Հայաստանի հետ պետական սահմանից սկիզբ առնող Վրաստանի Մառնեուլիի հայաբնակ Աղքյորփի գյուղի ճանապարհը 50 տարվա ընդմիջումից հետո սկսվել է վերանորոգվել, որին զուգընթաց, սակայն, գյուղն էլ ավելի է մեկուսացել։
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է, ճանապարհը՝ քարաթափված, շինտեխնիկան հսկվում է, սակայն գործն առաջ չի գնում։
Իսկ մինչ այդ, մի քանի տարի շարունակվող վերանորոգմանը զուգընթաց գյուղացիները ավելի են հեռանում շրջկենտրոնից․ զրկվում իրենց ապրուստից, առողջապահական ծառայություններից, ազատ տեղաշարժվելու և նույնիսկ հայրենի գյուղում ապրելու իրավունքից։
Տեղացիները թերևս չեն կատակում՝ նշելով, որ 21-րդ դարն այստեղ՝ երկու երկրների խաչմերուկ, դեռ չի հասել:
«Ճանապարհի բացակայության պատճառով չկա ամենօրյա տրանսպորտային կապ շրջկենտրոնի հետ, ավտոբուսն օրումեջ է աշխատում, չկան մանկապարտեզներ և խաղահրապարակներ, անգամ մեկ դեղատուն։ Կտրված լինելու պատճառով երիտասարդները չունեն մշտական աշխատանք, ինչի պատճառով էլ լքում են գյուղերը, իսկ երկար սպասված ճանապարհի բարեկարգումն այդպես էլ չի ավարտվում», - «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում են բնակիչները:
Աղքյորփի գյուղում է վրաց-հայկական սահմանային չորս անցակետերից մեկը, թերևս քիչ հայտնին, հենց ճանապարհի բացակայության պատճառով էլ ամենապասիվ գործողը:
Օրերս Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ հանդիպմանն Աղքյորփի գյուղի բնակիչները բարձրացրեցին ճանապարհի անմխիթար լինելու հարցը, այս տարածքով Հայաստանի հետ կայուն կապ ունենալու ցանկությունը՝ նշելով, որ գյուղից ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա գտնվող անցակետը և՛ վրացական, և՛ հայկական կողմում ճանապարհի բացակայության պատճառով չի գործում: Ի պատասխան՝ դեսպան Սմբատյանը խոստացավ ՀՀ պատկան մարմիններին փոխանցել գյուղացիների պահանջը:
Խոսքը Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-ՀՀ սահման 25 կմ երկարության ճանապարհի մասին է, որ տարիներ շարունակ, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Ճանապարհի շինարարությունը մեկնարկել է 2019-ից. սկզբում վերանորոգվել է 5 կմ հատվածը, իսկ հիմա՝ երկու տարի դադարից հետո, ընթանում են 9 կմ-ի շինաշխատանքները, այն սկսվել է 2021-ի դեկտեմբերին։ Սակայն, հարկ է նշել, որ ընթացիկ վերանորոգումը մինչև Աղքյորփի գյուղ չի հասնում, թեև խոստանում են դա էլ կյանքի կոչել մինչև 2024 թվականի ավարտը:
Այս ճանապարհին են գտնվում Մառնեուլիի շրջանի հայաբնակ Չանախչի, Խոխմել, Օփրեթ, Խոժոռնի, Գյուլուբաղ և Ծոփ գյուղերը:
Գյուղի տարեցների խոսքով՝ 1947 թվականին կառուցված, գյուղ տանող ճանապարհը 1970-ականներից այս կողմ չի վերանորոգվել, միայն ընտրությունից ընտրություն որոշ հատվածներ են կարգի բերվել:
«Խորհրդային միության շրջանում՝ 1947 թվականին է այս կարևորագույն ճանապարհը կառուցվել», - նշում է 92 ամյա Աղբալ Միկոյանը, ով Աղքյորփիում բնակություն է հաստատել 1943-ին, - «այդ ժամանակ զինվորական տեխնիկայի տեղափոխման համար էր ճանապարհը»:
«Վերջին անգամ Սադախլո-Աղքյորփի ճանապարհը մոտ 30 տարի առաջ է վերանորոգվել», - «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Խոխմել գյուղի բնակիչ Վաղինակ Մամուլյանը։
Այսօր թեև գյուղի ճանապարհաշինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, գյուղացիները, այդուհանդերձ թերահավատ են, որ երբևէ ասֆալտապատ ճանապարհ կունենան․ «բոլոր կողմերից քանդել են, տարբեր հատվածներում քարեր թափել, բայց գործ չեն անում»:
«Վստահ կարող եմ ասել, որ վերջին 6-7 օրվա ընթացքում ոչ մի աշխատանք չի կատարվել, միայն շինարարական տեխնիկայի պահակներն են իրենց կետերում նստած հսկում: Ընդհանուր աշխատանքը շատ դանդաղ է առաջ ընթանում», - ասում է Աղքյորփիից Սասուն Բարխուդարյանը, որ մեքենայի սեփականատեր է, ամսվա ընթացքում ստիպված է քարուքանդ ճանապարհի հետևանքով մեծ գումար ծախսել շարքից դուրս եկող մեքենայի վերանորոգման համար:
Ըստ ճանապարհաշինարարական աշխատանքների մրցույթի արդյունքում կնքված պայմանագրի, Սադախլո-Աղքյորփի ճանապարհի 9-18 կմ հատվածի շինարարական աշխատանքները, որ մեկնարկել են 2021 թվականի դեկտեմբեր ամսին, պետք է ավարտվեն 2023-ի մարտին:
Սադախլո-Աղքյորփի ճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացնող «Իբերի» ընկերության տնօրեն Նիկա Չախվաշվիլին «Ալիք մեդիայի» հարցին ի պատասխան հաստատում է, որ ճանապարհի շինարարությունն իսկապես բարդություններով է ընթանում.
«Ծախսերի հետ կապված, հիրավի, խնդիրներ են առաջացել. պատճառը թանկացումներն են, սակայն կառավարությունը նոր որոշում է ընդունել, և թանկացումների պատճառով տուժած ընկերություններին պետք է փոխհատուցի», - ասում է Չախվաշվիլին:
Նա նշում է նաև, որ բացի ծախսերի անժամանակ ավելացումը, ռելիեֆը ևս խնդիրներ է առաջ բերել. հարկ է եղել հետազոտություններ անցկացնել, հետո ժայռը քանդել, ճանապարհը լայնացնել, ինչի պատճառով ևս աշխատանքները դանդաղել են: Ընկերության տնօրենը պնդում է սակայն, որ ճանապարհի հիմնալցման և ամրացման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ, իսկ ասֆալտապատումը՝ մինչև 2023 թվականի ապրիլի վերջ (խմբ. նախագծով սահմանված է մարտ ամիս):
Խոխմել գյուղի բնակիչ Վաղինակ Մամուլյանն ասում է․ «Մեկ կիլոգրամ շաքարավազի, հեռախոսի լիցքավորման, անգամ դեղամիջոցի համար, պետք է մեքենա վարձել, մոտ 50 լարի գումար ծախսել՝ մոտակա դեղատուն կամ խանութ հասնելու համար…
Մեր առօրյա բոլոր ծախսերը կապված են ճանապարհի հետ, որի անսարք լինելու պատճառով դրանք կրկնապատկվում են, կարելի է ասել աշխատած գումարը մեքենայի վերանորոգման վրա է ծասվում»։
Սասուն Բարխուդարյանն էլ իր հերթին նշում է, որ. «Շտապ օգնությունը կանչից հետո Սադախլոյի բուժկետից, որպեսզի տեղ հասնի, 20-30 րոպե է հարկավոր, բայց քարուքանդ ճանապարհի պատճառով ավելի քան մեկ ժամ է տևում։ Շտապ օգնությունը մինչև հասնում է, հիվանդը մահանում է»:
Այս գյուղերում հիմնական զբաղվածությունն անասնապահությունն ու հողագործությունն է, թեև այն էլ հեշտությամբ չի տրվում. սահմանամերձ գուղերում անասնապահությունն էլ խնդիրների հետ է կապված․ անասունը հեշտությամբ կարող է անցնել սահմանի մյուս կողմ, իսկ նախրապանը հետ բերելու իրավունք չունի․ կհատի չնշմարվող սահմանը:
Վրաստանի և Հայաստանի միջև սահմանազատումն ավարտված չէ, և սահմանն ընդգծող ոչինչ չկա, չկան փշալարեր, հետևաբար անասունի համար սահմանը «խախտելու» խոչնդոտ էլ չկա:
Այս շրջաններում թեև հողը բերրի է, սակայն հողագործության համար ոռոգման ջուր չկա, դե իսկ սեզոնային անոմալ եղանակները չեն ապահովում բերքի առատությունը։
Սահմանային այս գյուղերում ավելորդ են համարում բերքի վաճառքի հարցը․ աշխատանքն ու վնասն ավելի շատ է, քան բերքից ստացած օգուտը։
Իսկ քանի դեռ անթիվ խնդիրներն այստեղ մարդուն հանգիստ ապրել չեն տալիս, սահմանային գյուղերն աստիճանաբար դատարկվում են։
Այս տարվա ամռանը Աղքյորփի գյուղում բետոնապատվել են գյուղի համեմատաբար թեք, վերելքով ու ձմռանը վտանգ ներկայացնող ճանապարհները: Բետոնապատված երեք ճանապարհները միասին կազմում են մոտ 700 մետր: Գյուղի տարեց բնակիչ Աղբալ Միկոյանն ասում է, որ նախ և առաջ պետք էր գյուղ եկող գլխավոր ճանապարհը սարքել, այնուհետև անցնել ներքին ճանապարհներին․ «փաստորեն 1943 թվականից մինչ օրս Աղքյորփի եկող ճանապարհը վերանորոգվում է, իսկ արդյունքը սա է․․․»։
Մինչ ճանապարհի հարցը շուրջ հինգ տասնամյակ չի լուծվում, ռազմավարական նշանակության վրացական տարածքները, որ կապում են Վրաստանն ու Հայաստանը, կորցնում են իրենց գրավչությունը, տարանցիկ երբեմնի ներուժը, ինչպես նաև զբոսաշրջային կարևոր ուղղություն դառնալու հավակնությունը։