Կիևից գնացքով մինչև Ուկրաինայի կողմից վերահսկվող Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաք 6 ժամ տևած ճանապարհ: Մեզ՝ այլ երկրների բնակիչներիս համար Ուկրաինայի հակամարտության տարածքի ուրվագծերը հստակորեն չեն զգացվում։ Շատերը, ովքեր լսում են այն մասին, որ լրագրողները գտնվում են Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, մտածում են, որ նրանք գտնվում են Ուկրաինայի օկուպացված տարածքում։ Դոնեցկ և Լուգանսկ քաղաքները և որոշ այլ քաղաքներ չեն գտնվում ուկրաինական իշխանությունների վերահսկողության տակ, սակայն այդ շրջաններից մի քանիսը դեռևս գտնվում են Ուկրաինայի կազմում։
Ամպամած, ձմեռային եղանակին Դոնեցկի և Լուգանսկի մարզերը թողնում են մռայլ տպավորություն, սարսափելի մի բանի սպասումներ են առաջանում։ Սակայն առանձնապես չեն հավատում, որ մոտ ապագայում ռազմական գործողություններկսկսվեն, չնայած այն բանին, որ հակառակ կողմում զինտեխնիկա է կուտակվում, իսկ ռազմական կոնտինգենտն ավելանում է, հակառակ կողմի պարզաբանմամբ՝ զորավարժությունների նպատակով։
Եվս 2 ժամ կա ճանապարհին։ Անցնելով Սլավյանսկի մոտով, որտեղ 2014 թվականին կատաղի մարտեր էին ընթանում, մենք շարժվում ենք դեպի Սեւերոդոնեցկ քաղաք։ Անցնում ենք գրեթե դատարկված գյուղերով, ծանր տպավորություն է մնում փայտե փակոցափեղկերով փակ լուսամուտների ու փակ դռների պատճառով։ Որքան մոտենում ենք շփման գծին, այնքան ուժեղ է վերահսկողությունը։ Եթե դուք տեղացի չեք կամ եթե չունեք թույլտվություն Ուկրաինայի Պաշտպանության նախարարության կողմից, ապա ձեզ թույլ չեն տա անցնել մուտք-ելքի անցակետը։
Այստեղ ամեն ինչ չէ, որ կարելի է նկարահանել, տարածքը ամենավտանգավորներից է, քանի որ հակառակորդի զորքերը մի կողմից՝ 700 մետր հեռավորության վրա են, մյուս կողմից՝ 1100 մետր հեռավորության։ Այն կողմում, ըստ Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների, գտնվում է 6-րդ մոտոհրաձգային ջոկը, որն անվանում են կազախական ջոկ, հրամանատարական կետը գտնվում է Կադիևկայում։ Այս զորքերի հիմնական ուղղությունը դեպի Պերվոմայսկ և Զոլոտե քաղաքներն է։
Այս հողը լի է ականներով, մեկ անզգույշ քայլը կարող է կյանքեր խլել։
Մյուս կողմում՝ Լուգանսկի մարզի հյուսիսային սահմանին ռուսական զորքերի կուտակումներ են նկատվում, այս մասին վկայում են Ուկրաինայի ՊՆ տվյալները։ «Պիվնիչ» օպերատիվ խմբի հրամանատար, գնդապետ Դմիտրի Կրասիլնիկովը պատմում է, որ ՌԴ զորամիավորումների գործողություններում լայնածավալ հարձակման սպառնալիք է զգացվում։
«Մոտ 100 000 անձնակազմ կա և մոտ 100 000 մարտավարական խմբերի գումարտակներ: Ուզում եմ նշել, որ դրանք ոչ միայն մարտավարական խմբերի գումարտակներն են, որոնք հիմնված են մեքենայացված տանկային ստորաբաժանումների վրա, այլ նաև հրետանի, հակաօդային պաշտպանության, հրթիռային զորքեր: Ի լրումն այս ամենի իրականացվում է առաջնային զորակետերի տեղաշրջում, հիմնականում՝ արևմտյան և հարավային ռազմական շրջանների ստորաբաժանումների: Բացի այդ, մեծացել է մարտական պատրաստվածության միջոցառման ինտենսիվությունը Դոնեցկի և Լուգանսկի մարզերի օկուպացված տարածքներում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գնդապետ Դմիտրի Կրասիլնիկովը։
Գնդապետ Կրասիլնիկովի խոսքով՝ անցյալ տարվա աշնան համեմատ հրադադարի ռեժիմի խախտումների թիվը նվազել է։
«Տարբերությունն աչքի էր ընկնում հատկապես հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին,երբ հակառակորդը լայնորեն կիրառում էր հրետանի, գնդակոծիչ անօդաչու թռչող սարքեր, որոնք ինքնաշեն պայթուցիկ նյութեր էին նետում, բայց և, համապատասխանաբար, շաբաթական հրադադարի խախտման 10 և 100 դեպք էր լինում։ Այսինքն՝ վիճակագրության համար, հունվարին մեզ մոտ արձանագրվել է զինյալների կողմից հրադադարի ռեժիմի 34 խախտում։ Սա 5-10 անգամ պակաս է, քան նախորդ տարվա վերջ էր։ (...) Փետրվար ամսվա ընթացքում՝ ամսի 10-ի դրությամբ, հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 3 անգամ։ Սա բավականին մեծ առաջխաղացում է մեր շրջանում իրավիճակի դեէսկալացիայի առումով։ Ուստի այս միտումը մեզ հույսով է լցնում, որ բանականությունը կհաղթի պատվախնդրությանը։ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրումն էլ կլուծվի զուտ դիվանագիտական ճանապարհով, բայց միևնույն ժամանակ մենք պատրաստվում ենք այլ սցենարների զարգացմանը»,- ասում է գնդապետ Կրասիլնիկովը։
Երբ խոսում ես նոր պատերազմի մասին, Ուկրաինայում պատասխանում են, որ պատերազմը չի էլ դադարել, ընթացքի մեջ է պատերազմի 8-րդ տարին։ Սակայն 2014 թվականի և 2022 թվականի ուկրաինական բանակները տարբերվում են։
«Ռուսաստանի Դաշնությունը ճնշող առավելություն ունի մեր զինված ուժերի նկատմամբ օդում և թեւավոր ու օպերատիվ-մարտավարական հրթիռներով զինավորման հարցում, ինչը թույլ կտա նրանց կրակային վնաս հասցնել այն տարածքներից ,որոնք մեզ համար անհասանելի կլինեն։Բայց հենց որ նրանց առաջնագծի առաջապահ ստորաբաժանումները հատեն պետական սահմանը կամ դրա շփման գիծը, այդ դեպքում որքան մենք մոտենանք, շփան գծում նրանց զորամասերի, ստորաբաժանումների հետ, այնքան մեզ ավելի քիչ կրակային վնաս կհասցվի նրանց հեռահար հրաձգային զինատեսակներից։ Ինչ վերաբերում է տանկերին, մարտական զրահամեքենաներին, հակատանկային համակարգերին, հրետանիներին, ապա այստեղ մենք սկզբունքորեն ունենք բացարձակ պարիտետ,իսկ հաշվի առնելով մի շարք լրացուցիչ գործոններ՝ մենք նույնիսկ առավելություն ունենք այս հարցում: Նախ, մենք ունենք բավականաչափ բարձր տեխնոլոգիական, կառավարվող հրթիռներ, որոնք թույլ են տալիս խոցել զրահատեխնիկան 5, 4, 3, 2, 1 կմ հեռավորության վրա ՝ կախված տարբեր համալիրներից։ Մենք ունենք զենիթահրթիռային համակարգեր, այդ թվում՝ մեր գործընկերների շնորհիվ, որոնցով կարող ենք խոցել ինքնաթիռներ, ուղղաթիռներ, որոնք կպահպանեն առաջնագծում գտնվող առաջապահ ստորաբաժանումներին»,- ասում է գնդապետը։
Գնդապետ Կրասիլնիկովի խոսքով՝ 8 տարում Ուկրաինայում հայտնվեց այն, ինչը չկար մինչև 2014 թվականը։ Իսկ առավելությունների հիմնական գործոնները գնդապետն անվանում է այն, որ նրանք պաշտպանում են իրենց հողը և այն, որ հարյուր հազարավոր երիտասարդ տղաներ արդեն ունեն մարտական փորձ՝ հրետանու, բազմակի արձակման հրթիռային համակարգերի և այլնի հետ վարվելու ուղղությամբ, ինչը, ըստ Կրասիլնիկովի, ՌԴ ԶՈՒ-ն ավելի քիչ քանակությամբ ունի:
Ուկրաինայի զինվորականները չեն բացառում պատերազմին հակառակ կողմից ներգրավված մասնավոր ռազմական ընկետությունների, ինչպիսիք են «Վագներ»-ը, քաղաքացիական բնակչության կամավորները, նախկին բանտարկյալները և Ռուսաստանի Դաշնության գործող զինծառայողները, ովքեր ըստ ցանկության կգրեն աշխատանքից ազատվելու մասին դիմումներ։ Ուկրաինայում նրանց անվանում են «արձակուրդավորներ», որոնք կգնան «Դոնբասում ռուսական աշխարհը պաշտպանելու»։ Կրասիլնիկովի խոսքով՝ նման «վարձկաններին» վճարվում է 3000-4000 ԱՄՆ դոլար։ Նրանց թվում կան բազմաթիվ նախկին բանտարկյալներ, որոնք դատապարտվել են, այդ թվում՝ ծանր հանցագործությունների համար։
«Մեր տղան 10 այդպիսի ընկեր արժե», - ասում է գնդապետ Կրասիլնիկովը:
Զինվորականները պատերազմի ևս մեկ ճակատ են համարում «տեղեկատվությունը», որը ծառայում է որպես սադրանք, որը տարատեսակ է և փոխանցվում է տարբեր ուղղություններով՝ մեկն Ուկրաինայի մնացյալ հատվածին, մյուսը՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչներին, իսկ բոլորովին այլ տեսակը՝ նրանց, ովքեր մնացել են անջատակցված տարածքներում։ Այսպիսով, տեղեկատվության օգնությամբ «ցինիկորեն ժողովուրդներից մեկը թշնամաբար է տրամադրվում մյուսի դեմ»։
«Արդեն որերորդ տարին անընդմեջ՝ կորոնավիրուսի դեմ պաշտպանական միջոցների քողի տակ թաքնվելով, օկուպացված տարածք տանող գրեթե բոլոր անցակետերը փակ են։ Բացվել է միայն մեկը, որն աշխատում է իր հնարավորություններից 5 անգամ ավելի քիչ ծանրաբեռնվածությամբ։ Դա արվում է նրա համար, որ մարդիկ չիմանան հավաստի տեղեկատվություն, չկարդան արտասահմանյան, ուկրաինացի լրագրողների գրվածներն, այլ բավարարվեն միայն այն քարոզչությամբ, ինչը տրամադրում են «Russia Today»-ը և Ռուսաստանի «Առաջին Ալիքը»։
Ուկրաինայի զինվորականները գիտեն, թե ովքեր են գտնվում շփման գծի այն կողմում: 8 տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության անմիջական աջակցությամբ ստեղծվել է 2 բանակային կորպուս։
«Լուգանսկի մարզի տարածքում է գտնվում 2-րդ բանակային կորպուսը։ Այն բաղկացած է 3 մոտոհրաձգային բրիգադից և 1 մոտոհրաձգային ջոկից։ Բանակային կորպուսը օպերատիվ ստորաբաժանում է։ Ե՛վ I, և՛ II բանակային կորպուսները Ռուսաստանի ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի 8-րդ զորաբանակի հրամանատարական օղակի մաս են կազմում։ 8-րդ բանակի շտաբը գտնվում է Ռոստովի մարզում»,- ասում է Պետրո Կրասիլնիկովը։
Վերջին շրջանում տարբեր հակամարտություններից բխող պատերազմները ցույց են տալիս նորագույն զենքերի արդյունավետությունը։
Ուկրաինան վերջերս
Թուրքիայից գնել էր «Բայրաքթարի» մարտական անօդաչու սարքեր, որոնք հիմնականում գործածվում է հետախուզության մեջ։ «Անցյալ տարվա աշնանից մենք գործածում ենք այստեղ՝ միացյալ ուժերի գործողության գոտում: Դրանք հիմնականում օգտագործում ենք հետախուզության համար: Մեկ անգամ գործածել ենք՝ հակառակորդին հարկադրելու դադարեցնել ծանր զինատեսակներից արձակվող կրակը։ Կիրառելն անհրաժեշտ էր։ Եվ դա արդյունավետ էր։ (...) Խնդիր էր դրվել օգտագործել հենց «Բայրաքթարը»՝ որպես թեթև կումուլյատիվ ռումբ (Կումուլյատիվ արկը նախատեսված է զրահավորված թիրախների (տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, զրահափոխադրիչներ և այլն), ինչպես նաև երկաթբետոնե ամրաշինական կառույցների ուղղությամբ կրակակոծելու համար խմբ.), որը շարքից դուրս է բերել հաուբիցը: Եվ երբ համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե ինչպես է այս ռումբն ընկնում կրակող հաուբիցի վրա, իսկ անձնակազմը (խմբ. սպասարկող անձնակազմը) ցրվում է տարբեր ուղղություններով, ապա կրկին ռուսական քարոզչությունը դա ներկայացրեց որպես «Բայրաքթարի» անարդյունավետ գործածում»,- ասում է Պետրո Կրասիլնիկովը։
Մինչ մնացյալ աշխարհը խուճապի է մատնված՝ սպասելով Երրորդ համաշխարհային պատերազմին, Ուկրաինայում վիճակը հանգիստ է։ Ինչպես ենՈւկրաինայի բնակիչները վերաբերվում ստեղծված իրավիճակին, Jnews-ը կներկայացնի իր հաջորդ հրապարակումներում: