Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնի նախագահ Լիլիթ Բաղդասարյանը տարիներ շարունակ աշխատել է կորուստ ունեցած մարդկանց հետ՝ օգնելով հաղթահարել վիշտը։
«Հարազատի կորուստը մարդու կյանքի ամենածանր տրավմաներից մեկն է, հատկապես, երբ դա անսպասելի և անբնական է լինում։ Մեզ համար ակնհայտ էր, որ որդեկորույս մայրերի և ընտանիքների հետ աշխատանքը պետք է սկսել օր առաջ, սակայն խոչընդոտները շատ էին․ կային ընտանիքներ, հատկապես գյուղական համայնքներում կամ մարզերում, որոնք մինչ օրս էլ բազմաթիվ բարդույթներ ունեն՝ հոգեբանական կամ սոցիալական աջակցության համար դիմելու վերաբերյալ»,– ասում է Բաղդասարյանը։
2020 թ․–ից հետո նոր մարտահրավերներ ի հայտ եկան նաև հոգեբանների և սոցիալական աշխատողների համար, քանի որ նախկինում երբևէ մասնագետները չէին հանդիպել կորստի նման ծավալների, և կարիք առաջացավ նոր գիտելիքների և հմտությունների։ Այդ գործընթացում օգնության հասավ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի կողմից, և ուղղված է հզորացնելու սոցիալական պաշտպանության համակարգը Հայաստանում արդյունավետ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով և բարելավելու առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների կյանքը։
Հենց այս մարդկանց աջակցելու համար «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնի մասնագետները վերապատրաստեցին «Հավերժ» ՀԿ–ի որդեկորույս մայրերին, որոնց համար բոլոր տներում դռները միշտ բաց են․
«Այդ ժամանակ էր, որ միտք առաջացավ վերապատրաստելու «Հավասար խորհրդատուների», ովքեր պատերազմի հետևանքով կորուստ ունեցած ընտանիքներ կմտնեին՝ որպես բախտակիցներ։ Որոշվեց, որ խորհրդատուների խումբը ձևավորվելու է հոգեբանական աջակցություն ստացած և կորուստը վերապրած ընտանիքների անդամներից, հիմնականում՝ մայրերից։ «Հավասար խորհրդատուների» կորիզը դարձան «Հավերժ» ՀԿ–ի անդամ կանայք, որոնց միավորել էր իրենց զավակների կորուստն ու փոխօգնության գաղափարը»,– ասում է Բաղդասարյանը։
Այդ ընթացքում, որպես «Հավասար խորհրդատու» վերապատրաստվեցին 15 կանայք, սակայն արդյունքում միայն 13–ը մնացին նախագծում։
«Հավասար խորհրդատուներ» նախաձեռնությունը՝ սկիզբ առնելով Երևանի քաղաքապետարանի և ԱՄԲՐԱ հասարակական կազմակերպության համագործակցության շնորհիվ, այնուհետև շարունակվեց նաև «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը թույլ տվեց այդ նախաձեռնությունն առավել համապարփակ, ամբողջական և ինստիտուցիոնալ դարձնել։
«CLASS-ի հետ համագործակցության ծրագիրը եռափուլ է։ Առաջին փուլով մենք սկսեցինք վերապատրաստել հոգեբանների և սոցիալական աշխատողների, որոնք իրենց գործունեությունն են իրականացնում Երևանի քաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Ծրագրի նպատակը այս մասնագետներին կորուստ ունեցած ընտանիքների հետ հոգեբանական, սոցիալական աշխատանքի և շփման հմտություններ տալն էր։ Ծրագրի շրջանակում վերապատրաստեցինք շուրջ 80 մասնագետի, որոնց ոչ միայն տեսական գիտելիքներ էինք հաղորդում, այլև գործնական, իրական դեպքերի քննարկումներ էինք կազմակերպում՝ վերապատրաստումն առավել արդյունավետ դարձնելու համար։ Ի դեպ, մեկ տարի էլ չկա, որ սոցիալական աշխատողներն ընդգրկված են համայնքային այս կառույցներում։ Կարծում եմ՝ սա շատ արժեքավոր փորձառություն է բոլոր մասնագետների համար»,– պատմում է Լիլիթ Բաղդասարյանը։
2017-2022 թթ․ դեկտեմբերի դրությամբ CLASS ծրագրի ընթացքում՝
• 129 համայնքի սոցիալական աշխատողներ վերապատրաստվել են, և 2022 թ․–ի դեկտեմբերի դրությամբ աշխատում են Հայաստանի համայնքներում․ 80-ը մարզերում, 49-ը՝ Երևանում։
• 95 համայնքի սոցիալական աշխատողներ անցել են Երևանի պետական համալսարանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից իրականացված հատուկ ուսուցում և հավաստագրվել են։
• 995 սոցիալական, կրթական և առողջապահական ոլորտի մասնագետներ մասնակցել են մասնագիտական վերապատրաստումների։
• 50 000 շահառու ծրագրի աջակցությամբ ստացել է սոցիալական աջակցություն և խորհրդատվություն՝ համայնքի սոցիալական աշխատողի կողմից, այդ թվում՝ ավելի քան 20 000-ը երեխաներ։
• 3211 պատերազմի հետևանքով տուժած շահառու ստացել է հումանիտար աջակցություն։
• 374 ընտանիք ներգրավված է տնտեսական զարգացման ծրագրերում։
• 3 087 պատերազմի հետևանքով տուժած կին մասնակցել է սոցիալ-հոգեբանական խորհրդատվությունների։
Ծրագրի երկրորդ փուլով սկսվեցին 15 նոր «Հավասար խորհրդատուների» վերապատրաստումները, որոնք առավել արդյունավետ են ընթանում, քանի որ կա համապատասխան փորձառություն․
«Հավասար խորհրդատուներն այսօր մեզ համար կապող օղակ են դարձել՝ որդեկորույս մայրերի ու մասնագետների միջև։ Միայն այն մարդիկ, ովքեր եղել են նման իրավիճակի մեջ, կարող են հասկանալ միմյանց։ Նրանք ոչ միայն սովորում են բացահայտել հոգեկան ընկճվածության ծանր դրսևորումները, երբ վիշտը չափազանց երկար ու խորն է դարձել, այլև ճիշտ ուղղորդել այդ ընտանիքներին»։
Ծրագրի երրորդ փուլում կորուստ վերապրած ընտանիքների գնահատում է իրականացվում, ինչը թույլ կտա առավել հստակ պատկերացում կազմել այս ընտանիքների կարիքների և կարողությունների վերաբերյալ, ինչպես նաև՝ առավել հասցեական դարձնել ընտանիքներին տրամադրվող աջակցությունը․
«Այս ընտանիքների հետ աշխատանքը թույլ է տալիս ոչ միայն այդ պահին հոգեբանական աջակցություն տրամադրել նրանց, այլև գնահատել, թե ի՞նչ մասնագիտական ուղղվածություն ունեն ընտանիքի անդամները, ինչպիսի՞ մոտիվացիա, հետաքրքրություններ, ի՞նչ բիզնես կամ սոցիալական ձեռնարկատիրական ծրագրերում կարող են ընդգրկվել։ Կորուստ ունեցած մարդկանցից շատերը չեն կարողանում վերադառնալ հին աշխատանքին, իսկ նորը գտնելը անհաղթահարելի մարտահրավեր է դառնում նրանցից շատերի համար։ Սա շատ կարևոր է քայլ է, քանի որ աշխատանքը, զբաղվածությունը օգնում են հաղթահարել վիշտը»,– ասում է Լիլիթ Բաղդասարյանը։
Ս․ Մարտիրոսյան