View Static Version
Loading

Թե ինչպես մի ամինաթթվի պատճառով հիմնարար հետազոտությունները դարձան կիրառական. «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայից» ներս

2018-ին Էդիտա Նադիրյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսում։ Այդ ժամանակ նա պետք է կողմնորոշվեր, թե կենսաբանության հատկապես որ ուղղությունն է իրեն հետաքրքրում, ըստ այդմ էլ ավարտական աշխատանքի թեմա ու ղեկավար ընտրեր։ Էդիտան հիշում է, որ այդ նպատակով համակուրսեցիների հետ շրջում էր ֆակուլտետի գիտահետազոտական լաբորատորիաներով, ծանոթանում տարբեր գիտական խմբերի գործունեությանը։ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի խմբերից մեկը հետաքրքրեց Էդիտային, քանի որ խմբի հետազոտությունները նվիրված էին քաղցկեղի և հակաքաղցկեղային միջոցների ուսումնասիրությանը։

«Լսել էի փոքր ժամանակվանից, որ քաղցկեղը շատ վատ հիվանդություն է, ես էլ միշտ ուզում էի հասկանալ՝ ինչպես է ընդհանրապես լինում, բուժում կա՞, թե՞ չէ։ Ու սկսեցի գալ, մասնակցել փորձերին»,- հիշում է Էդիտան։

Էդիտա Նադիրյանը

Երբ եկավ ավարտական աշխատանքը գրելու ժամանակը, խմբի ղեկավարը՝ Նիկոլայ Ավթանդիլյանը, Էդիտային ու մյուս ուսանողներին թեմաներ առաջարկեց, որ ամեն մեկն իրեն հոգեհարազատ թեմա ընտրի։ Չնայած էդիտային խումբն ի սկզբանե գրավել էր քաղցկեղի մասին հետազոտություններ իրականացնելու համար, առաջարկվածներից նրան հետաքրքրեց շաքարային դիաբետին վերաբերող թեման, որն էլ դարձավ նրա ավարտական աշխատանքը։

Էդիտան իր ղեկավարի՝ Նիկոլայ Ավթանդիլյանի հետ սկսեց ուսումնասիրել շաքարային դիաբետի ազդեցությունը սիրտ-անոթային համակարգի վրա՝ առաջարկելով մեթոդներ, որոնք կմեղմեն այդ հետևանքները։ Նրա ավարտական աշխատանքի արդյունքներն այնքան արժեքավոր էին, որ ի վերջո այն դարձավ գիտական հոդված՝ հրապարակվելով բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրում։ Ավելին՝ անցած տարի նրա հետազոտությունը՝ որպես պաստառային զեկույց, ներկայացվեց Եվրոպական կենսաքիմիական ընկերությունների ֆեդերացիայի (FEBS) 46-րդ գիտաժողովի ընթացքում։

Էդիտայի հոդվածը՝ պաստառային զեկույցի տեսքով

Էդիտան հիշում է, որ երկրորդ կուրսում ինքը պարզապես ավարտական աշխատանքի թեմա ու ղեկավար էր փնտրում և չէր էլ պատկերացնում, որ նման հաջողություններ կունենա։ Այժմ նա արդեն սովորում է մագիստրատուրայի վերջին կուրսում և աշխատում նույն գիտական խմբում՝ հենց այստեղ էլ իրականացնելով մագիստրոսական թեզի հետազոտությունները։ Էդիտան պլանավորում է գիտությամբ զբաղվել՝ շարունակելով շաքարային դիաբետի թեմայով ուսումնասիրությունները։

2015-ին Նիկոլայ Ավթանդիլյանն ու Հայարփի Ջավրուշյանը հիմնարար հետազոտություններ էին իրականացնում Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում։ Նրանց հետազոտությունները վերաբերում էին արգինին կոչվող ամինաթթվի նյութափոխանակային ուղուն. գիտնականներն ուսումնասիրում էին օրգանիզմում այս միացության մասնակցությամբ կենսաքիմիական տարբեր գործընթացներ։

«Որևէ կենսաքիմիական պրոցես ուսումնասիրելը դասական կենսաքիմիան է, որը կտա հիմնարար գիտելիքներ։ Բայց պետք էր քայլել դեպի առաջ՝ հասկանալու համար, թե դա կիրառական ինչ նշանակություն կարող է ունենալ»,- ասում է Նիկոլայ Ավթանդիլյանը։

Նիկոլայ Ավթանդիլյանը

Նա նշում է՝ գիտական գրականության ուսումնասիրությունն իրենց ցույց տվեց, որ արգինինը կարող է անուղղակիորեն որոշակի դեր խաղալ քաղցկեղի զարգացման գործում։

Ինչպե՞ս։ Մեր օրգանիզմում կան միլիարդավոր բջիջներ, որոնք տարբեր գործառույթներ ունեն և խմբավորված են՝ ըստ այդ գործառույթների։ Բջիջներին բնորոշ է կիսվելու եղանակով բազմանալու հատկությունը։ Դրանք կարող են կիսվել տարբեր պատճառներով․ օրինակ՝ երբ տարիքի հետ երեխան մեծանում է, նրա օրգանիզմը սկսում է աճել, և դա տեղի է ունենում բջիջների կիսման շնորհիվ։ Կիսման գործընթացում կարևոր դեր ունեն մի քանի միացություններ, որոնց թվում է նաև արգինինը։

Հիմա հասկանանք՝ որն է արգինինի դերը։ Մեր օրգանիզմում կան ֆերմենտ կոչվող միացություններ, որոնց գործն է խթանել տարբեր քիմիական ռեակցիաներ։ Եվ ահա, կան հատուկ ֆերմենտներ, որոնք ճեղքում են արգինինն ու դրանից առաջացնում երկու միացություններ։ Այս միացություններն են պոլիամինները, որոնք մասնակցում են բջջի կիսմանը, և ազոտի մոնօքսիդը, որը մասնակցում է արյունատար անոթների ձևավորմանը։

Բջիջների կիսումն ու արյունատար նոր անոթների առաջացումը բնականոն գործընթացներ են, սակայն երբեմն այնպես է պատահում, որ արտաքին ազդեցությունների հետևանքով այս գործընթացները հանգեցնում են ինչ-ինչ հիվանդությունների առաջացմանն ու զարգացմանը։ Այդպիսի հիվանդություններից է քաղցկեղը։

Ինչպե՞ս է առաջանում քաղցկեղը․ արտաքին ազդեցությունների հետևանքով (ծխախոտ, թունավորում, ռադիացիա և այլն) բջիջների բաժանման համար պատասխանատու միացությունները սկսում են օրգանիզմում պետք եղածից ավելի շատ քանակություններով արտադրվել, ինչի հետևանքով որոշ բջիջներ սկսում են անոմալ բաժանվել, անգամ երբ դրա կարիքը չկա։ Առաջացած նոր բջիջները կուտակվում են միմյանց վրա՝ առաջացնելով ուռուցք, և սկսում են օրգանիզմում տարածվելու համար ուղիներ փնտրել։

Եվ ահա, երբ ուսումնասիրում էին գիտական գրականությունը, Նիկոլայն ու Հայարփին նկատեցին, որ քաղցկեղի տարբեր տեսակների առկայության պայմաններում օրգանիզմում նկատվում է բջիջների բաժանմանը մասնակցող պոլիամինների և արյունատար անոթների ձևավորմանը մասնակցող ազոտի մոնօքսիդի քանակության աճ։ Հենց այդ ժամանակ էլ նրանք որոշեցին մի փոքր փոխել իրենց հետազոտությունների ուղղությունն ու սեփական գիտափորձերով համոզվել, որ քաղցկեղի ժամանակ այս երկու միացություններն իսկապես քանակական փոփոխություններ են կրում և կարող են նպաստել հիվանդության զարգացմանը։

Նիկոլայն ու Հայարփին սկսեցին համագործակցել Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկակենսաքիմիական լաբորատորյաի այն ժամանակվա ղեկավար Քնարիկ Ալեքսանյանի հետ ու համատեղ հետազոտություններ իրականացնել։ Ուսումնասիրության համար նրանք ընտրեցին կրծքագեղձի քաղցկեղը, քանի որ այս քաղցկեղի ժամանակ պոլիամինների ու ազոտի մոնօքսիդի քանակական փոփոխության վերաբերյալ հետազոտություններ գրեթե չկային։

Հայարփի Ջավրուշյանը

Նրանք վերցրին կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց արյան նմուշներ ու հետազոտեցին, թե արգինինից պոլիամիններ ու ազոտի մոնօքսիդ առաջացնող ֆերմենտներն ինչ ակտիվություն ունեն այդ հիվանդների արյան մեջ։ Հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ, ինչպես ենթադրվում էր, կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց մոտ այդ ֆերմենտների ակտիվությունը մեծանում է, ինչ էլ հանգեցնում է պոլիամինների ու ազոտի մոնօքսիդի քանակական աճին։

Գիտնականներն արյան նմուշներ էին վերցրել նաև այն կանանցից, որոնք քաղցկեղի դեմ բուժում էին ստանում։ Այս նմուշներում նրանք մի հետաքրքիր միտում նկատեցին․ բուժում ստացածների մոտ ազոտի մոնօքսիդի ու պոլիամինների քանակությունն ավելի քիչ էր։ Սրանից նրանք ենթադրեցին, որ երբ քաղկեցը ճնշվում է, նրա զարգացմանը նպաստող միացություններն էլ քանակապես նվազում են։

Իրենց հետազոտությունների արդյունքներով գիտնականները 2018-ին գիտական հոդված տպագրեցին։ Հետո որոշեցին ավելի խորացնել հետազոտությունները․ երբ արդեն սեփական փորձերով համոզվել էին, որ պոլիամիններն ու ազոտի մոնօքսիդը նպաստում են քաղցկեղի զարգացմանը, նրանք մտածեցին՝ ինչո՞ւ չթիրախավորել հենց այդ միացությունների ձևավորմանը նպաստող ֆերմետները։ Կանխավարկածն այն էր, որ եթե այդ ֆերմենտների գործունեությունն արգելակվի, և պոլիամինների ու ազոտի մոնօքսիդի քանակությունը նվազի, ապա դա բացասական ազդեցություն կունենա կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա։

Գայանե Պետրոսյանը

Հենց այս հետազոտությունն իրականացնելու նպատակով էլ դիմեցին Գիտության կոմիտեի դրամաշնորհներից մեկին ու ստացան իրենց առաջին ֆինանսավորումը։ Այդ ժամանակ էլ ձևավորվեց նրանց գիտական խումբը, որտեղ, բացի Հայարփիից ու Նիկոլայից, սկսեց աշխատել նաև Գայանե Պետրոսյանը։

Մինչ խմբի հետազոտությունների արդյունքներին անցնելը մի փոքր պատկերացում կազմենք քաղցկեղի առաջացման և զարգացման փուլերի և դրանցում պոլիամինների ու ազոտի մոնօքսիդի դերի մասին։ Քաղցկեղն ունի զարգացման մի քանի փուլ:

  • Նախ սկսվում է բիջների անոմալ բաժանում։
  • Հետո բջիջները կորցնում են մահանալու ունակությունը։ Սովորաբար այն բջիջները, որոնք կորցնում են իրենց ֆունկցիոնալությունն ու այլևս օրգանիզմին պետք չեն, գնում են ծրագրված «ինքնասպանության»։ Սակայն քաղցկեղային բջիջներն այդպես էլ ինքնասպան չեն լինում՝ շարունակելով կիսվել ու շատանալ։
  • Հաջորդ փուլում մեր օրգանիզմում սկսում են առաջանալ արյունատար նոր անոթներ, որոնց միջոցով քաղցկեղային բջիջները սկսում են տեղաշարժվել օրգանիզմում։
  • Այնուհետև քաղցկեղային բջիջները սկսում են ներխուժել հարևան հյուսվածքներ և «ախտահարել» դրանք։
  • Եվ վերջին փուլը մետաստազն է, երբ քաղցկեղային բջիջները տարածվում են օրգանիզմում։

Արգինինի նյութափոխանակային ուղու պրոդուկտներից պոլիամինները մասնակցում են բջջի կիսման գործընթացին։ Երբ պոլիամինների քանակությունը շատանում է, բջիները սկսում են անոմալ կիսվել, ինչն էլ քաղցկեղի զարգացման և առաջընթացի պատճառ է դառնում։ Պոլիամինները նպաստում են նաև քաղցկեղային բջիջների տարածմանը․ սովորաբար բջիջները միմյանց հետ կապված են հատուկ մոլեկուլների միջոցով, և քաղցկեղի ժամանակ այդ մոլեկուլների գործունեության խաթարման պատճառով բջիջների միջև կապերը թուլանում են, ինչը հեշտացնում է օրգանիզմում նրանց տեղաշարժը։ Հենց այդ կապերի թուլացման գործընթացում էլ կարևոր դեր են խաղում պոլիամինները։

Դե իսկ բջիջների տարածմանը նպաստող մյուս դերակատարը արգինինի հաջորդ արգասիքն է՝ ազոտի մոնօքսիդը։ Ազոտի մոնօքսիդի մասնակցությամբ առաջանում են արյունատար նոր անոթներ, և սա բնականոն պայմաններում նորմալ երևույթ է։ Սակայն երբ օրգանիզմում կան քաղցկեղային բջիջներ, դրանք օգտագործում են արյունատար անոթները՝ օրգանիզմում շարժվելու, այլ հյուսվածքներ ներխուժելու և գոյատևման համար անհրաժեշտ թթվածին ու էներգետիկ միացություններ «գողանալու» համար։

Քաղցկեղի բուժումը սովորաբար իրականացվում է մի քանի եղանակներով։ Դրանցից մեկն, օրինակ, վիրահատական միջամտությունն է, երբ օրգանիզմից հեռացվում են ուռուցքները։ Մեկ այլ եղանակ է քիմիաթերապիան, երբ քիմիական միացություններով թիրախավորում են քաղցկեղի զարգացմանը նպաստող միացությունները կամ ուռուցքային բջիջները՝ չթողնելով, որ հիվանդությունը զարգանա։

Նիկոլայն ու գործընկերները սկզբնական փուլում դիմեցին հենց վերջին մեթոդին․ նրանք վերցրին քիմիական միացություններ, որոնք որպես արգելակիչ են գործում պոլիամիններ ու ազոտի մոնօքսիդ սինթեզող ֆերմենտների համար, այսինքն՝ արգելակում են այս ֆերմենտների գործունեությունը։

Նիկոլայը նշում է, որ արտասահմանյան որոշ կլինիկաներում շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ թիրախավորում են պոլիամիններ առաջացնող ֆերմենտը, և շագանակագեղձի քաղցկեղի վրա դա ազդում է։ Բայց սրանք մասնավոր դեպքեր են, և դեռևս ընդունված մեթոդ չէ քաղցկեղի բուժման նպատակով քիմիաթերապևտիկ միջոցներով թիրախավորել պոլիամիններ ու ազոտի մոնօքսիդ առաջացնող ֆերմենտները։

Նիկոլայն ու թիմակիցներն այս շրջանում փորձերն իրականացնում էին in vitro եղանակով։ Այս եղանակը ենթադրում է, որ փորձերը կատարվում են քաղցկեղային բջիջների վրա, որոնք օրանիզմից դուրս են՝ հատուկ միջավայրում։

«Կիրառելով սպեցիֆիկ արգելակիչներ տվյալ ֆերմենտների համար, կարողացանք ազդել ինչպես ուռուցքային բջիջների քանակի փոփոխության, քաղցկեղային բջիջների մահացության, այնպես էլ ներքին նյութափոխանակային տարբեր պրոցեսների կարգավորման վրա, որը դրական ազդեցություն ունեցավ քաղցկեղային վիճակի հետ կապված»,- ասում է Նիկոլայը։

Այս փորձերում գրանցած հաջողությունները հիմք դարձան անցնելու հաջորդ՝ in vivo փուլին։ Այս փուլում փորձերն իրականացվում էին կենդանիների մասնակցությամբ։ Գիտնականներն առնետների մոտ կրծքագեղձի քաղցկեղ էին առաջացնում, հետո արգելակիչ միացություններով ազդում ընտրված ֆերմենտների վրա։

Հենց այս փուլում էլ նրանք հասկացան, որ իրենց, բացի քիմիական միացություններից, այսինքն՝ քիմիաթերապևտիկ միջոցներից, մեկ այլ բաղադրիչ էլ է անհրաժեշտ։ Եվ այդ բաղադրիչը կարող էին դառնալ դեղաբույսերը, որոնցից շատերն ունեն հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններ։

Նախ պարզենք՝ ինչ է հակաօքսիդանտային հատկությունը։ Արդեն հասկացանք, որ բջջի բնականոն գոծունեության խաթարման և անոմալ կիսման պատճառներից մեկը որոշ տեսակի ֆերմենտների ակտիվության մեծացումն է։ Իսկ այս ֆերմենտների ակտիվության աճին նպաստում են ազատ ռադիկալ կոչվող նյութերը, որոնք մեր օրգանիզմում հայտնվում են արտաքին ազդեցությունների՝ ծխելու, շրջակա միջավայրի և այլնի հետևանքով։

Հակաօքսիդանտային հատկություն ունեցող նյութերը չեն թողնում, որ ազատ ռադիկալները գործեն և խաթարեն մեր բջիջների բնականոն գործունեությունը, այլ կերպ ասած՝ չեզոքացնում են ազատ ռադիկալների ազդեցությունը։ Ավանդական բժշկության մեջ հայտնի են մի շարք բույսեր, որոնք նման հատկություն ունեն։ Իհարկե, դեղերում կիրառություն գտնելու համար նախ անհրաժեշտ է, որ այս կամ այն բույսի հակաօքսիդանտային հատկությունն ապացուցվի գիտական մեթոդներով։

Միքայել Գինովյանը

2018-ին՝ Նիկոլայի ու թիմակիցների աշխատանքներին զուգահեռ, նույն Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում Միքայել Գինովյանը դեղաբույսերի հակամանրէային և հակաօքսիդանտային հատկությունների ուսումնասիրություն էր իրականացնում։ Նա հիշում է, որ Նիկոլայից առաջարկ ստացավ միավորելու ուժերն ու փորձելու հետազոտության նոր մեթոդ մշակել։ Նոր մեթոդը ենթադրում էր քաղցկեղի առաջացմանն ու զարգացմանը նպաստող ֆերմենտները թիրախավորել ոչ թե միայն քիմիաթերապևտիկ միջոցներով, այլ այդ միջոցների ու դեղաբույսերի համադրությամբ։ Այդպես գիտնականները միավորեցին ուժերն ու համատեղ դիմեցին Գիտկոմի թեմատիկ մրցույթին։ Մրցույթում հաղթեցին, և արդեն 5 հոգանոց թիմը սկսեց հետազոտությունների նոր փուլ։

«Հայաստանը բուսական աշխարհի մեծ բազմազանություն ունի, բավականին բուսատեսակներ էնդեմիկ են, այսինքն՝ աճում են միայն Հայաստանում կամ մեր տարածաշրջանում, ու դեռևս հնագույն ժամանակներից լայնորեն կիրառվել են ավանդական բժշկության մեջ»,- ասում է Միքայել Գինովյանը։

Ծնունդով Տավուշից Միքայելը նշում է, որ դեղաբույսերի նախնական ցանկը կազմել են դեղագրքերի ու տավուշցիների հետ զրույցների հիման վրա։ Հետո այդ ցանկը նեղացրել են ու կենտրոնացել կոնկրետ դեղաբույսերի վրա։ Հենց Տավուշի սարերից էլ հավաքում են բույսերն ու բերում լաբորատորիա, որտեղ դրանցից անջատում են անհրաժեշտ բաղադրիչները հետազոտությունների համար։

Նիկոլայ Ավթանդիլյանն ասում է, որ ընդհանրապես, քաղցկեղի բուժման ժամանակ բուժման տարբեր մեթոդների համադրությունն ընդունված պրակտիկա է, բայց շատ քչերն են համադրում հենց քիմիաթերապևտիկ միջոցները և դեղաբույսերից անջատված միացությունները։ Այս մեթոդը կոչվում է ֆիտոքիմիաթերապիա (phyto արմատը հունարենից թարգմանաբար նշանակում է բույս, բառացի՝ բուսաքիմիաթերապիա)։

Նիկոլայի խոսքով իրենց մոդելի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ իրենք քաղցկեղ ունեցող կենդանիների բուժումն իրականացնում են երկարաժամկետ կտրվածքով՝ 8 շաբաթ․ «Յուրաքանչյուր երրորդ օրն իրականացնում ենք ներարկում, սպասում ենք որոշակի ընթացք՝ հասկանալու նրա երկարաժամկետ ազդեցության հետ կապված հարցերը, այնուհետև արյան, ինչպես նաև հյուսվածքների որոշ կոմպոնենտների դիտարկմամբ և հյուսվածաախտաբանական վերլուծությամբ հասկանում ենք, թե ինչ ձևով է ազդում մեր մոդելը»։

Միքայելը, Մերին, Էդիտան, Գայանեն, Հայարփին և Նիկոլայը

Թիմն այս փուլում էլ կարողացավ արդյունքներ գրանցել ու գիտական հոդված տպագրել։ Ընթացքում ևս մի քայլ առաջ գնացին․ նախ դիմեցին Գիտկոմի գիտական խմբերի մեկնարկի դրամաշնորհին ու պաշտոնապես 7 հոգանոց գիտահետազոտական խումբ ձևավորեցին։ Այդ ժամանակ թիմին միացել էին նաև Մերի Քոչարյանն ու Սվետլանա Հովհաննիսյանը։ 2022-ին էլ ստեղծեցին «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիան», որտեղ, բացի այս 7 հոգանոց խմբից, ներգրավված են նաև այլ գիտաշխատողներ։

Այժմ գիտահետազոտական խումբը շարունակում է հետազոտությունները և այս նոր մեթոդի կիրառմամբ փորձերը, ինչպես նաև նախատեսում է այլ ուղղություններ զարգացնել, որոնցից մեկը շաքարային դիաբետին վերաբերող ուսումնասիրություններն են։

Նիկոլայ Ավթանդիլյանը նշում է, որ քիմիաթերապևտիկ միջոցների ու դեղաբույսերի համադրությամբ քաղցկեղի առաջացմանն ու զարգացմանը նպաստող ֆերմենտներին արգելակելը մի քանի հարց է լուծում:

  • Նախ, այս երկու միջոցները առանձին-առանձին կարող են ավելի քիչ ազդեցություն ունենալ, քան երկուսը միասին․ օրինակ՝ եթե յուրաքանչյուր բաղադրիչն առանձին վերցրած կարող է ունենալ 20% արդյունավետություն, ապա միասին՝ 50%:
  • Կարևոր է նաև միմյանց օգնելու հարցը։ Նիկոլայը նշում է, որ քաղցկեղային բջիջներ հասնելու և դրանք վնասելու համար բաղադրիչները պիտի իրենց համար «ճանապարհ բացեն» ու ներթափանցեն բջիջներ։ Հենց այստեղ է, որ քիմիաթերապևտիկ միջոցն ու բույսից անջատված միացությունը կարող են աջակցել իրար և հասնել թիրախին։
  • Երրորդ կարևորագույն պատճառը կողմնակի ազդեցությունները կանխելն է։ Երբ քաղցկեղի բուժման նպատակով թիրախավորվում են հիվանդության զարգացմանը նպաստող ֆերմենտները, կարող են առաջանալ կողմնակի հետևանքներ, քանի որ այդ ֆերմենտները մեր օրգանիզմում այլ կարևոր գործառույթներ ևս ունեն։ Բույսերից անջատված միացությունների միջոցով, Նիկոլայի խոսքով, նաև մեղմվում են նման կողմնակի հետևանքները։

Թե ինչպես է իրականացվում ֆիտոքիմիաթերապիան in vitro փուլում

Գիտնականների առջև ևս մի կարևոր խնդիր է դրված․ երբեմն քիմիաթերապևտիկ միջոցն ու բույսից ստացված միացությունը կարող են փոխազդել իրար հետ, ինչի հետևանքով կնվազի նրանց ազդեցությունը, և կառաջանան կողմնակի հետևանքներ։ Այդ պատճառով էլ պետք է համադրել այնպիսի զույգեր, որ նման փոխազդեցություն տեղի չունենա։ Նիկոլայի խոսքով իրենց հետազոտություններում այդ խնդրին առայժմ չեն բախվել, և իրենց կատարած համադրությունների արդյունքում արդյունավետության վրա ազդող փոխազդեցություններ տեղի չեն ունեցել։

Համադրության այսպիսի մեթոդի կիրառումը գիտնականներին հնարավորություն է տալիս ազդելու քաղցկեղի զարգացման գրեթե բոլոր փուլերի վրա։ Վերևում արդեն նշել ենք, թե ինչ դեր ունեն պոլիամինները և ազոտի մոնօքսիդը քաղկցեղի առաջացման և տարածման գործում։ Բացի վերը նշվածներից՝ պոլիամինները ևս մի գործառույթ ունեն․ նրանց օգնությամբ քաղցկեղային բջիջներին հաջողվում է մանիպուլացնել մեր իմունային համակարգին։ Սովորաբար մեր իմունային համակարգը, երբ անծանոթ կամ օրգանիզմի համար վտանգավոր միացություններ է տեսնում, հարձակվում է դրանց վրա ու վնասազերծում։ Սակայն քաղցկեղային բջիջները կարողանում են դիմակավորվել ու կեղծ ազդանշան ուղարկել մեր իմունային համակարգին, որ իրենք սովորական բջիջներ են ու վտանգ չեն ներկայացնում, և այս գործում նրանց օգնում են պոլիամինները։

Սա նշանակում է, որ եթե գիտնականների առաջարկած մոդելն արդյունավետ գործի, և արգելակվեն պոլիամինների ու ազոտի մոնօքսիդի առաջացմանը նպաստող ֆերմենտները, ապա դա ազդեցություն կունենա քաղկեցի առաջացման և տարածման ևս մի փուլի վրա։

Նիկոլայը նշում է, որ իրենց հետազոտությունները կարող են նշանակություն ունենալ նաև քաղցկեղի կանխարգելման հարցում։ Ինչպե՞ս։ Երբ հետազոտությունների նպատակով խումբը առնետների մոտ քաղցկեղ է առաջացնում, օգտագործում է այնպիսի միացություն, որը մեր շրջապատում շատ կա։ Քաղցկեղի առաջացմանը նպաստող այս միացությունն ի հայտ է գալիս սնունդը երկար տապակելու հետևանքով, այն առկա է ծխագազերում, հանքավայրերում, ներկերի մեջ։ Նիկոլայը նշում է, որ եթե իրենց հաջողվի կանխել քաղցկեղի առաջխաղացումը, ապա հնարավոր կլինի այդ արդյունքների հիման վրա նաև կանխարգելիչ միջոցներ ստանալ։ Այդ միջոցները անհրաժեշտ կլինեն հատկապես այն մարդկանց, որոնք տվյալ միացության հետ շատ են գործ ունենում, օրինակ՝ ածխի հանքահորերում, ներկի, սոսնձի արտադրության և քիմիական արդյունաբերության աշխատողներին։

Իրենց հետազոտությունների ընթացքում խումբը ևս մի հետաքրքիր արդյունք է գրանցել, որը դեռ վերջնական չէ։ Արդեն հասկացանք, որ ազոտի մոնօքսիդը քաղցկեղային բջիջների տարածման գործում կարևոր դեր ունի, քանի որ մասնակցում է արյունատար նոր անոթների ձևավորմանը։ Կենդանիների մասնակցությամբ փորձերի ընթացքում «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի» գիտաշխատողները համոզվել են այն հարցում, որ ազոտի մոնօքսիդի մեծ քանակությունները վնասակար են քաղցկեղի ժամանակ, և այս արդյունքները համընկնում են միջազգային գործընկերների հետազոտությունների արդյունքների հետ։

In vitro, այսինքն՝ օրգանիզմից դուրս բջիջների ուսումնասիրության փուլում, սակայն, գիտնականները նկատել են, որ քաղցկեղային բիջներում ազոտի մոնօքսիդի քանակության ավելացումը բացասական ազդեցություն է ունեցել այդ բջիջների համար։ Կարող եք ասել՝ ինչպե՞ս։ Բանն այն է, որ ազոտի մոնօքսիդն ունի տարբեր գործառույթներ։ Օրգանիզմի ներսում, այո՛, այն մասնակցում է արյունատար նոր անթոների առաջացմանը, ինչը նպաստում է, որ քաղցկեղային բջիջները տարածվեն։ Բայց ազոտի մոնօքսիդն ինչ-ինչ ֆերմենտների ազդեցությամբ կարող է նաև սկիզբ տալ ազատ ռադիկալի, որը կարող է վնասել քաղցկեղային բջիջները՝ հանգեցնելով դրանց մահվան։ Ազատ ռադիկալները, հիշեցնենք, այն միացություններն են, որոնք բերում են քաղցկեղի զարգացմանը նպաստող ֆերմենտների ակտիվացմանը։ Ազոտի մոնօքսիդը, փաստորեն, դրսևորում է երկակի ազդեցություն:

Իհարկե, այս արդյունքը դեռ միայն in vitro փուլում է գրանցվել, բայց Նիկոլայը նշում է, որ եթե իրենք շարունակեն հետազոտությունները, ապա շատ հնարավոր է, որ կարողանան ազոտի մոնօքսիդը քաղցկեղի դեմ օգտագործելու միջոցներ գտնել։ Եթե սա ստացվի, ինչպես ասում են, շան կծածը շան մազով էլ կբուժվի։

Այս ուղղությամբ ևս մի առաջընթաց կա․ «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայում» արդեն գտել են այնպիսի բույս, որը ունի ոչ թե հակաօքսիդանտ, այլ պրոօքսիդանտ հատկություններ։ Սա նշանակում է, որ ազոտի մոնօքսիդի մեծ քանակությունների առկայության դեպքում, երբ շատանում են ազատ ռադիկալները, այս բույսում պարունակվող որոշ միացություններ կարող են միանալ ազատ ռադիկալների հետ՝ վնասակար ազդեցություն ունենալով քաղցկեղային բջիջների համար։ Նիկոլայը նշում է, որ նման հատկություն ունի ալպիական սրոհունդ կոչվող բույսը, որի ուսումնասիրությունն իրականացվել է Լեհաստանի գործընկերների հետ, և համատեղ աշխատանքների արդյունքներն արդեն ուղարկվել են տպագրության։

Հետաքրիր է, որ շաքարային դիաբետին վերաբերող հետազոտությունները ևս պտտվում են նույն ազոտի մոնօքսիդի շուրջ։ Այս հիվանդության ժամանակ մեր օրգանիզմում նվազում է ազոտի մոնօքսիդի քանակը, և անոթային խնդիրներ են առաջանում։ Նման բարդություններից խուսափելու համար պետք է խթանել օրգանիզմում բավարար քանակով ազոտի մոնօքսիդի առաջացումը։ Էդիտան բակալավրիատում սովորելու տարիներին հենց այս թեմայով էր հետազոտություն իրականացնում։ Նիկոլայը նշում է, որ իրենք դիաբետի ուսումնասիրության փուլը նոր են սկսել և այժմ փորձում են այդ ուղղությամբ ևս խորանալ։

Երբ դեռ չկար «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի» լաբորատորիան, գիտական խումբն էլ ձևավորված չէր, գիտնականներն իրենց հետազոտություններն իրականացնում էին փոքրաթիվ սարքերով։ Ժամանակի ընթացքում նրանք կարողացան անհրաժեշտ սարքեր ձեռք բերել, հետազոտությունների համար լաբորատորիայում ստերիլ սենյակ առանձնացնել։ Այս ամենը նրանց այժմ հնարավորություն է տալիս իրենց հետազոտություններն իրականացնելու միջազգային ստանդարտներին համապատասխան մեթոդներով, որ նրանց գիտական արդյունքները ընդունելի լինեն նաև միջազգային գործընկերների համար։

Թիմը նաև բաց է համագործակցությունների համար։ 2020-ին, երբ գիտահետազոտական խմբի ձևավորման համար դրամաշնորհ ստացան, նաև պիտի արտասահմանից գիտական խորհրդատուի ներգրավեին թիմում։ Նրանք որոշեցին դիմել Օրեգոնի առողջապահական և գիտական համալսարանի պրոֆեսոր Ալինա Մալոյանին։ Խումբը պրոֆեսորի հետ ծանոթացել էր դեռ 2019-ին, երբ վերջինս այցելել էր Երևանի պետական համալսարան, շրջել լաբորատորիաներով։

Ալինա Մալոյանն ընդունեց համագործակցության առաջարկն ու որպես խորհրդատու ներգրավվեց խմբի գիտահետազոտական աշխատանքներում։ Խումբը պրոֆեսորի հետ համատեղ արդեն երկու գիտական հոդված է հրապարակել, որոնցից մեկն, ի դեպ, Էդիտայի ավարտական աշխատանքն է։ Նիկոլայ Ավթանդիլյանը նշում է՝ պրոֆեսոր Մալոյանի հետ համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ վերջինս in vivo հետազոտությունների գիտակ է և տիրապետում է այնպիսի մեթոդների, որոնք սովորելն իրենց համար կարևոր է։

Խմբի անդամներից Հայարփի Ջավրուշյանն այս տարի երկու ամսով Միացյալ Նահանգներում էր, որտեղ վերապատրաստում անցավ Ալինա Մալոյանի լաբորատորիայում։ Նա պատմում է, որ այնտեղ սովորել է հետազոտական կարևոր մեթոդներ և այժմ ստացած գիտելիքները փոխանցում է թիմին, որպեսզի սկսեն այդ մեթոդները կիրառել իրենց աշխատաքներում։

Խմբի անդամներն, ընդհանրապես, հնարավորության դեպքում ձգտում են նոր գիտելիքներ ստանալ, նոր մեթոդներ սովորել, որոնք հետո կբերեն այստեղ ու կկիրառեն։ Միքայել Գինովյանն, օրինակ, անցած տարի երեք ամսով Լեհաստանում էր և Գդանսկի տեխնոլոգիական համալսարանում կարճաժամկետ հետազոտական ծրագրի էր մասնակցում։ Նա իր հետ Հայաստանից 5 բուսատեսակ էր տարել և լեհ գործընկերների հետ ժամանակակից տեխնոլոգիաներով որոշել այդ բույսերի քիմիական բաղադրությունը։ Մի քանի օր առաջ էլ Միքայելը հաղթել է գիտական կադրերի վերապատրաստման մրցույթում ու 3 ամսով կրկին կմեկնի Գդանսկի տեխնոլոգիական համալսարան՝ նոր գիտելիքներ ստանալու։

Վերջերս էլ «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայում» գործող խմբի համար համագործակցության նոր հնարավորություններ են բացվել։ Անցած տարի նրանց հետ կապ հաստատեց հայազգի գիտնական Ջուլիետա Եդոյանը, որը համագործակցում է Նոբելյան մրցանակակիր Ֆերիդ Մուրադի գիտական խմբի հետ։ Ֆերիդ Մուրադը 1998-ին Նոբելյան մրցանակ է ստացել ազոտի մոնօսքիդի վերաբերյալ հետազոտության համար։

Ֆերիդ Մուրադի հետ օնլայն հանդիպումից

Ֆերիդ Մուրադը թիմերի էր փնտրում, որոնք իրեն հետաքրքրող թեմաներով հետազոտություններ են իրականացնում, և Ջուլիետա Եդոյանի միջոցով բացահայտեց «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայում» գործող խումբը։

Խմբի անդամները պատմում են, որ անցած տարի հնարավորություն ունեցան պրոֆեսոր Մուրադի հետ օնլայն հանդիպելու։ Այդ ժամանակ առաջարկ ստացան չինական դեղաբույսերի համար կիրառել իրենց հետազոտական մեթոդը։ Նրանք սիրով ընդունեցին առաջարկն ու այժմ սպասում են համագործակցության մեկնարկին։

«Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայում» կա 17 աշխատակից, նրանցից 11-ը 35 տարեկանից ցածր է, իսկ 11-ից 7-ը՝ մինչև 25 տարեկան։ Լաբորատորիան, առհասարակ, բաց է ուսանողներին ներգրավելու առումով։

«Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը միշտ այդ մոտեցումն ունեցել է, լավ ուսանողները շարունակել են իրենց աշխատանքային կենսագործունեությունը ամբիոնում և լաբորատորիայում, կարողացել են որոշակի արդյունքների հասնել և ունենալ լավ աշխատավարձ»,- նշում է Նիկոլայը։

Բացի նրանից, որ թիմում ներգրավված են բակալավրի ու մագիստրատուրայի ուսանողներ, ամբիոնի այլ ուսանողներ ևս կարող են գալ լաբորատորիա և մասնակցել փորձերին։ Էդիտան էլ մի ժամանակ այդպիսի ուսանող էր, որը հաջողություններ ունեցավ և որոշեց գիտնական դառնալ։

«Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի» լաբորատորիայում

Կարևորն այն է, որ նրանք, ովքեր մինանում են թիմին, սիրում են իրենց աշխատանքն ու հետազոտությունները՝ անկախ դժվարություններից։

«Նման հետազոտությունների դեպքում տոնական օրեր կամ հանգստյան օրեր չկան․ շատ է եղել, որ Նոր տարուն՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան, եկել ենք առնետներին կերակրելու, կամ հունվարի 1-ին անհրաժեշտ է եղել բջիջների միջավայրը փոխել»,- պատմում է Նիկոլայը։

Խմբի անդամներն ասում են, որ համատեղ աշխատանքի ընթացքում հասցրել են մտերմանալ ու այժմ կարծես մի մեծ ընտանիք լինեն։

Հեղինակ՝ Աննա Սահակյան, տեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի ու Ռոման Աբովյանի

«Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։

Created By
infocom. am
Appreciate
NextPrevious