ, որ արհեստական բանականության մեր մոդելները ապագայում էապես փոխելու են պետություն–քաղաքացի հարաբերությունները՝ նպաստելով թվային, տվյալահենք քաղաքականությունների մշակմանը»,– ասում է նա։

Թեև Հայաստանի ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածության ցուցանիշներն ավելի բարձր են, քան միջինն աշխարհում, ոլորտի ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածությունը հեռու է բավարար լինելուց, ինչը Անահիտը բացատրում է կարծրատիպային մոտեցումներով, որոնք թեև ժամանակի ընթացքում պակասել են, բայց դեռ ամբողջությամբ չեն վերացել:

Իր աշխատանքային կարիերայի օրինակով հիշում է՝ սկզբնական շրջանում ՏՀՏ ոլորտի շատ գործընկերներ զգուշավորությամբ էին վերաբերվում ոլորտում երիտասարդ կնոջ ներկայությանը:

Պատմում է, որ հաճախ է որպես դասընթացավար հանդես գալիս՝ աջակցելով կանանց առաջնորդությանը, որն այսօրվա իրականության մեջ անհնար է պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների։ Կիբեռանվտանգության կանոնների մասին գիտելիքներ հաղորդելով առաջնորդության դպրոցներում ուսանող կանանց՝ Անահիտը, ըստ էության, թվային տարածքում անվտանգ գործելու նվազագույն երաշխիքներ է տալիս նրանց, քանի դեռ լիարժեք չեն ձևավորվել օնլայն հարթակներում իրավական պաշտպանվածության հիմքերը։

«Կանայք կարող են և պետք է լիարժեք մասնակիցը դառնան տեխնոլոգիաների կիրառմամբ ու միջոցով աշխարհի վերափոխման գործընթացներին»,- համոզված է նա։

Անահիտը գիտի՝ հեշտ չէ հաջողության հասնել՝ ո՛չ անձնական, ո՛չ էլ երկրի մակարդակում։ Հնարավոր չէ մեկ օրում դառնալ այն երկիրը, որի մասին երազում ենք, բայց նաև վստահ է՝ պետք է անել ամեն բան, որ այսօր այն ավելի լավը լինի, քան երեկ։ Եվ ինքը դրա համար ջանք չի խնայում։

Սոնա Մարտիրոսյան

Created By
WomenNet am
Appreciate
NextPrevious