Իջևանի «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ Արփինե Երիցյանը հասարակական ոլորտում հայտնվեց 2015 թ․, գիտակցված որոշման արդյունքում՝ թողնելով միջազգային կազմակերպություններից մեկում զբաղեցրած բավականին լավ պաշտոնը։ Հասարակական գործունեությանը նախորդող այդ փուլն Արփինեն անվանում է արժեքավոր դիտարկումների, անգնահատելի փորձի ու գիտելիքների կուտակման շրջան:
«Ես բավականին հասուն տարիքում որոշեցի մտնել հասարակական սեկտոր՝ փոխարինելով ինձ համար հասկանալի և սովորական ոլորտը մի բանով, որը դժվար էր անվանել կայուն հիմք ունեցող այլընտրանք։ Բայց միևնույն ժամանակ ես հասկանում էի, որ այն, ինչ անում էի, այլևս չի բավարարում ինձ, և հասարակական սեկտորը այն ոլորտն էր, որտեղ ուզում էի ինքնադրսևորվել»,– հիշում է նա։
Ամեն ինչ սկսվեց 2015 թ., երբ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությամբ Հայաստանի բոլոր մարզերում բացվեցին Քաղաքացիական երիտասարդական կենտրոններ։ Արփինեն ընտրվեց Իջևանի կենտրոնի համակարգող, և սկիզբ դրվեց մի ճանապարհի, որը հիմնովին փոխեց նրա աշխարհընկալումը:
«Կենտրոնները շատ հստակ տեսլական ունեին՝ կոչված էին մարզաբնակ երիտասարդների շրջանում զարգացնելու քաղաքացիական ակտիվությունը՝ համախմբելով նրանց հանրային շահի պաշտպանության գաղափարի շուրջ։ Իրականացնում էինք ամենատարբեր ծրագրեր՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերահսկողություն, հանրային միջոցներից օգտվող կառույցների մշտադիտարկում, երիտասարդներին օրենք ու իրավունք էինք սովորեցնում, դիտարկում ընտրությունները»,– հիշում է Արփինեն։
Հենց այդ հիմքի վրա էլ Արփինեն նախաձեռնեց առանձին հասարակական կազմակերպության ստեղծումը։ Անվան ընտրության համար էլ շատ հեռու չգնացին՝ «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն», քանի որ այդ անվանումով էին իրենց ճանաչում մարզում։ Հնգամյա պատմության ընթացքում կենտրոնը հեղինակություն ձեռք բերեց թափանցիկ և մասնակցային տեղական ինքնակառավարմանն աջակցելու գործունեության շնորհիվ։ Աշխատելով Տավուշում, Լոռիում և Շիրակում կազմակերպությունը փորձ կուտակեց համայնքային ռազմավարական ծրագրերի մշակման, մոնիթորինգների անցկացման, հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների արդյունավետության գնահատման, աշխատանքային իրավունքների պաշտպանության և ներհամայնքային տրանսպորտի կազմակերպման ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ կազմակերպության ջանքերով հարյուրավոր երիտասարդներ վերապատրաստվեցին՝ մեդիագրագիտության, հանրային կառավարման, գործարար հաղորդակցության և քաղաքացիական լրագրության բնագավառներում։
«Բայց, իհարկե, ամենակարևորը, հանրօգուտ աշխատանք կատարելու հնարավորությունն է։ Զգացողությունը, որ քո աշխատանքով առնվազն փորձում ես ինչ-որ կարևոր գործ անել հասարակության համար, շատ կարևոր է ինձ համար»,– նշում է Արփինեն՝ հավելելով՝ պակաս կարևոր չէ նաև այն, որ հասարակական սեկտորում գրեթե անհնար է լճանալը, որովհետև դաշտը փոքր է և շատ մրցունակ, ահա թե ինչու անընդհատ պետք է կրթվել՝ մյուսների հետ հավասար մեկնարկային պայմաններում լինելու համար։
«Հասարակական դաշտը զտում է ինքն իրեն, և վերջում մնում են միայն ամենամրցունակները։ Հիմա արդեն, տարիներ անց, ես հասկանում եմ, որ ինձ համար շատ արժեքավոր է նաև նույն գաղափարները, նույն արժեքները կրող մարդկանց հետ համախմբված լինելու գիտակցումը, զգացումը, որ դու քո երամի մեջ ես։ Այժմ, երբ զուգահեռներ եմ տանում ինքս ինձ հետ՝ մինչև այս ոլորտում հայտնվելը, հասկանում եմ, որ կյանքիս մի մեծ շրջան ապրել եմ որպես սպառող, իներտ եմ եղել, կյանքին շատ նեղ դիտանկյունից եմ նայել։ Մինչև հասարակական դաշտում հայտնվելը երկար տարիներ աշխատել եմ բազմաթիվ կազմակերպություններում՝ որպես վարձու աշխատող, որն ունի հստակ աշխատանքային գրաֆիկ, պարտականություններ, ֆիքսված արձակուրդ ու աշխատավարձ, այլ կերպ ասած՝ ամեն ինչ նորմավորված է, նախապես պլանավորած, ու շատերի համար սա, ինչու ոչ, հարմարավետության երանելի գոտի է։ Հասարակական դաշտը լրիվ այլ տրամաբանությամբ է աշխատում, և մարդիկ բոլորովին այլ հոգեբանություն ունեն: Կա լիքը աշխատանք, լիքը պատասխանատվություն, լիքը նվիրվածություն այն գործին, որով զբաղվում ես»,– ասում է Արփինեն։
«Մեր կազմակերպության հայտնվելը մարզում ոմանց համար շոկային թերապիայի էր նման, երբ ինչ-որ երիտասարդներ, հանկարծ, հայտնվել ու պահանջատիրական կեցվածքով խոսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, հանրային շահի ու համանման այլ բաների մասին։ Դիմադրությունը ուժեղ էր, իսկ ես ներքուստ հպարտ էի, որ կարևոր գործի եմ լծվել՝ անգամ, եթե շատերը դա չեն ընդունում կամ գնահատում»,– ասում է նա։
Արփինեի համար երկրորդ «խնդիրը» կին լինելն էր։ Մինչև հիմա էլ երբեմն զարմացած հայացքներ է որսում, երբ հայտնվում է վայրերում, որտեղ քչերն են ակնկալում կին տեսնել, կամ խոսում է թեմաներից, որ «կանացի» չեն համարվում՝ ընտրություններ, ցույցեր, ավագանու նիստեր:
«Դու չես տեղավորվում «լավ կնոջ» վերաբերյալ մարդկանց պատկերացումների շրջանակում, պետք եղած ժամանակ համառ ես, անզիջում։ Քեզ կարող են խտրականացնել ոչ միայն կին լինելուդ համար, այլև ընտանեկան կարգավիճակիդ՝ համարելով, որ եթե ամուսնացած չես, երեխա չունես, ուրեմն որևէ կերպ խարանված ես։ Սա հատկապես զգալի է փոքր համայնքներում։ Այս ամենի միջով ինքս էլ անցել եմ, բայց ժամանակի ընթացքում սովորեցի անտեսել նման վերաբերմունքը և անցնել առաջ։ Իրականում, ինձ հաճելի է հաղթահարել կարծրատիպերն ու սեփական օրինակով ցույց տալ, որ կյանքում ամեն ինչ միանշանակ չէ, ու սահմանափակումները, երբեմն, մեր երևակայության արդյունքն են ընդամենը»,– ասում է նա։
«Հայաստանում կանանց մեծ մասը ապրում է՝ այդպես էլ չիմանալով, թե ինչ մեծ պոտենցիալ ունի և, հետևաբար, ինչ դերակատարում կարող է ունենալ հասարակական գործընթացներում։ Կանանց հավասար ներգրավվածության արդյունքում մեզանում կպակասեն խարանները, կարծրատիպային մտածողությունը, աշխարհը «տղամարդացնելու» միտումները»,– համոզված է նա։
Նման պահերի Արփինեն երբեմն մտածում է ոլորտը թողնելու մասին, բայց միանգամից էլ հասկանում է, որ հենց այստեղ է կարող փոփոխություններ բերել:
Միևնույն ժամանակ նա զարմանալի չի համարում այն հանգամանքը, որ քաղաքացիական հասարակության ճնշող մեծամասնությունը հենց կանայք են։ Սա նշանակում է, որ նրանք ավելի համառ են, աշխատասեր, պրպտող, չհանձնվող։ Կանայք չեն վախենում դժվարություններից։
«Դեպքեր են լինում, երբ ինքս ինձ ասում եմ՝ այո, շատերը գուցե չհասկանան, թե ինչ ես անում, դժգոհեն, ընդդիմանան, բայց հաստատ կգտնվեն նաև մարդիկ, որ կգնահատեն ջանքերդ։ Եթե անգամ բարձրաձայն չարտահայտվեն, բայց, վստահաբար, կգնահատեն։ Իհարկե, ոլորտից դուրս գալը միշտ էլ հնարավոր տարբերակ է, բայց ես հրաժարվում եմ խաղալ ուրիշների խաղի կանոններով։ Ես իմ կանոններն ունեմ ու չեմ պատրաստվում շեղվել իմ ճանապարհից»,– ասում է նա։
«Գուցե զարմանալի թվա, բայց անգամ այն, որ ես ֆիքսված աշխատավարձ չեմ ստանում, այն, որ ինքս եմ ստեղծում իմ և մյուսների վարձատրության հնարավորությունները, ինձ դուր է գալիս։ Դա ևս ինքնահաստատման մի ձև է։ Ինձ ոլորտում մի պարզ, գուցեև աքսիոմատիկ գիտակցում է պահում․ եթե ես 100 տոկոսով նվիրվեմ որևէ գործի, այն անպայման հաջողելու է»,– ասում է նա։
Օրինակը հենց «Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի» գործունեությունն է։ Տարիների աշխատանքի շնորհիվ վերջապես դարձել է մի կազմակերպություն, որի հետ հաշվի են նստում համայնքային իշխանությունները՝ բյուջե քննարկելիս, ավագանու որոշումներ կայացնելիս, հաշվետվություններ ներկայացնելիս:
«Համոզված եմ, որ փոփոխությունները փոքր միավորներից են սկսվում, իսկ համայնքը շատ կարևոր օղակ է, որի զորեղացումը կբերի լուրջ փոփոխությունների ամբողջ երկրի համար։ Այդ զորեղացմանը կարող է մեծապես աջակցել հասարակական սեկտորը, եթե լինի համախմբված և վերջապես սկսի ընկալվել որպես միասնական դաշտ, որի հետ պետք է հաշվի նստել»,– ասում է Արփինե Երիցյանը։
Սոնա Մարտիրոսյան