View Static Version
Loading

Միլիոններ բյուջեից՝ Փաշինյանի «պադավատապետությանը»

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 25-ին կառավարությունը որոշում ընդունեց՝ «հրատապ» պահանջով BMW-ի պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար գնել 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենա: Առավել ուշագրավ էր, որ դա հիմնավորվում էր այսպես՝ այն բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր» ռազմավարական փաստաթղթերի դրույթներից։ Պատճառաբանվեց նաեւ, թե Ալեն Սիմոնյանի ներկայիս ծառայողական մեքենան հին է՝ 2011 թ. արտադրության ու ծախսատար է պահելը: Բնականաբար, այս որոշումը հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացրեց:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ վարչապետի աշխատակազմը որոշման նախագիծ է մշակել, որով նախատեսվում է 70 մլն դրամ հատկացնել տեսչական մարմիններին՝ մարդատար ավտոմեքենաներ ձեռք բերելու համար:

ՔՊ-ն իշխանության էր եկել՝ պադավատապետության դեմ պայքարելու կարգախոսով, մինչդեռ պետբյուջեի տվյալները վկայում են, որ ծառայողական մեքենաների թիվը ավելանում է ու չի պակասում: Եթե այս տարի՝ 2021-ին պետական համակարգում 923 մեքենա կա, մյուս տարվա համար նախատեսվել է գնել եւս 10 մեքենա:

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանին երբ հարցրեցին պադավատապետության մասին, ասաց. «Ես ձեզ պետք է խոստովանեմ, որ էլի ենք մեքենաներ ձեռք բերել, այդ թվում՝ ինձ համար: Այսպիսի բաները պետք է չքննարկենք: Ես վարչապետ եմ եղել, մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին ենք մնացել, ընդ որում՝ բնակավայրերի մեջ: Խնդիր չի, կարող եմ նույնիսկ բրդեմ՝ մեքենան խոդի գցելու համար, իմ պարզությունը չեմ կորցրել: Բայց հասկանո՞ւմ եք, 5-6 անգամ այն մեքենան, որը սպասարկում է վարչապետին, փչանում է: Մարդիկ գալիս ասում են՝ ա՛յ վարչապետ ջան, էս ի՞նչ է, կարո՞ղ է սվեչա է թրջել եւ այլն: Այդ մեքենաները ձեռք են բերվել ենթադրենք 2007-ին ու այդ մեքենան իմ պարագայում նրա համար չի, որ ինձ տեղից տեղ տեղափոխի, այլ նրա համար է, որ պետական պահպանության ծառայությունն իրականացնի օրենքով իր վրա դրած գործառույթները: Նույնը ԱԺ նախագահի դեպքում: Ինչու է մեքենա ձեռք բերվել, որովհետեւ երբ տեսնում ենք հին մեքենայի սպասարկման վրա ամեն ամիս ինչքան փող է ծախսվել՝ միլիոնավոր դրամներ…Երբ ես ասում էի՝ մեքենա պետք չի առնել, հետո բերում եմ իմ առաջ դնում են, ասում են՝ ա՛յ վարչապետ, մենք արդեն 30 մլն դրամ ծախսել ենք այս մեքենայի սպասարկման համար, որովհետեւ ամեն օր այս մեքենան փչանում է: Եկեք մեքենա առնենք, որ 5-10 տարվա մեջ մեր վրա ավելի էժան կնստի»:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի համար վերջին անգամ մեքենա էր ձեռք բերվել 2014թ.-ի հուլիսին՝ Toyota Land Cruiser 200 ամենագնացը, որն արժեցել էր ավելի քան 43 մլն դրամ: Այսինքն, որ ասում են՝ հին, այն 7 տարվա մեքենա է:

2021-ը հետպատերազմյան ծանր տարի է: Ու թվում էր, թե պետական գերատեսչությունները գոնե այս տարի պետք է կրճատեին ավելորդ ծախսերը, պաշտոնյաները պետք է զուսպ ապրելակերպ վարեին, առաջնահերթություն լիներ բացառապես պատերազմի բազմաբնույթ՝ հումանիտար ու տնտեսական հետեւանքների վերացումը, ավաղ բոլորովին այդպես չէ:

Մենք ուսումնասիրել ենք, թե ՀՀ վարչապետի աշխատակազմը, օրինակ, պատերազմից հետո ի՞նչ ապրանքատեսակների գնման հայտ է ներկայացրել 2021-ին ու ինչի վրա է որոշել ծախսել բյուջեի փողերը:

Այսպիսով, ուսումնասիրելով վարչապետի աշխատակազմի՝ 2021-ի գնումների պլանն ու այն ապրանքատեսակների ցանկը, որոնց պատվիրատու է հանդիսացել այս պետական կառավարման մարմինը, առաջին տարօրինակ պատվերը, որը նկատում ենք, ավտոմեքենաների անիվների ահռելի մեծ քանակի գնման հայտն է՝ 372 անիվ:

Նախ, ինչպես պարզել ենք վարչապետի աշխատակազմին ուղղված գրավոր հարցմամբ, այս պահին աշխատակազմին սպասարկում է 12 ծառայողական մեքենա, որից մեկը երջանկահիշատակ Ռիմա Դեմիրճյանի համար էր:

Ում են սպասարկում վարչապետի աշխատակազմի մեքենաները.

Բայց այստեղ մի կարեւոր բացթողում կա: Նշվում է, թե վարչապետի աշխատակազմին սպասարկում է 12 ծառայողական մեքենա, բայց վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված է թվով 40 տրանսպորտային միջոց՝ հերթապահ մեքենաներ, ինչպես նաեւ ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ, կիսաբեռնատար եւ բեռնատար ավտոմեքենաներ: 40 տրանսպորտային միջոցի համար ամսական հատկացվում է 8045 լիտր վառելիք, որից 12 պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական մեքենաների համար ամսական հատկացվող վառելիքի չափը 3143 լիտր է:

Այսինքն, տարեկան հատկացվում է 96540 լիտր վառելիք: Սեպտեմբերին, օրինակ, կնքված պայմանագրերից տեղեկանում ենք, որ վարչապետի աշխատակազմը ռեգուլյար տեսակի բենզինը ձեռք է բերել 475 դրամով: Թեեւ բենզինի 1 լիտրի շուկայական արժեքը 520 դրամ է, բայց եթե նույնիսկ 450 դրամով հաշվենք, տարեկան վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների միայն բենզինի ծախսը ավելի քան 43.443.000 դրամ կկազմի:

Համեմատության համար ասենք, որ ողջ 2021 թվականի ընթացքում առողջապահության նախարարությունը զինծառայողների ու նրանց հարազատների բուժսպասարկման համար 4 ծրագրով՝ «Զինծառայողների հիվանդանոցային բուժօգնություն», «Զինծառայողների սրտի վիրահատություն», «44-օրյայի մասնակիցների վերականգնողական բուժօգնություն», «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» համար փոխանցվել է մոտ 6,5 մրդ դրամ: Միայն այդ ծրագրերից մեկով՝ զինծառայողների, ուժային կառույցների ներկայացուցիչների, առհասարակ զինվորականների ու նրանց ընտանիքի անդամների բուժօգնության ծրագրով 57 հազար 361 ծառայություն է մատուցվել պետպատվերով: Այսինքն, միայն վարչապետի աշխատակազմի համար ծախսած բենզինի փողով կարող էին հարյուրավոր զինծառայողներ բուժօգնություն ստանալ:

Ի դեպ, հեղափոխությունից հետո վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ աշխատակազմի մեքենաները կրճատելու են ու թողնեն 7 մեքենա. «Միանշանակ է, որ այս պրոցեսը վարչապետի աշխատակազմում չի ավարտվելու, սա ընդամենը սկիզբն է: Եւ հաշվի առնելով վարչապետի աշխատակազմի ուրույն տեղը պետական կառավարման համակարգում՝ ես վստահեցնում եմ, որ այս մոդելը կտարածվի ամբողջ պետական համակարգում»:

2021 թ.-ին ավտոմեքենայի 372 անիվների համար, գնման պլանի համաձայն, նախատեսվել է ծախսել 12 մլն 55 հազար դրամ: Մենք հարցում արեցինք կառավարությանը, թե ինչպե՞ս կարող է 372 անիվի կարիք լինել, մանավանդ, որ նախկին իշխանությունների օրոք, երբ ծառայողական մեքենաների թիվն անհամեմատ ավելի մեծ էր, ավելի քիչ թվով անիվների գնման հայտ էր ներկայացվում:

Կառավարությունից պատասխանել են, թե վարչապետի աշխատակազմի 2021 թվականի գնումների պլանով նախատեսված անիվների քանակը իր մեջ ներառում է ինչպես վարչապետի աշխատակազմի, այնպես էլ ՀՀ կառավարությանը ենթակա թվով 6 տեսչական մարմինների կարիքների համար գնման ենթակա անիվները:

2019-ի հուլիսի 18-ին ծառայողական մեքենաների համար նախկին իշխանությանը անխնա քննադատող Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը որոշում կայացրեց, որ կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ղեկավարները պետք է ունենան ծառայողական ավտոմեքենաներ: Նաեւ որոշվեց լրացուցիչ ավտոմեքենաներ հատկացնել տեսչական մարմիններին՝ գործունեությունը բնականոն կազմակերպելու համար։

Տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական մեքենաներ հատկացնելու որոշման դեմ էր այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա առաջարկով մեկ անգամ այդ հարցը դուրս եկավ օրակարգից, սակայն հետո նույնությամբ նորից բերվեց օրակարգ ու գործադիրն ընդունեց։ Առողջապահության նախարարն առաջարկում էր ծառայողական ավտոմեքենաներ հատկացնել ոչ թե տեսչական մարմինների ղեկավարներին, այլ մեկ հերթապահ մեքենա տալ՝ բոլորի համար:

Մեքենա ունենալը, դրանց համար վառելիքի ծախսը, անիվներ գնելը մի բան է, այդ մեքենաները պահելը, մաքրելը, նորոգելը՝ մեկ այլ բան: Վարչապետի աշխատակազմի մեքենաների համար բյուջեից գնվում են պահեստամասեր, մաքրող միջոցներ: 2021-ի գնումների պլանով նախատեսել էին, որ մեքենաների վերանորոգման ծառայությունների համար պետք է ծախսեն 20 մլն 370 հազար դրամ:

Տեղեկատվության հարցմանը, թե 2021-ի հունվարից սկսած որքա՞ն գումար է ծախսվել վարչապետի աշխատակազմի ծառայողական մեքենաների վերանորոգման, ընթացիկ նորոգման, պահպանման համար՝ կառավարությունից պատասխանել են. «Մինչեւ 2021-ի հոկտեմբերի 1-ը ծառայողական մեքենաների վերանորոգման, ընթացիկ նորոգման, պահպանման համար փաստացի ծախսերը կազմել են 12 մլն 432 հազար դրամ»:

Եթե գումարենք տեսչական մարմինների մարդատար ավտոմեքենաների համար հատկացված գումարը՝ 70 մլն դրամ, ծառայողական մեքենաների վառելիքի ծախսը՝ 43.443.000, մեքենաների անիվների, վերանորոգման ծառայությունների ծախսը, ավելի քան 130 մլն դրամ է կազմում: Հիշեցնենք, որ այս տարի սուղ միջոցների պատճառով պետպատվերով բուժօգնությունը սառեցվել էր սեպտեմբերից սկսած: Անվճար բուժօգնությունից օգտվող մարդկանց հիվանդանոցները չէին սպասարկում եւ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված 1 միլիոն 300 հազար մարդկանցից շատերը հայտնվել էին լուրջ խնդրի առաջ: Նախարարն ասում էր՝ փող չկա ու մարդիկ անվճար բուժօգնությունից օգտվելու համար պետք է 4 ամիս սպասեին, մինչեւ հաջորդ տարվա բյուջեով հատկացումներ արվեին:

Բյուջեի հաշվին այս իշխանությունների «պադավատապետության» ծախսած միլիոնները տեսնելով՝ հիշում ենք տնտեսող պատգամավոր Փաշինյանի հայտնի ելույթը.

Պատգամավոր Փաշինյանը նաեւ իր զարմանքն էր հայտնել՝ 120 մլրդ դոլարանոց բյուջե ունեցող Դանիայում ամբողջ պետական համակարգում կա ընդամենը 23 ծառայողական մեքենա: «Ես կուզենամ մեր պաշտոնյաներն ամեն առավոտ կռացած ու կարտոշկի գրուզավիկի նման տեղափոխող գազելներ նստեն ու գնան, ինչպես ստիպում են տարեցներին, կանանց ու դեռատի աղջիկներին: Հարգելինե՛րս, եթե դուք աշխատեիք Դանիայում, ապա ոչ թե բրանիրովաննի լիմուզիններով գործի կգնայիք, այլ պալասատովի շապիկներով՝ օրը երկու անգամ զբոսանքի»,- 2016-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Փաշինյանն այսպիսի պահանջներ էր դնում ՀՀԿ-ի իշխանության առաջ: Նա հայտարարում էր. «Հայաստանում պետք է 30, 35 ծառայողական ավտոմեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար: Բա ասում են՝ ո՞նց գնան մարզեր մեր կառավարության անդամները: Դա պետք է լինի ծառայություն: Մի հատ տենդեր հայտարարվի, որ ամեն գնացած-եկած տեղը ֆիքսվի, որպեսզի ծառայողական մեքենաներով երեխեքը չգնան քեֆի, ընտանիքի անդամները՝ շուկա, խանութ»:

Հեծանիվով գործի գնացող վարչապետը, մետրոյով երթեւեկող նախարարները մնացին անցյալում...

Հեղինակ՝ Հռիփսիմե Ջեբեջյան

NextPrevious