View Static Version
Loading

«Ամենադժվարն այն է, երբ երեխաները ինչ-որ բան են ուզում, ու ես ասում եմ՝ չկա»․ Իսկանդարյանների նոր հույսերն ու նպատակները

Մանուշակ Սրապյանն ամեն օր տանից դուրս գալիս մտքում կրկնում է, որ ուժեղ է և նոր միայն գնում աշխատանքի։ 30-ամյա կինն արդեն երկու տարի է, ինչ միայնակ է հոգում երկու մանկահասակ երեխաների և տան ամբողջ հոգսը․

«Ամենադժվարն այն է, երբ երեխաները ինչ-որ բան են ուզում, ու ես ասում եմ՝ չկա։ Առաջ, երբ ամուսինս մեզ հետ էր, երեխաները ոչ մի բանի կարիք չէին ունենում, իսկ հիմա ահավոր ցավոտ է, կարծես հանցանք գործեմ իրենց առաջ»,– ասում է Մանուշակն ու հավելում՝ իր ուսերին են ընկած նաև ընտանիքի տարատեսակ վարկերն ու ֆինանսական այլ ծախսերը։

Ընտանիքի ամսական եկամուտը պետության կողմից Մանուշակին՝ որպես սպայի կին տրվող գումարն է և նրա փոքրիկ աշխատավարձը՝ վարսավիրանոցից։

Ծրագրի շրջանակներում ամիսներ առաջ մեկնարկել էր դասընթացների շարք, որին հնարավորություն ունեցան մասնակցելու պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանում ապաստանած ընտանիքները։ Դասընթացները հնարավորություն են տալիս մասնակիցներին սովորել նոր մասնագիտություն և առավել մրցունակ դառնալ աշխատաշուկայում։ Համայնքի սոցիալական աշխատողի կողմից իրականացված ընտանիքի կարիքների գնահատման և մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ զրույցներից և ուղղորդումներից հետո Մանուշակը դարձավ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ ծրագրի» շահառու:

Մանուշակն ասում է՝ սկզբում տատանվում էր, սակայն հարազատների հորդորով դիմեց և հիմա չի փոշմանում․

«Դեռ Սիսիանում եղած ժամանակ ուզում էի հոնքերի միկրոբլեյդինգ սովորել, բայց այնտեղ նման հնարավորություն չկար։ Եկա Երևան, երկու ամիս սովորեցի դիմահարդարման կենտրոններից մեկում, իսկ հիմա սպասում եմ, որ ծրագրի միջոցով միկրոբլեյդինգի սարքեր ստանամ ու սկսեմ սովորածս կիրառել»,- ասում է Մանուշակն ու հավելում՝ թեև Երևանը մեծ հնարավորություններ է տալիս աճի համար, բայց, միևնույն է, Սիսիանը շատ են կարոտում։
Մանուշակի դուստրը՝ 10-ամյա Մարիամ Իսկանդարյանը պատմում է՝ տանը՝ Սիսիանում, խելացի և «իմաստուն» ընկերուհիներ ուներ, որոնք իր կողքին էին, երբ տխրում էր, իսկ այստեղ ինքը մենակ է․
«Ես կարոտում եմ ընկերուհիներիս, բայց ամենաշատը Սառային, որովհետև ինքը միշտ այնպես էր անում, որ ես ուրախ լինեի։ Մեկ էլ իմ շախմատի ուսուցչին եմ կարոտում՝ ընկեր Մովսիսյանին․ ինքը շատ լավ էր շախմատ խաղում ու շատ լավն էր, իմ պապային էր նման»,- հիշում է Մարիամը։

Իսկանդարյանները, սակայն, միշտ չէ, որ ապրում էին կարոտով և այն դժվարություններով, որ հիմա են ստիպված կրել։ Ամեն ինչ փոխվեց 2020 թ․–ի սեպտեմբերի 27-ի առավոտյան։

«Ես և ամուսինս՝ Կարենը, այդ օրը հարսանիքի էինք հրավիրված, քավոր պիտի լինեինք։ 6։30 արթնացանք, որ սկսենք պատրաստվել, բայց ամուսնուս զանգ եկավ ու իմացանք, որ ռազմական գործողություններ են սկսվել։ Կարենը գնաց դիրքեր»,- հիշում է Մանուշակը։

Մանուշակի խոսքով՝ 35–ամյա Կարենին վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 7-ին, երբ եկել էր տուն՝ հագուստը փոխելու և կրկին դիրքեր գնալու համար։ Իսկ վերջին զանգը տուն եղել է հոկտեմբերի 14-ին։ Այդ օրվանից զանգերը լռել են․

«Այդ ընթացքում ամեն օր զանգում էր ու շատ կարճ խոսում էինք, բայց ամսի 14-ի առավոտյան, որ զանգեց, խոսքը ինձ մի տեսակ անսովոր թվաց։ Անջատել էի, բայց ինձ թվում էր, թե ինչ-որ բան չասեց, ինչ-որ բան կիսատ մնաց։ Մի րոպե էլ չխոսեցինք, շատ բան չհասցրի Կարենին ասել»։

Ընտանիքը սկսել է փնտրել Կարեն Իսկանդարյանին հոկտեմբերի 15-ից, երբ վերջինս կրկին չի պատասխանել զանգերին։ Մանուշակն ասում է՝ դիմել է ամեն տեղ, բայց ոչ մի տեղեկություն, ոչ մի արդյունք․․․

Որպես ռազմական գործողություններում անհետ կորածի կին՝ Մանուշակ Սրապյանի հետ սկսել է աշխատել ավագ սոցիալական աշխատող Լուսինե Հարությունյանը։ Նրա խոսքով՝ պատերազմի հետևանքները կրող ընտանիքների հետ աշխատանքը հեշտ չէ, բայց այսօր Մանուշակն ու նրա երեխաներն արդեն վերականգնման փուլում են։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագիրն իրագործում է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը՝ Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը գործում է 2017 թվականից՝ առանձնահատուկ նշանակություն տալով համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացմանը։

2017 թ․–ին համայնքներում աշխատում էին ընդամենը 8 համայնքային սոցիալական աշխատողներ։ Ծրագրի արդյունքում 2017-2022 թթ․-ին սոցիալական աշխատողների թիվը հասել է 91-ի, որոնք աշխատում են 86 համայնքներում, և 60 սոցիալական աշխատող Երևանի վարչական շրջաններում: Ընդհանուր՝ 150 սոցիալական աշխատող:

Իսկանդարյան ընտանիքը մոտ հինգ ամիս առաջ է Սիսիանից Երևան տեղափոխվել։ Մանուշակն ասում է՝ Սիսիանում է թողել ամեն ինչ՝ Կարենի հետ հիփոթեքով դժվարությամբ ձեռք բերված իրենց տունը, քույրերին, ծնողներին, ամուսնու ընտանիքին։ Երևանը հիշողություններից փախչելու և նոր կյանք սկսելու միջոց է։

Մանուշակն ասում է՝ թեև արդեն շատ դժվարություններ են մնացել անցյալում, այնուամենյնիվ, իր և երեխաների հոգում մի բաց և դատարկ տարածություն է մնացել, որ ոչ ոք և ոչինչ չի կարող լցնել։

«Կարենը շատ յուրահատուկ էր՝ հոգատար հայր, ամուսին, զինվորների համար էլ՝ լավ սպա, ավագ ընկեր։ Կարենից հետո այս բոլոր խնդիրների տակ մեկ–մեկ, իրոք, շատ դաժան է, բայց դիմանում եմ՝ հանուն Կարենի ու մեր երազանքների, հանուն երեխեքի»,- ասում է Մանուշակ Սրապյանը։
Նա հույս ունի, որ մի օր կունենա իր սեփական փոքրիկ գեղեցկության սրահը, իսկ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագիրը որոշ չափով կթեթևացնի իր հոգսն ու ընտանիքի համար առավել կայուն կյանքի սկիզբ կդառնա։

Ա․ Մարտիրոսյան

Այս նյութի պատրաստումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Այս նյութի բովանդակության համար պատասխանատու է միմիայն «Կանանց տեղեկատվական վերլուծական ցանց» ՀԿ–ն և պարտադիր չէ, որ արտահայտի Վորլդ Վիժն կազմակերպության և ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։
Created By
WomenNet am
Appreciate
NextPrevious